Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ: XIX դարից սկսվել է սոցիալ-տնտեսական հարցերի ուսումնասիրությունը, և պատմագիտությունը դարձել է հասարակության կյանքը հետազոտող գիտություն: Նրա գլխավոր խնդիրներից է հասարակության ստույգ պատմության ուսումնասիրությունը՝ իր հաջորդականության մեջ:

Սիեմոն Ա Երևանցի /1710-1780 թվ․/
Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքն արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա. դրանց հավաքումը, համակարգումը, համադրումը և վերլուծությունը պատմագիտության հիմքն է: Դեռևս Հին Արևելքի և անտիկ աշխարհի պատմաբանները պատմական իրադարձությունները նկարագրելիս հիմնականում պահպանել են ժամանակագրական հաջորդականությունը: Այդ հանգամանքը խիստ կարևորել է նաև Մովսես Խորենացին (V դար):Պատմական գիտության ձևավորմանն էականորեն նպաստել են անտիկ պատմիչներ Հերոդոտոսի, Թուկիդիտեսի, Պոլիբիոսի, Տակիտոսի, Պլուտարքոսի, Ապիանոսի և ուրիշների աշխատությունները, որոնք պատմական դեպքերի ու փաստերի քննական ուսումնասիրության առաջին փորձերն են:

Գարագաշյան Անտոն /1818-1903 թվ․/
Ժամանակակից պատմագիտությունն առանձին բաժինների ու ճյուղերի, օժանդակ և հատուկ պատմական գիտակարգերի ու գիտությունների հանրագումար է: Դրանցից են աղբյուրագիտությունը, հնագրությունը, հնագրագիտությունը, դիվանագիտությունը, դրամագիտությունը, ժամանակագրությունը, կնքագիտությունը, տարեգրությունը, վարքագրությունը, վիմագրությունը և այլն: Պատմագիտության անխզելի մաս են կազմում հատուկ պատմական գիտություններ հնագիտությունը, ազգագրությունը և պատմական աշխարհագրությունը: Պատմագիտության պատմությամբ զբաղվում է պատմագրությունը, որը նաև որոշակի թեմայի կամ պատմաշրջանի վերաբերող պատմագիտական հետազոտությունների ամբողջություն է:Հայ պատմագիտության պատմությունն սկզբնավորվել է V դարում՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու երկերով:VI–VIII դարերի գործերից արժեքավոր են Սեբեոսի «Պատմությունը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի», Ղևոնդի «Պատմությունը» և այլ երկեր:Հայ պատմագրությունը նոր վերելք է ապրել IX դարի վերջից. շարունակվել են հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները: Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսը դատապարտել է կենտրոնախույս ուժերին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը: Թովմա Արծրունին և նրա պատմությունը շարունակող Անանուն պատմիչը գրել են Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դրասխուրանցին՝ Արցախի և Ուտիքի պատմությունները:

Գաթըրճյան Հովսեփ /1820-1882 թվ․/
Բագրատունյաց թագավորության հզորացման ժամանակաշրջանում (X դարի կես – XI դարի 1-ին քառորդ) հայ պատմագիրներն անդրադարձել են նաև հարևան երկրների պատմությանը՝ ստեղծելով «տիեզերական» պատմություններ: Պատմագրության այս ուղղության ներկայացուցիչները Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ, X դարի I կես – XI դարի II կես) և Վարդան Արևելցին (XIII դար) են: Արիստակես Լաստիվերցին (XI դար) իր «Պատմությունը» գրել է սելջուկ-թյուրքերի ավերիչ արշավանքների ժամանակ: XII դարում տարածվել է ժամանակագրության ժանրը (Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Անեցու, Մխիթար Անեցու և ուրիշների երկերը): XII դարի վերջին և XIII դարի սկզբին պատմագրության մեջ ձևավորվել է նոր դպրոց, որի հիմնադիր Վանական Վարդապետի «Պատմությունը» (չի պահպանվել) մեծ ազդեցություն է թողել նրա հաջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու երկերի վրա: Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» գործը շարադրված է վավերագրական աղբյուրների հմուտ օգտագործմամբ: Կիլիկյան Հայաստանի պատմագրության ակնառու ներկայացուցիչներից են Սմբատ Սպարապետը (XIII դար) և Հեթում պատմիչը (XIII–XIV դարեր): Վերջինիս «Պատմություն թաթարաց» երկը (տրված է Ասիայի 14 երկրների պատմաաշխարհագրական նկարագրությունը) միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես արևելյան երկրների աշխարհագրության, տնտեսական և քաղաքական կյանքի տեղեկատու:XIV–XVI դարերի պատմագրությունը ներկայացված է հիմնականում մանր ժամանակագրություններով (բացառությամբ Թովմա Մեծոփեցու «Պատմություն Լանկ-Թամուրա և հաջորդաց յուրոց» երկի):XVII–XVIII դարերի պատմագիրներ են Գրիգոր Դարանաղցին, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբրահամ Գ Կրետացին, Խաչատուր Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին, Երեմիա Քյոմուրճյանը, Ստեփանոս Շահումյանը, Եսայի Հասան-Ջալալյանը, Աբրահամ Երևանցին:

Եզյան /Եզով/ Կարապետ /1835-1905 թվ․/
XIX դարի հայ պատմագրությանը բնորոշ են նաև օրագրությունը և ուղեգրությունը: 1874–76 թթ-ին հրատարակվել է Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց…» եռահատոր աշխատությունը: Արժեքավոր են նաև Ղուկաս Ինճիճյանի, Հովսեփ Գաթըրճյանի և Մխիթարյան մյուս միաբանների պատմական երկերը:XIX դարի հայ պատմագրության զարգացման մեջ մեծ դեր են ունեցել Մկրտիչ Էմինը, Մսեր Մսերյանը, Քերովբե Պատկանյանը, Կարապետ Եզյանը: Մեծարժեք աշխատություններ է գրել Ղևոնդ Ալիշանը:

Երիցյան Ալեքսանդր /1841-1902 թվ․/
Այնուհետև հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը շարադրել են Ստեփան Պալասանյանը, Անտոն Գարագաշյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան): Հայ եկեղեցու պատմությանն են վերաբերում Մաղաքիա Օրմանյանի, Ալեքսանդր Երիցյանի, գյուղացիության կենցաղի բարքերին՝ Սողոմոն Եղիազարովի աշխատությունները: Նիկողայոս Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» երկում առաջինն է քննել նախարարական Հայաստանի հասարակական կարգը:1920–30-ական թվականներին հայ ժողովրդի ծագումնաբանության հարցերը քննելիս հեղինակները տուրք են տվել գաղթերի տեսությանը: 1950-ական թվականներին գիտնականները (Սուրեն Երեմյան, Իգոր Դյակոնով) հայ ժողովրդի ծագումը դիտել են որպես տևական և բարդ գործընթաց: 1980-ական թվականներին մի շարք ուսումնասիրողներ (Թամազ Գամկրելիձե, Վյաչեսլավ Իվանով) հիմնավորել են, որ հնդեվրոպական հանրության նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու հարակից շրջաններն են:1930–40-ական թվականներին Հակոբ Մանանդյանը, Խաչիկ Սամուելյանը և ուրիշներ մերժել են Հայաստանում ստրկատիրական հասարակակարգի առկայությունը: Հետագա ուսումնասիրողների (Ս. Երեմյան, Գագիկ Սարգսյան) կարծիքով՝ Հայաստանում եղել է ստրկատիրական հասարակարգ. բացահայտել են դրա առանձնահատկությունները և հելլենիստական բնույթը: Լուսաբանվել է հայկական առաջին պետական կազմավորումների պատմությունը (Հ. Մանանդյան, Անահիտ Փերիխանյան, Գ. Սարգսյան, Գևորգ Տիրացյան, Սիմոն Կրկյաշարյան, Հրանտ Արմեն, Ռուբեն Մանասերյան):Ուսումնասիրվել են ավատատիրական տնտեսության հիմնական գծերը, քաղաքների, առևտրի և արհեստների դերը, գյուղական համայնքը, հողատիրության ձևերը և այլն (Բաբկեն Առաքելյան, Բաբկեն Հարությունյան, Լևոն Բաբայան և ուրիշներ): Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների պատմությանն են վերաբերում Աշոտ Հովհաննիսյանի, Հրաչ Բարթիկյանի աշխատությունները: Մի շարք ուսումնասիրողներ (Թադևոս Ավդալբեկյան, Հակոբ Անասյան, Մանվել Զուլալյան, Հարություն Քյուրդյան, Բագրատ Ուլուբաբյան, Արամ Տեր-Ղևոնդյան և ուրիշներ) հետազոտել են Հայաստանում արաբական, սելջուկյան, մոնղոլական տիրապետության ժամանկաշրջանի, XV–XVIII դարերի, XVIII դարի առանձին իշխանությունների, Հայոց Արևելից կողմանց ազատագրական պայքարի պատմությունը: Հայաստանի հին և միջնադարյան մշակույթին վերաբերող ուսումնասիրություններում ցույց են տրված