Ամենատպավորված առասպելը

Այսօր՝ մարտի 6-ին, արվեստի դասաժամին, մենք քննարկեցինք մեր անցած թեմաները, վերհիշեցինք, թե ինչպես են այդ առասպելներն ու ավանդապատումները արտացոլել մարդկային հոգեբանությունը։ Մենք խոսեցինք Դեֆկալյոնի ու Պիրայի, Համաշխարհային ջրհեղեղի, Ակտեոնի ու Արտեմիսի, Սիզիփոսի, Պոսեյդոնի, Սոդոմ և Գոմոր քաղաքների առասպելների, ինչպես նաև Գոռգո Մեդուզայի մասին ամենահայտնի առասպելի մասին։

Համաշխարհային ջրհեղեղը տեղի էր ունեցել շատ դարեր առաջ երկրի վրա, որի հիմնական նպատակը մարդկանց «մաքրելն» էր։ Ջուրը մեզ մոտ ասոցացվում է մաքրության ու փոփոխության հետ, չէ որ ինչ-որ տարաների մեջ ջուր լցնելով, վերջինս ընդունում է տարայի տեսքը։ Ջրհեղեղը, եթե նույնիսկ չի էլ եղել, կարևոր չէ, մենք պետք է ուշադրություններս սևեռենք այն փաստի վրա, որ մարդիկ հասել են մեղքերի այն «աստիճանին», որ հունական դիցաբանությունն ու Աստվածաշունչը պատմում են, թե ջրհեղեղ է եղել՝ մարդկանց «ազատելու», «մաքրելու» նպատակով։

Սակայն ամենատպավորված առասպելը, որի շուրջ ցանկանում եմ կարճ խոսել Գոռգո Մեդուզայի առասպելն է։ Ինչու՞, որովհետև այն արտացոլում է անարդար վարքի դրսևորման հետևանքով տուժածի հոգեբանական շեղումը, այսինքն, ասածս այն է, որ անարդար կերպով զոհ գնացած Գոռգո Մեդուզայի մարդկանց հանդեպ վարքը փոխվեց։

Մեդուզան մի գեղեցիկ կին էր, ում գեղեցկությամբ հմայվել էր ծովերի ու ջրերի աստված Պոսեյդոնը։ Քանի որ նա դեմ գնաց «հունական դիցաբանության օրենքներին», այսինքն, թե աստվածները ավելի շատ «իրավունքներ» ունեն, քան սովորական կերպարներն ու մահկանացուները։ Այդ ամենը տեսնելով Աթենասը որոշեց պատժել նրան, նրա մազերի տեղը օձեր հայտնվեցին։ Ցանկացած կենդանի էակի աչքերի մեջ նայելով Գոռգո Մեդուզան քարացնում էր նրան։

Ի՞նչ կարող ենք սրանից ենթադրել։ Գոռգո Մեդուզան անարդար ու իր անձի հանդեպ կարելի է ասել ստոր վերաբերմունքի արժանացավ և դրանից հետո բոլորի աչքերին նայելով, նրանցից քարացած արձաններ էր ստեղծում։ Սակայն, հետաքրքիր այն չէ, թե նա դա ինչպես էր անում, հետաքրքիրն այն է, թե ինչու՞ էր նա դա անում, չէ որ նրան ոչ ոք չէր հանձնարարել մարդկանց քարացնել։ Կարծում եմ, որ բոլորս էլ այդպիսի տպավորություն ու զգացում ունեցել ենք, երբ ինչ-որ անարդար երևույթի պատճառով, զգացել ենք մեզ «աշխարհից» մեկուսացված, հեռացված, ինչ-որ տեղ «զրկել ենք» մեզ հասարակության հավասար անդամ լինելու իրավունքից։ Այսինքն, այդ ինչ-որ տարօրինակ ու անարդար վերաբերմունքի պատճառով, մենք կորցրել ենք աշխարհի հետ մեր կապը։ Ես՝ ինքս, շատ ու շատ անգամներ այդպես եմ ինձ զգացել ու կարող եմ ասել, որ դա իրոք ցավալի է, երբ հասարակությունը իր հունով շարժվում է, իսկ դու միայնակ մնում ես «հետևներում»։ Այդ ժամանակ ես զգում են ինձ որպես Գոռգո Մեդուզա, քանի որ ինքս ցանկանում եմ աչքերի ուշադրությունն շեղել իմ վրայից։ Իհարկե, ես այնպիսի գերբնական ուժ չունեմ, որպեսզի մարդկանց քարացնեմ, սակայն մեկուսացված ժամանակ, ամեն ինչ ցանկանում ես անել, որպեսզի քիչ ուշադրություն գրավես։

Ես այս առասպելը ամենից շատն եմ հավանում, քանզի այն ճշգրտորեն բացահայտում է մարդկային հոգեբանության ամենաթույլ ճյուղերը, կողմերը։ Հավանում եմ այն պատճառով, որ այն պարզապես գրվածք կամ առասպել չէ վիշապներով ու հրեշներով, այն հոգեբանական առասպել է, որի հիմնական նպատակը ներկա ժամանակվա հետ կապ ու առնչություն գտնելն է։ Հունական դիցաբանության բոլոր առասպելները այդ «կարևոր արժեքը» ունեն։ Նրանք պարզապես մարդկանց կողմից անհավատալի պատմություններ չեն, իհարկե, աստվածները գերբնական ուժով օծյալներ են, որոնք կան բոլոր առասպելներում, սակայն դա չէ կարևորը, կարևորն այն է, որ առասպելները մարդկանց ուղղություն են տալիս, ցույց են տալիս, որ ինչքան էլ աշխարհը փոխվի, զարգանա, էվոլյուցիաներ անցնի, միևնույնն է մարդկային հոգեբանությունը շարունակելու է գոյատևել իր նախնական տեսքով, չի փոխվելու ու առավել ևս չի զարգանալու։ Կարծում եմ, որ մարդկային հոգեբանությունն հասկանալու, ըմբռնելու ամենալավ միջոցը հունական դիցաբանության առասպելներն են, քանի որ առասպելները պատմում են, թե՛ լավ, թե՛ վատ բնավորության գծերի մասին ու այնպես են դրանք ներկայացնում, ասես ժամանակակից հիմնախնդիր լինի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s