Այսօր՝ հունվարի 23-ին, ջոկատի որոշ սովորողներով ուղևորվեցինք դեպի «Սինոփսիս» տեխնոլոգիական հսկա, որն համեմատ մյուս մեր ճամփորդությական հիմնարկների, գտնվում է Երևանի սրտում։ Նաև, ի տարբերություն մնացած ճամփորդությունների, մենք գնացինք դասերից հետո՝ ժամը 3:30։ Իսկ ժամը չորսին մենք արդեն այնտեղ էինք։ Ընկեր Լիլիթի ու ընկեր Գոհարի գլխավորությամբ ու ուղեկցությամբ, ծանոթացանք տեխնոլոգիական հսկայի հետ և ձեռք բերեցինք հստակ պատկերացում ապագայի մասնագիտության վերաբերյալ։ Մեզ այնտեղ դիմավորեցին, ուղեկցեցին հատուկ սենյակ, որտեղ էլ ցույց տվեցին պրեզենտացիան և ներկայացրեցին տեխնոլոգիական հսկայի հիմնական նպատակը։

Պրեզենտացիայում մեզ ներկայացրեցին ուղղությունների, նպատակի, նշանակության ու իմաստի, ուսուցման ու կրթության ձևի, մասնագիտական կողմնորոշվածության, կրթական համակարգի հետ։ Այսքանով հանդերձ նաև ներկայացրեցին, թե որ համալսարանների ու ամբիոնների հետ են համագործակցում, ինչպես են կազմակերպում կրթությունն ու աշխատանքը, ինչ բարձունքների են ցանկանում հասնել և ինչպես են ընդունում ու աջակցում յուրաքանչյուր սովորողին։ Հետաքրքիր էր ծանոթանալ, աշխատել, ուսումնասիրել, հետազոտել այսքան մեծ ձեռնարկությունը, սակայն պետք է նշեմ, որ սա միջազգային կազմակերպություն է և այն Հայկական չէ, ուստի զարմանալի չէ, որ մեզ պատմեցին, թե «Սինոփսիս Արմենիա»-յի բյուջեն Հայաստանի բյուջեից շատ է կազմում։ Սովորողների հուզող հարցեր հնչեցին և դրանց հիմնավորված պատասխաններ։ Մի խոսքով՝ կարծում եմ, Հայաստանը պետք է ոտնակոխի այս ոլորտ, քանի որ սա է ապագայի նշույլը, հիմքը և կարծում եմ, որ այս քայլով կստեղծվեն բազում աշխատատեղեր։


















Ամփոփելով սա, վերադարձանք դպրոց, քննարկեցինք հետագա ճամփորդական նախագծերը, աշխատակարգն ու ծրագիրը, փորձերն ու պրոյեկտները, որոնք դեռ պետք է իրականացնենք, գրեցինք հաշվետվությունները և գնացինք տուն։ Շնորհակալություն ուշադրության համար․․․