Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը՝

Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության ժամանակաշրջան։ Աշոտին հաջորդեց եղբայրը՝ Աբասը (928-953 թթ.), որը մայրաքաղաքը տեղափոխեց Կարս։ 948 թ. կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Կարս։ Աբասին փոխարինեց որդին Աշոտ 3-րդը (953-977 թթ. ), որն իր բարի գործերի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական, երկրում շինարարական լայն աշխատանքներ ծավալվեցին: 961 թ. Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը, որը շատ նպաստավոր դիրք ուներ։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացի կաթողիկոսի ձեռքով։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ կառուցվեցին Սանահինի և Հաղպարտի վանքերը։ Աշոտ Ողորմածին հաջորդեց Սմբատ 2-րդ Տիեզերակալը (977-990 թթ.)։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, իսկ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Նա կասեցրեց Դվինի ամիրայի հարձակումը և Դվինը միացրեց իր թագավորությանը։

Գագիկ Ա՝

Գագիկ Ա-ԻՆ (990-1020 թթ .)։ Գագիկը կրում էր շահնշահ տիտղոսը։ Դա նշանակում էր, որ նա գերադաս դիրք ուներ հայկական մյուս թագավորությունների նկատմամբ: 1001 թ. Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկի դեմ և հրաժարվեց ճանաչել նրա գերիշխանությունը։ Սակայն Գագիկը հարձակվեց նրա վրա և զրկեց իր հողերից, որի համար ստացավ Դավիթ Անհողին անունը: Շուտով Դավիթը զղջաց, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները: 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Հայ-վրացական զորքը Ծումբ գյուղի մոտ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության մատնեց նրանց։ Ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ 1001թ. ավարտվեց Անիի մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Կառուցվում էր նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցին: Այս հոյակերտ տաճարների հեղինակը ճարտարապետ Տրդատն էր։

Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Սուրբ Աստվածածին Կաթողիկեի ավերակները

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Անիի թագավորության պահպանումը

Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:

Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:

Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:

Անիի թագավորության անկումը

Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s