Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը (Օտոմանյան կայսրություն) սուլթանական 

Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Կազմավորվել է XV–XVI դարերում՝ 

Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում թուրք-օսմանների նվաճած տարածքներում: 

Փլուզվել է 1918 թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.) պարտվելուց հետո: 

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա: Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281–1324 թթ.), 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից: Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ: Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը (1324–59 թթ.), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թ.) Անկարա քաղաքը:

Օրհանին հաջորդել է Մուրադ I-ը (1359–89 թթ.), ապա՝ Բայազետ I-ը (1389–1403 թթ.): Նրանց իշխանությունը տարածվել է ողջ Փոքր Ասիայում՝ մինչև Սվազ (Սեբաստիա), Կեսարիա և Եփրատի վերին հոսանք:

XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ-ին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը (թուրքերեն՝ Էդիրնե) և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան (արաբերեն է. նշանակում է իշխան, տիրակալ) տիտղոսը: 1393 թ-ին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը: 1389 թ-ին Մուրադ I-ը մեծ զորաբանակով ներխուժել է Սերբիա: Կոսովոյի ճակատամարտում սերբ զինվոր Միլոշ Օբիլիչը հասել է սուլթանի վրանին և սպանել նրան: Օսմանյան զորքերում խառնաշփոթ է սկսվել: Սակայն սուլթանի որդին համալրված զորքերի օգնությամբ ջախջախել է հակառակորդին: Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին:

Թուրք-օսմանյան վտանգը կանխելու նպատակով Հունգարիայի թագավոր Սիգիզմունդը կազմակերպել է խաչակրաց արշավանք: Սակայն 1396 թ-ին Բուլղարիայի Նիկոպոլիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակիցները (եվրոպական երկրների ասպետներ) դաժան պարտություն են կրել թվով 2 անգամ ավելի օսմանյան բանակից: Իր մեծ հաջողությունների համար Բայազետ I սուլթանն ստացել է «Յըլդըրըմ» («Կայծակնային») մականունը: Նա ներխուժել է Հունաստան և Կոստանդնուպոլիսը գրավելու անհաջող փորձեր արել:

Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան: Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է Բայազետ (այժմ՝ Դողուբայազետ): Փոքր Հայքում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, 1395–96 թթ-ին՝ Մալաթիան, թափանցել են Մեծ Հայքի սահմանները, 1397–98 թթ-ին մտել Կամախ, Երզնկա: 1402 թ-ի հուլիսին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել Լենկթեմուրից (Կաղ Թեմուր), գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել: Բայազետ I-ի գահակալած որդին՝ Մեհմեդ I-ը (1413–21 թթ.), միավորվել է Լենկթեմուրի՝ բեյլիքությունների բաժանած օսմանյան տիրույթները, ճնշել ժողովրդական ընդվզումները: Մուրադ II-ը (1421–51 թթ.) ամրապնդել է դեռևս 1361 թ-ին ստեղծված նոր հետևակը, որը կոչվել է ենիչերի (թուրքերեն է. նշանակում է նոր զորք):

Մեհմեդ II-ը (1451–1481 թթ.), որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, 1453 թ-ի մայիսի 29-ին գրավել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այն դարձրել է տերության մայրաքաղաքը և վերանվանել Ստամբուլ, իսկ Սբ Սոֆիայի տաճարը վերափոխել է մզկիթի՝ Այա Սոֆիա անվանումով: Կոստանդնուպոլսի անկումը նաև բյուզանդական քաղաքակրթության անկումն էր: 1459 թ-ին վերջնականապես հպատակվել է Սերբիան. 200 հզ. սերբերի տարել են ստրկության, իսկ նրանց տեղը բնակեցրել մահմեդականներով: 1460 թ-ին հպատակվել է Մորեան, 3 տարի անց՝ Բոսնիան: 1476 թ-ին Վալախիան (Վալաքիա) դարձել է կախյալ իշխանություն: 

Օսմանյան կայսրությանը լուրջ դիմադրություն է ցույց տվել նաև Վենետիկի հանրապետությունը. պատերազմն ընդհատումներով շարունակվել է 16 տարի (1463–79 թթ.): Պարտված Վենետիկը թշնամուն է զիջել Էգեյան ծովի կղզիները՝ բացի Կրետեից և Կորֆուից, Բալկանյան որոշ տիրույթներ:

