Էվոլյուցիա
Էվոլյուցիան կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունն է։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է կենսաբազմազանություն։
Կյանքի էվոլյուցիոն պատմության ընթացքում նոր տեսակների առաջացման շարունակական գործընթացը՝ տեսակառաջացումը, տեսակների ներսում ընթացող փոփոխությունները՝ անագենեզը և տեսակների ոչնչացումը նկարագրվել են ձևաբանական և կենսաքիմիական հատկանիշների ընդհանուր գծերի, այդ թվում՝ ԴՆԹ֊ի հաջորդականությունների միջոցով։ Այս ընդհանուր հատկանիշները ավելի շատ են և նման՝ ավելի մոտիկ ընդհանուր նախնի ունեցող օրգանիզմների մոտ, որը թույլ է տալիս կենդանի և ոչնչացած օրգանիզմների՝ էվլոյուցիոն փոխհարաբերությունների՝ ֆիլոգենետիկայի ուսումնասիրությամբ կառուցել «կյանքի ծառը»։ Բրածո մնացորդները ներառում են վաղ կենսածին գրաֆիտից, միկրոբային խսիրի մնացորդներից մինչև բրածոյացված բազմաբջիջ օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը ձևավորվել է տեսակառաջացման և ոչնչացման արդյունքում։
Դարվինի էվոլյուցիոն տեսություն

19-րդ դարի կեսին Չարլզ Դարվինը սահմանեց բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիոն տեսությունը, որը տպագրեց «Տեսակների ծագումը» (1859) գրքում։ Բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիան ապացուցվում է նրանով, որ ստեղծվում են ավելի շատ սերունդներ, քան կարող են գոյատևել ինչպես նաև՝
1) տեսակները միմյանցից տարբերվում են ձևաբանական, ֆիզիոլոգիական և վարքային հատկանիշներով (ֆենոտիպային փոփոխականություն),
2) տարբեր հատկանիշներ ապահովում են գոյատևման և վերարտադրման տարբեր հաճախականություն (տարբերակող հարմարողականություն),
3) հատկանիշները կարող են ժառանգվել մի սերնդից մյուսը (հարմարողականության ժառանգում)։
Այսպիսով, պոպուլյացիայի հաջորդող սերունդները, որոնք փոխարինում են ծնողական ձևերին այն կենսաֆիզիկական միջավայրում, որտեղ տեղի է ունենում բնական ընտրությունը, ավելի հարմարված են լինում և ավելի լավ են գոյատևում և բազմանում։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը
Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը:
Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության («առավել հարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար: Այդ հարմարված անհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականություն ունեն և ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվ ծնողներն առավել հարմարված են եղել արտաքին միջավայրին:Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող են աստիճանաբար փոխվել:
Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների նոր տեսակներ ու տարատեսակներ:Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքը հիմնված է ժառանգականության նյութական բնույթն ուսումնասիրող գենետիկա գիտության նվաճումների վրա: Այս տեսակետից էվոլյուցիոն միավորը ո՜չ առանձին անհատն է, ո՜չ էլ տեսակը, այլ պոպուլացիան՝ որոշակի տարածքում տեվականորեն ապրող, միևնույն տեսակին պատկանող, միմյանց հետ ազատ խաչաձևվող խումբը: Պոպուլացիայի ժառանգական փոփոխականության հիմքում ընկած է քրոմոսոմներում ու գեներում ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով կատարվող փոփոխությունը, որը կոչվում է մուտացիոն փոփոխություն:
Մուտացիաները կարող են առաջանալ ցանկացած բջջում՝ զարգացման ցանկացած փուլում, ինչպես գոյության սովորական պայմաններում, այնպես էլ ֆիզիկական կամ քիմիական որևէ գործոնի ազդեցության հետևանքով: Հետևաբար, ժամանակակից տեսանկյունից էվոլյուցիայի շարժիչ ուժերն են մուտածնությունը և բնական ընտրությունը: Վերջինս ապրելու հնարավորություն է տալիս այն օրգանիզմներին, որոնց մուտացիոն փոփոխությունները շրջակա միջավայրի որոշակի պայմաններում ապահովում են առավել հարմարվողականություն: Բժշկության բնագավառում կարևոր նշանակություն ունեն մի քանի բնական պոպուլացիաների փոփոխությունների ուսումնասիրությունները՝ կապված մարդու գործունեության հետեվանքների հետ:Վիրուսների, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների պոպուլացիաների գենետիկական հետազոտությունները ցույց են տվել հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունից այլ ձևերի արագ փոփոխությունների մուտացիոն բնույթն ու այդ նյութերի հանդեպ կայուն մանրէահիմքերի (շտամներ) առաջացումը:
Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքում կարևոր տեղ է զբաղեցնում մարդու պոպուլացիայի գենետիկական վերլուծությունը: Պարզվել է, որ բնական ընտրությունը մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու պոպուլացիայի գենետիկայի նշանակությունը բացառիկ կարևորություն ունի ժառանգական հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկական ապարատի վրա ճառագայթման, ֆիզիկական, ինչպես նաև քիմիական ազդեցությունների արդյունավետությունը գնահատելիս:Մոլեկուլային կենսաբանության նորագույն նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները: