ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Վազքի մրցում և երկար վերջավորություն

Ափին հավաքվածներն իրոք արտառոց տեսք ունեին: Թռչունների փետուրները կեղտի մեջ կորել էին, կենդանիները կուչ էին եկել իրենց մորթիների մեջ, բոլորն էլ թրջված էին, բարկացած ու դժգոհ:

Նախ անհրաժեշտ էր չորանալ: Նրանք խորհրդակցեցին, և քիչ անց Ալիսին շատ բնական թվաց, որ ինքն ընկերաբար զրուցում է խմբի հետ, կարծես ամբողջ կյանքում ճանաչել է նրանց: Նա երկար-բարակ վիճաբանեց Լորի հետ, որն ի վերջո խոժոռվեց ու մեծահոգաբար նետեց.

— Ես քեզնից մեծ եմ և քեզնից լավ գիտեմ:

Լորի ասածը բավական չէր. Ալիսը ցանկացավ իմանալ նրա տարիքը: Իսկ երբ Լորը կտրականապես հրաժարվեց տարիքն ասելուց՝ խոսակցությունն ավարտվեց:

Վերջապես, Մուկը, որ նրանց մեջ որոշ հեղինակություն էր վայելում, բացականչեց.

— Նստե՛ք և բոլորդ ուշադիր ինձ լսեք: Ես ձեզ իսկույն կչորացնեմ: — խումբն անմիջապես լայն շրջան կազմած նստեց Մկան շուրջը: Ալիսն անհանգստացած աչքերը հառել էր Մկան վրա, որովհետև վախենում էր հիվանդանալ, եթե անմիջապես չչորանար:

— Ըհըմ, ըհըմ, — ծանրակշիռ հազաց Մուկը, — պատրա՞ստ եք: Սա՛ է չորանալու ինձ հայտնի ամենալավ միջոցը: Բարեհաճեք լռել: Վիլհելմ Նվաճողը Պապի օրհնությամբ շուտով հնազանդեցրեց անգլիացիներին, որոնք կարիք ունեին ամուր իշխանության և նրանց համար սովորական բաներ էին նվաճումներն ու գահ հափշտակելը: Էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը[11]

— Սառեցի, — սվսվացրեց Լորը:

— Ներեցեք, խնդրեմ, — խոժոռվեց Մուկը ու քաղաքավարությամբ հարցրեց, — դուք ինչ-որ բան ասացիք:

— Ես չէի, — վրա բերեց Լորը:

— Ինձ թվաց, խոսողը դուք էիք, — ասաց Մուկը, — շարունակում եմ: Էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը նրա կողմն անցան, նույնիսկ Սթիգանդը՝ Բենթրբերիի հայրենասեր արքեպիսկոպոսը գտավ, որ…

— Ի՞նչ գտավ, — հարցրեց Բադը:

— Գտավ, որ, անհրաժեշտ է… — զայրացավ Մուկը, — իհարկե, դուք գիտեք, թե ինչ է նշանակում դա:

— Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում, — ասաց Բադը, — երբ ես որևէ բան եմ գտնում, իսկ դա սովորաբար գորտ կամ որդ է լինում, անհրաժեշտ եմ համարում ուտել: Հարցն այն է, թե ինչ գտավ արքեպիսկոպոսը:

Մուկն ուշադրություն չդարձրեց այդ հարցին և վրա տալով շարունակեց.

— Գտավ, որ անհրաժեշտ է գնալ Էդգար Աթելինգի հետ Վիլյամին դիմավորելու ու գահն առաջարկելու նրան: Սկզբում Վիլյամի վարմունքը շատ ազնիվ էր, բայց նորմանների հանդգնությունը… Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելիս, — Ալիսին դիմեց Մուկը:

— Առաջվա նման թաց եմ, — տխուր պատասխանեց Ալիսը, — կարծես բոլորովին չեմ չորանում:

— Այդ դեպքում, — հանդիսավոր ոտքի ելնելով հայտարարեց Դոդոն, — ես առաջարկում եմ ընդհատել ժողովը՝ անհապաղ ավելի գործնական միջոցներ ձեռք առնելու համար:

— Ի՞նչ եք դուրս տալիս, — սրտնեղեց Արծվիկը, — ես այդ երկար խոսքերի կեսից ավելին չեմ հասկանում: Դեռ ավելին, չգիտեմ, ձեր ասածը գոնե դուք հասկանո՞ւմ եք:

Արծվիկը ծիծաղը թաքցնելու համար իջեցրեց գլուխը: Թռչուններից ոմանք բարձր քրքջացին:

— Այն, ինչ ես մտադիր եմ ասելու, — վիրավորված շարունակեց Դոդոն, — հետևյալն է. չորանալու ամենալավ միջոցը վազքի մրցումն է:

