1. Հայաստանը հնագույն երկիր է

Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ինի մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։



2. Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն է

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և Հայ Առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301թ. մկրտեց Հայաստանը, դարձավ Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։



3. Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում

Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Քրիստոսի գեղարդը (Լոնգինի գեղարդը), որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։



4. Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է

Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ. Երևանը կնշի իր 2800-ամյակը։



5. Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում

Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը՝ վրացական և կորեական այբուբենների կողքին։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է նաև վրացական և աղվանական այբուբենները։ Ավելի քան հազար վեց հարյուր տարի հայոց այբուբենը գոյություն ունի գրեթե անփոփոխ։ Հայ գրերի գյուտի հեղինակի՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան ստորոտին։



6. Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը

Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է VI դարի հայ գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի՝ աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։



7. Հայաստանը ծիրանի հայրենիքն է

Ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը։ Դա կապված է Ասիայից դեպի Եվրոպա ծիրանի ներթափանցման պատմության հետ։ Ֆրանսիացի հայտնի կենսաբան Դե Պոերդերլեն (De Poerderlé) XVIII դարում գրում էր. «Այդ ծառի անունը ծագում է Հայաստանից՝ ասիական նահանգից, որտեղ այն առաջ է եկել և որտեղից էլ բերվել է Եվրոպա…»։

Մինչ այդ կարծում էին, թե ծիրանը Հայաստանից Հունաստան է տարել Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ Հունաստանից էլ անցել է Իտալիա։ Այս վարկածը չի հաստատվել ժամանակի հռոմեական և հունական գրավոր աղբյուրների կողմից. դրանցում ծիրանի մասին հիշատակություն չկա։

Սակայն ծիրանը հիշատակվում է 1-ին դարի աղբյուրներում, ինչը վկայում է այն մասին, որ ծիրանն Իտալիայում հայտնվել է մ.թ.ա. 1-ին դարում, հռոմեա-պարթևական պատերազմներից հետո։ Ծիրանն անվանել են «հայկական խնձոր» (լատ.՝ Mela armeniaca, pomum armeniacum), ինչը հաստատում է այն վարկածը, որ ծիրանը Հռոմ է տարվել Հայաստանից։ Արաբ աշխարհագրագետ Իբն-ալ-Ֆակիհն իր «Երկրների գիրքը» աշխատությունում (903թ.) ծիրանը հիշատակում է իր հայերեն անունով՝ ծիրան, և այն անվանում է «Հայաստանի պտուղ»։

Հայկական հանրահռչակ երաժշտական գործիքը՝ դուդուկը, պատրաստվում է ծիրանենուց։



8. Բիբլիական Արարատ

Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է։ Այն պատկերված է երկրի զինանշանին։ Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյն իր տապանով համաշխարհային ջրհեղեղից հետո. «Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում» (Ծննդոց 8։4)։

Արարատյան լեռնաշղթան ունի երկու հանգած հրաբուխ՝ Մեծ Արարատ (Մասիս, 5165 մ) և Փոքր Արարատ (Սիս, 3927 մ)։

Սակայն ներկա պահին լեռը Հայաստանի տարածքում չէ, այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում և նրան է անցել 1921թ. Կարսի պայմանագրով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Կարսի պայմանագիրը։



9. Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը՝ եղեռնը, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923թթ.։ Ցեղասպանությունն իրականացվել է ֆիզիկական բնաջնջման և տեղահանության միջոցով, ներառյալ քաղաքացիական բնակչության տեղահանությունն այն պայմաններում, որոնք հանգեցրել են անխուսափելի մահվան։ 1907թ. իշխանությունը Թուրքիայում զավթեցին երիտթուրքերը, որոնց գաղափարախոսությունը պանթյուրքիզմն էր կամ Բալկաններից մինչև Ալթայ «Մեծ Թուրան» ստեղծելու երազանքը։ 1914թ. Թուրքիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելը երիտթուրքերին հնարավորություն տվեց վերջնականապես լուծել «հայկական հարցը», այսինքն՝ գլխովին բնաջնջել հայ ժողովրդին։

«Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածները», հարցրել էր Ադոլֆ Հիտլերն իր մերձավորներին՝ դրանով պատճառաբանելով Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա և ծրագրելով Հոլոքոստը։ Հայոց ցեղասպանության ժամանակ սրի քաշվեց և ոչնչացվեց մոտ 1.500.000 հայ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 26 երկիր։ 2015թ. ապրիլի 24-ին լրացավ այդ իրադարձության 100 տարին։



10. Հայկական սփյուռք

Հայերի ընդհանուր թվաքանակն աշխարհում կազմում է 10-12 մլն, բայց Հայաստանի բնակչության թիվը մոտ 3 մլն է։

1915թ. ցեղասպանությունից հետո մոտ 500.000 հայ սփռվեց աշխարհով մեկ, և սփյուռքը խիստ մեծացավ։ Թուրքիայից փախստական հայերը հիմնվեցին Արևելյան Եվրոպայի, Բալկանյան և Մերձավոր Արևելքի շատ քաղաքներում։ Այժմ հայկական խոշոր համայնքներ կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Արգենտինայում, Հորդանանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում։

Սփյուռքը տնտեսական և քաղաքական մեծ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին։