Մարկ Շագալ

Մարկ Շագալ հուլիսի 6, 1887, Լիոզնա, Orsha County, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 28, 1985, Սեն Պոլ դը Վանս), ֆրանսիացի նկարիչ։ Ազգությամբ հրեա։
Կենսագրություն
Մարկ Շագալ
1907-1909 թվականներին սովորել է Պետերբուրգում։ 1910-1914 թվականներին ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցությունը, մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914-1922 թվականներին Շագալը Ռուսաստանում էր, 1917 թվականից՝ Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար։ 1922-1923 թվականներին արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ Մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։ Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ («Ես և գյուղը», 1911, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Նյու Յորք)։ Շագալը նկարազարդել է Գոգոլի «Մեռած հոգիները» (օֆորտ, 1923-1927), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-1936)։ Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ Ստրավինսկու «Հազարան բլբուլ» բալետի ձևավորումը (1944-1945), Մեցի տաճարի վիտրաժների էսքիզները (1958)։
1973 թվականին, իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ԽՍՀՄ։ Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ստեղծագործություններից
1907–1909 թվականներին Շագալը Սանկտ Պետերբուրգում աշակերտել է հայտնի բեմանկարիչ Լեոն Բակստին, ստեղծել «Ննջեցյալ» (1908 թվական), «Սև ձեռնոցներով հարսնացուն» (1909 թվական) նկարները։ 1910–14 թվականներին Փարիզում մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոնների ցուցահանդեսներին, շփվել ավանգարդիստ արվեստագետների հետ, կատարելագործել է իր ինքնատիպ գեղարվեստական տեխնիկան, ստեղծել «Ես և գյուղը» (1911 թվական), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուսն էլ՝ 1912 թվական) և այլ գործեր։
1914 թվականին Բեռլինում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, արժանացել մեծ ճանաչման։ Նույն թվականին Շագալը Վիտեբսկում կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել թանգարան, իսկ 1917 թվականից ղեկավարել է Վիտեբսկի արվեստի դպրոցը։ Այս շրջանի լավագույն գործերից են «Րաբբին Վիտեբսկից» (1914 թվական), «Կրկնակի դիմանկար՝ մեկ բաժակ գինով» (1917 թվական), «Ծննդյան օրը» (1913-1923 թվականներ) և այլն։
Հայտնի նկարներ


Շնորհակալություն