— Ի՞նչ բան է դա, — հարցրեց Ալիսը, լոկ նրա համար, որ Դոդոն բազմանշանակալից լռեց, սպասելով, որ մեկնումեկը ձայն կհաներ, բայց նրանցից և ոչ մեկը հակված չէր խոսելու:

— Դե, ինչ բացատրեմ, — շարունակեց Դոդոն, — ավելի լավ է ցույց տամ: (Գուցե ձմռան մի օր դո՞ւք էլ ցանկանաք փորձել Դոդոյի ասածը: Ես ձեզ կպատմեմ, թե նա ինչպես գլուխ բերեց այդ գործը):

Սկզբում նա մի շրջան գծեց. «Այնքան էլ հաջող չստացվեց, բայց ճիշտ ձևը կարևոր չէ» — եզրակացրեց Դոդոն, որից հետո ամբողջ խումբը ցաքուցրիվ տեղավորվեց շրջանի շուրջը: Ոչ ոք չասաց. «Մեկ, երկու, երեք, առաջ»: Յուրաքանչյուրն ուզած ժամանակ վազում էր և ուզած ժամանակ կանգ առնում, այնպես որ դժվար է ասել, թե երբ ավարտվեց մրցումը: Այնուամենայնիվ, երբ նրանք արդեն մոտ կես ժամ վազել էին և բոլորն էլ լրիվ չորացել, Դոդոն հանկարծ հայտարարեց.

— Մրցումն ավարտված է:

Թռչուններն ու կենդանիները խմբվեցին նրա շուրջը և շնչակտուր հարցրին.

— Ո՞վ շահեց:

Առանց երկար մտածելու Դոդոն չէր կարող պատասխանել այդ հարցին: Նա մատը դրեց ճակատին ու մտազբաղ նստեց (այն դիրքով, որ սովորաբար տեսնում եք Շեքսպիրին նկարներում), իսկ մնացածները համբերությամբ սպասում էին:

Վերջապես Դոդոն ասաց.

— Բոլորն էլ շահեցին և բոլորն էլ պետք է մրցանակ ստանան:

— Իսկ ո՞վ է բաշխելու դրանք,— միաբերան հարցրին նրանք:

— Դե, իհարկե, նա, — Դոդոն մատնացույց արեց Ալիսին:

Խումբն աղմուկ-աղաղակ բարձրացնելով խռնվեց Ալիսի շուրջը.

— Մրցանակները, մրցանակները…

Ալիսը չգիտեր ինչ անել, նա հուսահատ ձեռքը տարավ գրպանը, դուրս հանեց քաղցրավենիքով լի մի տուփ (բարեբախտաբար աղի ջուրը չէր թափանցել մեջը) և բաժանեց դրանք որպես մրցանակ: Յուրաքանչյուրին բաժին ընկավ մեկ հատ:

— Գիտեք ի՞նչ, նա ինքն էլ պետք է մրցանակ ստանա, — ասաց Մուկը:

— Իհարկե, — լուրջ արձագանքեց Դոդոն և դիմեց Ալիսին, — ուրիշ ի՞նչ կա գրպանումդ:

— Միայն մի մատնոց, — տխուր ասաց Ալիսը:

— Տուր այստեղ, — կարգադրեց Դոդոն:

Հետո նրանք դարձյալ խմբվեցին Ալիսի շուրջը, և Դոդոն հանդիսավորությամբ մատնոցը հանձնեց Ալիսին.

— Մենք խնդրում ենք ընդունել այս շքեղ մատնոցը:

Երբ Դոդոն վերջացրեց իր կարճ ճառը, խումբը ցնծության ճիչեր արձակեց:

Չնայած այդ բոլորը Ալիսին հիմարություն էր թվում, բայց նրանք այնքան լուրջ տեսք ունեին, որ նա չհամարձակվեց ծիծաղել, այլ ստիպված արժանապատվությամբ խոնարհվեց ու վերցրեց ընծան՝ հնարավորին չափ հանդիսավոր կեցվածք ընդունելով:

Երբ հերթը հասավ քաղցրավենիքներն ուտելուն՝ տուր ու դմփոց, գոռում-գոչյուն բարձրացավ: Մեծ թռչունները բողոքում էին, որ համն անգամ չտեսան, իսկ փոքրերն ուտելիս խեղդվում էին և ստիպված նրանց մեջքներին թփթփացնում էին: Այնուամենայնիվ, ամեն ինչ բարեհաջող վերջացավ, նրանք նորից շրջան կազմած նստեցին ու խնդրեցին Մկանը մի բան պատմել:

— Դուք ինձ խոստացաք ձեր պատմությունն ասել, — ասաց Ալիսը և, որպեսզի չվիրավորի նրան, շշուկով ավելացրեց, — թե ինչո՞ւ եք ատում «Կ»-երին ու «Շ»-երին:

— Այս պատմությունը երկար ու տխուր վերջավորություն ունի, — ծանր հառաչեց Մուկը շրջվելով դեպի Ալիսը:

— Իրոք որ երկար վերջավորություն է, — նայելով Մկան պոչին՝ հաստատեց Ալիսը, — բայց ինչո՞ւ եք այն տխուր համարում:

Մինչ Մուկը խոսում էր, Ալիսը մտածում էր ու մտածում, և նրա երևակայության մեջ Մկան պատմությունը գծագրվում էր հետևյալ կերպ.

