Կիլիկյան Հայաստանի թագավորներ և թագուհիներ

Լևոն Ա Ռուբինյան

Լևոն Ա Ռուբինյան, (11-րդ դար — փետրվարի 14, 1140, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան (1129-1137)։ Կոստանդին Ա–ի որդին, Ռուբինյանների իշխանական տոհմից։

Կենսագրություն

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Լևոն Բ

Լևոն Բ (1150, Կիլիկիայի Հայկական Թագավորություն — մայիսի 2, 1219, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայոց թագավոր 1198 թվականի հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։

Leo II of Armenia.jpg

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։

Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։

Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ըստ որում, Ռայմոնդի գահը կժառանգվի Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։

Թագավոր

1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։

Արդյունք

Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s