Խորխե Բուկայ «Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը գետնի մեջ խրված ցցին: Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:

Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:

Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: Քո ամբողջ ոգին:

Առաջադրանքներ.

Ա․ Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Սարսափելին ես հասկանում եմ որպես ճակատագրական։ Բայց քանի որ ճակատագրական քայլերը բաժանվում են հիմնականում երկու մասի՝ կամ դեպի լավը կամ էլ ընդհակառակը դեպի վատը։ Այստեղ սարսափելին նշանակում է ճակատագրական սխալ կամ ուրիշ ձև ասաց քայլ, որը փոխեց կենդանու կամ էլ մարդու ամբողջ կյանքը։ Այդ անազատությունը, պայքարելու չընդունակությունը, ծուլությունը և թուլությունը, բոլոր այս փաստերը ազդել են հզոր փղի վրա և ընդմիշտ նա մոռացել է դրանք և սկսել է հետևել այն ճանապարհին, որը կթելադրի նրան ճակատագիրը։ Նույնիսկ չփորձելով կանգնեցնել դրանք կամ էլ փոխել ճակատագիրը։

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Հսկա և հզոր փիղը դարձավ խեղճ։ Ես կարծում եմ միտքը շատ խորիմաստ է, բայց բացատրությունը՝ հեշտ։ Ինչքան էլ կենդանին, կամ էլ մարդը լինեն հզոր, հսկա, զորավոր, վեհ ու վսեմ, միևնույնն է կյանքը կարող է այնպես դասավորել, որ այդ հզոր հսկաները մի օր կդառնան խեղճ։ Նույնն էլ մեր կյանքում է։ Մենք շատ ենք առերեսվել տարբեր հզոր, խելացի, որոշ դեպքերում հոգով “հսկա” մարդկանց հետ, բայց երբեք չենք կարծել, որ մի օր իրենց կյանքը կարող է լիովին փոխվել։ Այդ հզորները միևնույնն է կենթարկվեն մի օր ճակատագրին ու կհետևեն դրան, լինի դրա հօգուտ իրենց, թե իրենց դեմ։ Մեր կյանքում, մասնավորապես իմ շրջապատում շատ եմ նկատել, շատ եմ առընչվել այդպիսի մարդկանց հետ, բայց չեմ էլ պատկերացրել, որ մի քայլը կփոխի ամեն ինչ։

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»,

Գրանցել ենք մեր մտքում որոշակի հրահանգներ, որոնց ամբողջ կյանքում ենթարկվելու ենք։ Մտքի հետ համաձայն եմ։ Փիղը իր մտքում դաջել էր այն միտքը, որ ինքը անզոր է, նա արդեն պայքարել չի կարող, այսինքն հոգով նա «հանձնվել է»։ Այդ հրահանգը մարդու մոտ ձևավորվում է այն ժամանակ, երբ նրան զրկում են իր ազատությունից, ազատ արտահայտության արտահայտումից։ Բայց միևնույնն է ինչքան էլ, որ պինդ լինեն կապված «ճաղերը», եթե մարդը կամ էլ կենդանին ցանկանա ազատվել ու ջանք գործադրի, նա անպայման կհասնի իր նպատակին, բայց եթե պարզապես մտածի ու ոչինչ չգործի դրա դեմ, ապա նա մինչև իր կյանքի վերջը կմնա ճակատագրին որպես «գերի»։

Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Այո, ամբողջ ոգին ներդնելով գործի մեջ, մարդ կկարողանա հասնել իր նպատակին, բայց միայն այն ժամանակ, երբ չհանձնվի։ Եթե նա ընդմիշտ մտածի, որ ամեն ինչ ավարտված է, արդեն ելք չկա, ապա նա միշտ էլ կմնա այդպիսին, այդպես զրկված, անզոր ու անելանելի վիճակում։ Բայց եթե նա փոխի իր մտածելակերպը, թե կարող է հաղթահարել ամեն դժվարություն, եթե ցանկանա, ապա նա վաղ, թե ուշ կհասնի իր նպատակին։

Բ․ Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

Հեղինակը փղի օրինակով ուզում էր մեզ մի կարևոր դաս մատուցեր, որ երբեք կյանքում, ինչ դժվարություն էլ, որ ջրի երես գա, դու կկարողանաս հաղթահարել դա, եթե մտածես, որ կարող ես ու ջանել դրա համար։ Եթե փղի նման մարդ մտածի, որ անզոր է, թույլ է ու ծույլ, ապա երբեք չի հասնի այն նպատակին, այն գագաթնակետին, որը իր առջև դրել է, լինի դա ազատվելը, թե հաղթահարելը։ Հեղինակի ասելիքը կապված էր ուղիղ ձևով պայքարելու ու հաղթելու հետ։ Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա, եթե ջանք չգործադրեմ դրա դեմ։ Ասելիքները կապված են իրար հետ։ Եթե մարդ չջանի, իրեն չտրամադրի, որ նա անզոր է ու տկար, ապա նա կկարողանա թեկուզ ամենադժվար փորձության միջով հեշտությամբ անցնել։ Բայց եթե հաշտվի այն մտքի հետ, որ նա տկար է, անզոր է, ապա նա չի կարողանա անել ու երբեք էլ մոտը դա չի ստացվի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s