1461 թ-ին օսմանները գրավել են Տրապիզոնի հռոմեական փոքրիկ կայսրությունը՝ քրիստոնյա վերջին պետությունը Փոքր Ասիայում: 1475 թ-ին նվաճել են Ղրիմի թերակղզին, և Ղրիմի խանը դարձել է սուլթանի վասալը: Ղրիմի հոծ հայ բնակչության զգալի մասը գաղթել է Արևմտյան Ուկրաինա և Լեհաստան: Մեհմեդ II Ֆաթիհի վերջին նվաճողական պատերազմը Հարավային Իտալիայում էր՝ 1480 թ-ին: Սակայն իտալացիները կարողացել են մեկ տարի անց թուրքերին քշել երկրից: Բայազետ II սուլթանի (1481–1512 թթ.) օրոք վերջնականապես ավարտվել է Բալկանյան թերակղզու նվաճումը: 

Օսմանյան պետությունը հզորության գագաթնակետին է հասել XVI դարի 1-ին քառորդին: Սելիմ I Յավուզը (Ահեղ, 1512– 1520 թթ.), որը գահին տիրացել է՝ սպանելով հորը, 3 եղբայրներին և 10 ազգականների, հաղթել է Իրանի Իսմայիլ շահին, գրավել Հայաստանը, Միջագետքը, Սիրիան, Եգիպտոսը, Արաբիան և Ալժիրը: Կայսրության սահմանները գրեթե կրկնապատկվել են` ի հաշիվ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում գրավված տարածքների:

Օսմանյան կայսրության ռազմաավատական համակարգն ամրապնդվել է հատկապես Սուլեյման I սուլթանի օրոք (1529–66 թթ.), որին, բազմաթիվ օրենքներ ստեղծելու համար, անվանել են Սուլեյման Կանունի (Օրենսդիր): Կայսրությունը բաժանել է 21 վարչամիավորի՝ էլայեթի, նշանակել կառավարողներին՝ փաշաներին: 

Թուրքերը նվաճել են Հռոդոս կղզին, Հունգարիան, պաշարել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, սակայն պարտություն են կրել և նահանջել: 1535 թ-ին Սուլեյման I-ը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ կնքել է ֆրանս-թուրքական դաշնակցային պայմանագիր: 1555 թ-ի Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով Հայաստանն ու Վրաստանը բաժանվել են 2 մասերի: 

XVI դարի վերջին կայսրությունն սկսել է թուլանալ: Տնտեսության անկումն անդրադարձել է նրա ռազմական հզորության վրա: 1571 թ-ին թուրքերը պարտվել են Լեպանտոյի ծովամարտում: XVI դարի 90-ական թվականներին սկսվել են ջալալիների ապստամբությունները, որոնք ամայացրել են Արևմտյան Հայաստանը: 1639 թ-ին Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով Հայաստանը վերաբաժանվել է Պարսկաստանի և Թուրքիայի միջև:

1664 թ-ին թուրքական զորքերը ծանր պարտություն են կրել Սան Գոթարդի ճակատամարտում` ավստրիական և հունգարական միացյալ, 1683 թ-ին` Վիեննայի մատույցներում` լեհական և ավստրիական զորքերից: 1699 թ-ի Կառլովիցիի հաշտությամբ և 1700 թ-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ավստրիային են անցել Կենտրոնական Հունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին` Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը, Վենետիկին` Մորեան, Ռուսաստանին` Ազովը: XVIII դարում Ավստրիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հետ պատերազմներում Թուրքիան կորցրել է Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, Համադանը, Ռուսաստանին է վերադարձրել 1711 թ-ին գրաված Ազովը և Զապորոժիեն: 1783 թ-ին Ղրիմը միացվել է Ռուսաստանին, Վալախիան և Մոլդովան անցել են Ռուսաստանի հովանավորության տակ: XVIII դարի վերջից կայսրության եվրոպական տիրույթների ճակատագրի հարցը և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարն ավելի են մեծացրել Թուրքիայի կախվածությունը մեծ տերություններից: Եվրոպական դիվանագիտութան մեջ առաջացել է Արևելյան հարցը` որպես «օսմանյան ժառանգության» բաժանման հիմնախնդիր: 

Սելիմ III սուլթանը (1789–1807 թթ.) ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով փորձել է անցկացնել մի շարք բարեփոխումներ (հայտնի է «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության են մատնվել: 1806–12 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Բեսարաբիան ազատագրվել է թուրքական լծից, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ներքին ինքնավարություն (1813 թ-ին Սերբիայում վերահաստատվել է թուրքական տիրապետությունը): 1821 թ-ին բռնկվել է հույների ապստամբությունը: 1830 թ-ին Հունաստանը հռչակվել է անկախ պետություն: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը: 1830-ական թվականներին Եգիպտոսի Մուհամմեդ Ալի փաշայի հետ ընդհարումից հետո ուժեղացել է Թուրքիայի կախումը եվրոպական տերություններից: 

Կայսրությունը փլուզումից փրկելու համար Մահմուդ II սուլթանը (1808–39 թթ.) դիմել է կտրուկ միջոցների. 1826 թ-ին վերացրել է ենիչերիների զորքը, 1834 թ-ին կատարել է վարչական նոր բաժանումներ, ստեղծել նախարարություններ, նախապատրաստել բարեփոխումների ծրագիր, որը «Թանզիմաթ» անվանումով հրապարակվել է Աբդուլ Մեջիդի (1839– 1851 թթ.) օրոք: 1839 թ-ի Հաթթը Շերիֆ և 1856 թ-ի Հաթթը Հումայուն հրովարտակները, որոնք նախատեսում էին բարեփոխումներ, հիմնականում չեն իրագործվել: Թեև հռչակվել էին Օսմանյան կայսրության հպատակների անձի և գույքի ապահովություն, դավանանքի ազատություն, Թուրքիայում շարունակվել է ոչ թուրք ժողովուրդների հալածանքը, որին հետևել են ճնշված ժողովուրդների, այդ թվում` հայերի (Զեյթունի 1862, 1878, 1895 թթ. և այլն) ապստամբությունները: Այդուհանդերձ, «Թանզիմաթի» շրջանակներում հայերն ստեղծել են Ազգային ընդհանուր ժողով, սուլթանական կառավարությունը որոշակի փոփոխություններով 1863 թ-ին վավերացրել է Ազգային սահմանադրությունը: 

 Ղրիմի պատերազմից (1853–56 թթ.) հետո Անգլիան և Ֆրանսիան ուժեղացրել են իրենց դիրքերը Թուրքիայում. Սև ծովը հայտարարվել է չեզոք գոտի: 1856 թ-ին ստեղծվել է Օտոմանյան բանկը, որի կապիտալը պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին: 

1865 թ-ին թուրք մտավորականները Կոստանդնուպոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն էր և կայսրությունը տրոհումից փրկելը: 1876 թ-ի մայիսին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը (1861–76 թթ.) գահընկեց է արվել, ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներից` Միդհաթ փաշայի գլխավորությամբ, որը պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը: 1876 թ-ին Աբդուլ Համիդ II-ը (1876–1909 թթ.) հարկադրաբար ընդունել է սահմանադրությունը, սակայն 1878 թ-ին չեղյալ է հայտարարել այն, ցրել պառլամենտը և հաստատել միահեծան իշխանություն: 

1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիան պարտվել է: Ռուսական բանակի կազմում կռվել են նաև հայ կամավորական ջոկատներ: Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով (1878 թ., փետրվար) Բուլղարիան ազատագրվել է թուրքական լծից, իսկ պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվել է մինչև ռուսական զորքերի հեռանալը հայկական նահանգներում կատարել բարենորոգումներ: Եվրոպական տերությունները, համարելով որ Սան Ստեֆանոյի պայմանագրով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են, պահանջել են այն վերանայել Բեռլինի վեհաժողովում (1878 թ., հունիս): Բեռլինի պայմանագրով ճանաչվել է Սերբիայի, Ռումինիայի, Չեռնոգորիայի անկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձել է Թուրքիային վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան` նահանգ Թուրքիայի կազմում` Արևելյան Ռումելիա անվանմամբ: Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագրի 61-րդ հոդվածով հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման հսկողությունը հանձնարարվել է տարբեր շահեր հետապնդող 6 տերությունների, որի հետևանքով խափանվել է բարենորոգումների իրագործումը: Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտել է որպես Հայկական հարց: 

Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրությունը շարունակել է կորցնել նվաճած երկրները: 1881 թ-ին Ֆրանսիային է անցել Թունիսը, 1882 թ-ին Անգլիային` Եգիպտոսը: XIX դարի վերջին Գերմանիան դարձել է Թուրքիայում Բաղդադի երկաթուղու կառուցման մրցակից Անգլիայի և Ֆրանսիայի հետ: 

