Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ:

XII դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»:
Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ:«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը:

Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է:1908-ին «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը:Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներ Երևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանը:ՀՀ-ում սահմանվել է Մխիթար Հերացու մեդալ: