Պատմություն մարտի 13-23

Առցանց կրթության առաջադրանքներ

Տիգրան մեծ

Կատարման ժամկոտը՝ մարտ 13 — 23, 2020 թ.

Բլոգային Աշխատանք

Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Բլոգային աշխատանքները պետք է ներկայացվեն տեսադասերի և գրառումների միջոցով :

Հելլենականություն կամ հելլենիզմ

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը։

Հելլենիստական մշակույթ, հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։

«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուրիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝Պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։

Տիգրանակերտ մայրաքաղաքը

Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ, Տիգրանավան և այլ անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում՝ Ուտիքում, Արցախում (Տիգրանակերտ) և այլուր։

Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55) դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց։ Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։Տիգրան Մեծ

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնող ամբոխը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում։

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։

«Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն»

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: 

Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: 

Էրրատո թագուհի

Արտաշեսյան հարստության արքաները հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին, սակայն Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակներից ընդամենը կես դար անց Մեծ Հայքի թագավորությունը հայտնվեց քաղաքական խոր ճգնաժամի մեջ: Արտաշես Բ արքայից արքայի (մ.թ.ա. 34-20) դավադիր սպանությունից հետո, քանի որ հայոց զորեղ տիրակալը զավակ չուներ, Հռոմը որպես հայոց գահի թեկնածու Մեծ Հայք ուղարկեց նրա եղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի (մ.թ.ա. 55-34) որդուն՝ Տիգրան Գ արքայից արքային (մ.թ.ա. 20-8): Սակայն նա չարդարացրեց Հռոմի սպասելիքներն ու միանգամայն անկախ քաղաքականություն վարեց՝ երբեմն հակադրվելով նաև Հռոմի արևելյան քաղաքականությանը: Տիգրան Գ արքայից հետո հայոց գահն անցավ նրա որդուն՝ Տիգրան Դ արքային: Նա գահ բարձրացավ մ.թ.ա. 8 թվականին: Տիգրան Դ-ն զավակ չուներ, այդ իսկ պատճառով հայոց գահին տոհմի հաջորդականությունն ապահովելու համար իրեն գահակից հռչակեց քրոջը՝ Էրատոյին: Ժամանակակից տեսաբաններից ոմանք համարում են, որ Տիգրան Դ-ն և Էրատոն նաև ամուսիններ են եղել: Սա, ինչ խոսք, անհեթեթություն է: Նրանց ժամանակակից գրեթե բոլոր պատմիչները նշում են Տիգրանի և Էրատոյի քույր ու եղբայր լինելու փաստը, բայց չկա գեթ մեկը, որ նշի, թե Էրատոն նաև Տիգրանի կինն է եղել: Գահ բարձրանալով՝ Տիգրան Դ արքան շարունակեց իր հոր քաղաքական կուրսը և որդեգրեց Հռոմից անկախ քաղաքականություն՝ ընդդիմանալով կայսրության զավթողական քաղաքականությանն Արևելքում: Սակայն Հռոմեական կայսրությունն այլ հաշիվներ ուներ Արևելքում: Հռոմին անհրաժեշտ էր հպատակեցնել Մեծ Հայքի թագավորությունը, որպեսզի իրեն թիկունքից ամուր զգա՝ ծնկի բերելու նաև Պարթևստանն ու ողջ Արևելքը: Այլ կերպ ասած՝ Հռոմի արևելյան քաղաքականության հաջողությունը մեծապես կախված էր հենց Մեծ Հայքի թագավորության կարգավիճակից: Տիգրան Դ արքայի հակահռոմեական դիրքորոշումն արտահայտված է նաև նրա հատած դրամներում, Մեծ Հայքի արքայից արքան պատկերված է պարթևական ոճով՝ երկար ու խիտ մորուքով: Եվ ահա, մ.թ.ա. 5 թվականին Օգոստոս Օկտավիանոս կայսեր հրամանով հռոմեական մեծ բանակը, Ասորիքի կառավարիչ և զորավար Կվինտոիլիոս Վարոսի հրամանատարությամբ, արշավեց Մեծ Հայք: Հռոմեացիները կարողացան գրավել հայոց թագավորության տարածքն ու Արտաշատ մայրաքաղաքը, գահազուրկ հռչակել Տիգրան Դ արքային և Էրատո թագուհուն՝ նրանց փոխարեն գահ բարձրացնելով արքայի հորեղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի կրտսեր որդուն՝ Արտավազդ Երրորդին (մ.