Աբդուլ Համիդ II-ը, չկատարելով Բեռլինի վեհաժողովի որոշումները, ձգտել է Հայկական հարցը լուծել հայերի զանգվածային կոտորածներով: 1890-ական թվականներին Օսմանյան կայսրությունում զոհվել է ավելի քան 300 հզ. հայ: Զեյթունում, Վանում, Սասունում և այլուր հայերը դիմել են ինքնապաշտպանության: 

1889 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծվել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը, որին հաջողվել է 1908 թ-ի հուլիսին իրականացնել հեղաշրջում և 1909 թ-ի մարտին անցնել իշխանության գլուխ: Աբդուլ Համիդը գահընկեց է արվել, սուլթան է դարձել նրա եղբայրը` Մահմեդ V-ը (1909–18 թթ.): 1909 թ-ին Ադանայի նահանգում երիտթուրքերի կազմակերպած  ջարդերի զոհ է դարձել 30 հզ. հայ: 1911–12 թթ-ի իտալա-թուրքական և 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներից հետո եվրոպական պետությունների առջև նորից ծառացել է Հայկական հարցը: 1914 թ-ի հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվել է Արևմտյան Հայաստանում կատարել բարեփոխումներ, սակայն Առաջին աշխարհամարտն ի չիք է դարձրել այդ ծրագիրը: 1914 թ-ի հոկտեմբերին Թուրքիան մտել է պատերազմի մեջ: Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը ջախջախել են թշնամուն և 1915–16 թթ-ին գրավել գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: Ռուսական զորքերի հաղթանակներին նպաստել են նաև հայ կամավորական ջոկատները: Երիտթուրքերը, օգտագործելով պատերազմի ընձեռած հնարավորությունը, իրագործել են հայերի ցեղասպանության իրենց նախապես մշակած ծրագիրը: Որոշ վայրերում հայերը դիմել են ինքնապաշտպանության: 1916 թ-ին թուրքական լծի դեմ ապստամբել են նաև արաբները: 

1918 թ-ի մարտին Թուրքիան և Գերմանիան Խորհրդային Ռուսաստանին պարտադրել են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Կարսը, Արդահանը, Արդվինը նվաճելուց հետո` 1918 թ-ի մայիսին, թուրք զավթիչները ներխուժել են Այսրկովկաս: Հայ զինվորներն ու աշխարհազորը Սարդարապատի ճակատամարտում (մայիսի 21–29) պարտության են մատնել թուրքերին և կասեցրել նրանց արշավանքը Երևան: Սակայն թուրքերը Ղարաքիլիսայով հասել են Բաքու և սեպտեմբերի 15-ին սրի քաշել 30 հզ. հայի:

1918 թ-ին Թուրքիան պարտվել է Պաղեստինի և Բալկանյան ռազմաճակատներում: Հոկտեմբերի 30-ին Անտանտի երկրների և Օսմանյան կայսրության միջև Մուդրոս նավահանգստում կնքվել է զինադադար, որի պայմանները նպաստավոր էին նաև Հայկական հարցի լուծման համար: 1919 թ-ի հունվարի վերջին Փարիզի հաշտության խորհրդաժողովում Անտանտի գերագույն խորհուրդը որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունից մի շարք երկրների (այդ թվում՝ Հայաստանի)  անջատման մասին: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը և Կոստանդնուպոլսում գործող սուլթանական կառավարությունը կնքել են Սևրի պայմանագիրը, որով զգալի տարածքներ են անցել Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի տիրապետության տակ: Այդ պայմանագրով լուծվել է նաև Հայկական հարցը: Սակայն Մուստաֆա Քեմալի Անկարայում ստեղծած կառավարությունը չի ճանաչել Սևրի պայմանագիրը: Պատերազմ սանձազերծելով (28.09 – 18.11.1920 թ.) Հայաստանի Հանրապետության դեմ` քեմալականները զավթել են մի շարք տարածքներ, կոտորել տասնյակհազարավոր հայերի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թ-ի մարտի 16-ին, Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կնքած պայմանագրով Այսրկովկասից Թուրքիային է անցել շուրջ 26 հզ. կմ2 տարածք: Թուրք-հունական պատերազմը (1919–22 թթ.) հույների համար նույնպես ողբերգական ավարտ է ունեցել: Դեռևս 1920 թ-ին ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1923 թ-ի հոկտեմբերի 29-ին ընդունել է օրենք Թուրքիան հանրապետություն հռչակելու մասին: Առաջին նախագահ է դարձել Մուստաֆա Քեմալը, որին անվանել են Աթաթյուրք՝ թուրքերի հայր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s