հայ փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության նվաճումները V–VII դարերում (Կամիլլա Տրևեր, «Հին Հայաստանի մշակույթի պատմության ուրվագծեր», 1953 թ., ռուսերեն, Բ. Առաքելյան, «Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության», 1976 թ.):Հայաստանի նոր պատմության առանցքային խնդիրները եղել են հայ-ռուսական հարաբերությունները (Ա. Հովհաննիսյան, Աշոտ Աբրահամյան, Վալտեր Դիլոյան և ուրիշներ):
XVIII դարի 2-րդ կեսի ազատագրական շարժումը և հայ-ռուսական հարաբերություններն ուսումնասիրել է Աբգար Հովհաննիսյանը («Հովսեփ Էմին», 1945 թ., ռուսերեն, «Անդրկովկասի միացումը Ռուսաստանին և միջազգային հարաբերությունները XIX դարասկզբին», 1958 թ., ռուսերեն): Արևելյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին են նվիրված Մկրտիչ Ներսիսյանի, Վարդան Պարսամյանի, Ծատուր Աղայանի, Գալուստ Գալոյանի, Զավեն Գրիգորյանի, Վահան Ռշտունու, Թադևոս Հակոբյանի աշխատությունները:XIX դարի 2-րդ կեսի հայ հասարակական հոսանքները լուսաբանել են Վ. Ռշտունին, Ազատ Համբարյանը և ուրիշներ, իսկ Հայաստանում մարքսիզմի տարածման, նարոդնիկական և առաջին բանվորական սոցիալ-դեմոկրատական խմբակների ու կազմակերպությունների գործունեության հարցերը՝ Մ. Ներսիսյանը, Խիկար Բարսեղյանը և ուրիշներ:Հետազոտվել են հայ ժողովրդի ազատագրական պայքարի հիմնական փուլերը (Մ. Ներսիսյան, Երվանդ Սարգսյան, Ա. Համբարյան և ուրիշներ), Արևմտյան Հայաստանի նահանգների պատմական ժողովրդագրությունը, ագրարային հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, հայ բնակչության իրավական ու քաղաքական դրությունը, Հայկական հարցի նկատմամբ եվրոպական տերությունների և հայ հասարակայնության վերաբերմունքը (Աշոտ Մելքոնյան, Ջոն Կիրակոսյան, Արման Կիրակոսյան, Ծ. Աղայան): Ուսումնասիրվել են Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ու Կովկասյան ռազմաճակատի մարտական գործողությունների ընթացքը և հայ կամավորական ջոկատների մասնակցությունը (Աշոտ Հարությունյան), Հայաստանի ընդհանուր իրավիճակի խնդիրները (Ե. Սարգսյան, Մակիչ Արզումանյան և ուրիշներ), 1920 թ-ին Հայաստանի տարածքային բաժանման հարցերը (Լենդրուշ Խուրշուդյան):Մեծ եղեռնի՝ հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ եվրոպական տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքի հարցերին անդրադարձել են Մ. Ներսիսյանը, Մ. Արզումանյանը, Ջ. Կիրակոսյանը, Արամայիս Մնացականյանը, Ռուբեն Սահակյանը, Վարդգես Միքայելյանը, Ա. Կիրակոսյանը, Վահագն Տատրյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Արտեմ Օհանջանյանը և ուրիշներ: 1966 թ-ին Մ. Ներսիսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ժողովածուն (ռուսերեն, 2-րդ լրացված հրատարակությունը, 1982 թ-ին, 1991 թ.՝ հայերեն):1950-ական թվականներից հրատարակվել են աշխատություններ՝ նվիրված հայկական գաղթավայրերի պատմությանը (Վլադիմիր Բարխուդարյան, Վ. Միքայելյան, Ա. Աբրահամյան, Վահան Բայբուրդյան, Պողոս-Լևոն Զեքիյան և ուրիշներ):