թ.ա. 5-2), որը մ.թ.ա. 34 թվականից գերի էր Հռոմում և այնտեղ էր հասակ առել՝ յուրացնելով հռոմեական բարքերը, սովորույթները, բոլորովին օտարացած էր հայրենի միջավայրից ու հայությունից: Տիգրան Դ-ն և Էրատոն խույս տվեցին Պարթևստան: Մինչ այդ Հռոմը նույն նպատակով հայոց գահին բազմեցրել էր Արտավազդ Բ արքայի մյուս որդուն՝ Տիգրան Դ-ին և Էրատոյի հորը՝ Տիգրան Գ արքային, սակայն Հայք վերադառնալով և գահին բազմելով՝ Տիգրան Գ-ն կտրուկ փոխել էր Մեծ Հայքի քաղաքական կուրսն ու վարել ինքնուրույն քաղաքականություն: Սակայն այս անգամ Հռոմեական կայսրության ակնկալիքներն արդարացան: Հռոմում հասակ առած Արտավազդ Գ հիրավի դարձավ հռոմեական դրածո հայոց գահին և ըստ այդմ վարում էր ապազգային քաղաքականություն՝ Մեծ Հայքի թագավորությունը դարձնելով հռոմեական լծի տակ գտնվող պետություն: Սակայն սա չհանդուրժեց հայոց ավագանին, որ ապստամբեց Արտավազդ Գ արքայի դեմ, նրան գահազուրկ հայտարարեց և կրկին գահ բարձրացրեց Տիգրան Դ-ին և Էրատո թագուհուն: Իսկ Արտավազդ Գ-ն տարագրության մեջ մահացավ: «Հետո Օգոստոսի հրամանով իշխանությունը հայերի վրա ստացավ Արտավազդը,- այս առթիվ հաղորդում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը, — որը կարճ ժամանակ անց նրանց (հայերի) կողմից գահընկեց արվեց ոչ առանց մեր (հռոմեացիների) վնասի»։ Տիգրան Դ-ի և Էրատոյի՝ հայոց գահին վերահաստատվելու խնդրում գործուն աջակցություն ցուցաբերեց նաև պարթևաց արքա Հրահատ Ե-ն: Հռոմը ստիպված էր հաշտվել իրավիճակի հետ: Օգոստոս Օկտավիանոս կայսրը հայոց արքային հրավիրում է Ասորիք, որպեսզի նա բանակցություններ վարի հռոմեական արևելյան զորքերի հրամանատար Գայոս Կեսարի հետ: Տիգրան Դ-ն իր հերթին, հաշվի նստելով հռոմեական սպառնալիքի հետ, փոխեց իր քաղաքականությունն ու փորձեց Հռոմի հետ հաստատել բարեկամական հարաբերություններ: Իր գահակալման երկրորդ շրջանում Տիգրանը դրամներ հատեց արդեն հռոմեական ոճով. դրամի մի երեսին պատկերված էր հայոց արքան՝ սափրված, Արտաշեսյան թագով, իսկ դրամի հակառակ կողմում Էրատո թագուհին էր՝ առանց թագի: Դրամների վրա արձանագրված են՝ «Արքայից արքա Տիգրան», իսկ մյուս կողմում՝ «Էրատո՝ Տիգրանի քույրը»: Հայոց արքան պատրաստակամ էր Ասորիք այցելել, սակայն այցը հետաձգեց, քանզի Մեծ Հայքին հյուսիսից սպառնացին կովկասյան լեռնականները, որ ասպատակեցին Քուռ գետի հովիտը: Տիգրան Դ-ն անձամբ առաջնորդեց հայոց բանակը լեռնականների դեմ: Հաղթական պատերազմում, սակայն, Տիգրան Դ-ն զոհվեց, և Մեծ Հայքի գահն անցավ նրա քրոջը՝ Էրատո թագուհուն, որ միառժամանակ միանձնյա գահակալեց: Սակայն եղբոր զոհվելուց հետո Էրատոն երկար չգահակալեց: Նա հրաժարվեց գահից: Ցավոք, հայոց ավագանին կամք, վճռականություն և միասնություն հանդես չբերեց՝ հայոց թափուր գահին բազմեցնելու որևէ արժանավոր հայ իշխանի: Հռոմեական բանակը կրկին գրավեց Մեծ Հայքի թագավորությունը, և հռոմեացիները հայոց գահին նստեցրին իրենց դրածոյին՝ Հրեաստանի թագավոր Հերովդես Ա Մեծի թոռանը՝ Տիգրան Ե-ին (1-6), որ մոր կողմից հայ էր և Արտաշեսյան: Սակայն Տիգրան Ե-ն Հռոմի կամակատարն էր ու ամենևին չէր պաշտպանում հայության ազգային շահերը: Եվ հայությունը մի քանի տարի անց դարձյալ ընդվզեց: Հայոց ավագանին ապստամբեց, գահազուրկ հայտարարեց հռոմեական դրածոյին և արտաքսեց երկրից: 6 թվականին հայոց ավագանին կրկին գահ բարձրացրեց Էրատո թագուհուն: Սակայն հայոց թագուհու վերջին գահակալությունը միայն մի քանի տարի տևեց: 12 թվականին հռոմեական զորքը դարձյալ ներխուժեց Մեծ Հայք և գահազրկեց Էրատոյին: Արտաշեսյան թագավորությունը կործանվեց: Վերջին Արտաշեսյանից՝ Էրատո թագուհուց անմիջապես հետո Հայոց գահին բազմեց Վոնոն Արշակունին: Հայոց երկրում սկսվում էր Արշակունիների դարաշրջանը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s