Երեմյան Սուրեն -1908-1992 թվ․/
Խորհրդային պատմագիտության մեջ կարևոր են Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի և հեղափոխական շարժման խնդիրները (Ա. Հովհաննիսյան, Արտաշես Կարինյան, 1950-ական թվականներից՝ Գևորգ Ղարիբջանյան, Ծ. Աղայան, Գ. Գալոյան և ուրիշներ), հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–45 թթ., Ա. Մնացականյան, Տիգրան Դրամբյան, Կլիմենտ Հարությունյան, Սեգվարդ Խարմանդարյան և ուրիշներ):Մշակույթի պատմությունը ներկայացված է Խորհրդային Հայաստանում մշակութային հեղափոխության (Կոստանդին Խուդավերդյան), հայ խորհրդային մտավորականության ձևավորման (Ալեքսանդր Գրիգորյանց), գիտության, լուսավորության, մամուլի (Լյուդվիգ Ղարիբջանյան, Հարություն Ֆելեքյան և ուրիշներ), մշակութային կապերի (Ա. Շահինյան, Կ. Խուդավերդյան) վերաբերյալ աշխատություններով:

Ներսիսյան Մկրտիչ /1910-1999 թվ,/
Որոշակի աշխատանք է կատարվել ժամանակակից Սփյուռքի սոցիալ-տնտեսական ու հասարակական կյանքի, Սփյուռքում հայկական կազմակերպությունների, հայրենադարձության պատմության ուսումնասիրության ուղղությամբ (Լ. Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Հովիկ Մելիքսեթյան, Կարլեն Դալլաքյան, Էդուարդ Մելքոնյան և ուրիշներ): Վրացագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է Պարույր Մուրադյանը:Հայ պատմաբանները (Մ. Զուլալյան, Ե. Սարգսյան, Ռ. Սահակյան) բացահայտել են թուրքական արդի պատմագրության՝ հայոց պատմության նենգափոխումները: Ստեղծվել են ընդհանրացնող աշխատություններ՝ «Հայ ժողովրդի պատմություն» (բուհական դասագիրք, 4 հատորով, 1963–70 թթ.), «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1972 թ.), «Հայ ժողովրդի պատմություն» (8 հատոր, 1967–84 թթ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1986 թ.):1980-ական թվականների վերջերից պատմաբանների ուշադրության կենտրոնում Ղարաբաղի հիմնահարցն է: Ուսումնասիրվել են երկրամասի անցյալի իրադարձությունները, Խորհրդային Ադրբեջանի կազմում նրա տնտեսական, իրավաքաղաքական վիճակը, անկախության հասնելու դիվանագիտական պայքարի ընթացքը և այլն (Բ. Ուլուբաբյան, Յուրի Բարսեղով, Ռոնալդ Սյունի և ուրիշներ):Խորհրդային կարգերի փլուզումից հետո հայ պատմագրության առաջ ծառացել է հայոց պատմական ժառանգությունը համակողմանի արժևորելու՝ պատմական իրականությունը ճշմարտացի ներկայացնող գիտական աշխատություններ ստեղծելու խնդիրը:

Առաքելյան Բաբկեն /1912-2004 թվ․/
Պարզաբանվել են բարդ ու խճողված իրադարձություններով հարուստ 1917–23 թթ-ի Հայաստանի ներքին կացության և արտաքին քաղաքական իրավիճակի հիմնախնդիրները (Գ. Գալոյան, Հ. Սիմոնյան, Հրանտ Ավետիսյան, Արամ Սիմոնյան, Էդիկ Զոհրաբյան, Վ. Միքայելյան և ուրիշներ): Հրատարակվել են Լեռնային Ղարաբաղի և ՀՀ փաստաթղթերի ու օրենքների ժողովածուները (Վ. Միքայելյան, Գ. Գալոյան, Վլադիմիր Ղազախեցյան և ուրիշներ):Ջավախքի պատմության վերաբերյալ արժեքավոր աշխատություններ է գրել Ա. Մելքոնյանը («Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին», 2003 թ., և այլն):