Քութիկն ասաց մկանը,
որին բռնեց իր տանը. «Քեզ
դատարան քարշ կտամ,
էնտեղ հախիցդ
կգամ: Ոչ մի հեր–
քում ու բողոք, թող
լինի դատն ան–
ողոք: Մեկ է, էս–
օր անգործ եմ,
ինքս սիրով կը–
փորձեմ»: Պա–
տասխանեց Մուկն
այդժամ. «Ախր,
պարոն հարգարժան,
էս ի՞նչ դատ է
ահավոր, որը
չունի դատա–
վոր: Առանց
նրա մենք ի՞նչ
ենք: Զուր տեղն
ինչո՞ւ ջուր ծե–
ծենք»: «Այդ
իրավունքն ինձ
կտաք, — ասաց
շունը խորա–
մանկ, — ինքս
պիտի քեզ
դատեմ ու
մահվան
դատա-
պար-
տեմ»[12]:


— Դու անուշադիր ես, — բարկացավ Մուկը, — ինչի՞ մասին ես մտածում:

— Ոչ, ինչո՞ւ, լսում եմ, — շատ խոնարհ ասաց Ալիսը,— բայց ինձ թվում է դուք արդեն հինգերորդ ոլորքին հասաք:

— Տանել չեմ կարող, — զայրացած ծղրտաց Մուկը:

— Ի՞նչը չեք կարող տանել, — անհանգստացավ Ալիսը ծառայելու միշտ պատրաստ, — տվեք ձեզ օգնեմ:

— Ես այդպիսի բան թույլ չեմ տա, դու ինձ վիրավորում ես նման հիմարություններ դուրս տալով, — Մուկը ոտքի ելավ ու հեռացավ:

— Ես բոլորովին չուզեցի ձեզ վիրավորել, — խեղճացավ Ալիսը, — իմիջիայլոց, դուք շարունակ վիրավորվում եք:

Ի պատասխան Մուկը միայն գռմռաց.

— Խնդրու՛մ եմ, հետ եկեք և վերջացրեք ձեր պատմությունը, — նրա հետևից կանչեց Ալիսը:

Բոլորն էլ միաձայն աղաղակեցին.

— Խնդրու՛մ ենք, վերջացրեք:

Բայց Մուկը միայն բացասաբար շարժեց գլուխը և քայլերն արագացրեց:

— Ափսոս, նա այլևս հետ չի գա, — հառաչեց Լորին, հենց որ Մուկը չքացավ տեսադաշտից:

Պառավ խեցգետինը առիթից օգտվելով նախատեց իր դստրիկին.

— Տե՛ս, սիրելիս, թող սա քեզ համար դաս լինի, որ երբեք չափդ չկորցնես:

— Լռի՛ր, մայրիկ, — զայրացավ ջահել խեցգետինը, — դու ընդունակ ես Ոստրեին անգամ համբերությունից հանելու:

— Եթե մեր Դինան այստեղ լիներ, ես գիտեի, թե ինչ կանեի, — իմիջիայլոց բարձրաձայն ասաց Ալիսը, — նա անմիջապես Մկանը հետ կբերեր:

— Իսկ ո՞վ է Դինան, համարձակվում եմ հարցնել, — հետաքրքրվեց Լորին:

Ալիսը, որ միշտ պատրաստ էր խոսել իր սիրելիի մասին, եռանդուն բացատրություն տվեց.

— Դինան մեր կատուն է: Նա կատարյալ վարպետ է մուկ բռնելու մեջ: Չեք կարող պատկերացնել, թե ինչպես է թռչունների հետևից վազ տալիս: Բռնելն ու ուտելը մեկ է լինում:

Խոսակցությունն արտակարգ իրարանցում առաջացրեց խմբի մեջ: Մի քանի թռչուն անմիջապես փախուստի դիմեցին: Ծեր կաչաղակը կուչ գալով շատ զգույշ պատրաստվեց գնալու:

— Ես պետք է անհապաղ տուն գնամ: Գիշերվա օդը կոկորդիս համար վնասակար է:

Իսկ Դեղձանիկը վախեցած ձայնով կանչեց իր ձագուկներին.

— Գնացինք, սիրելիներս, արդեն ուշ է, ձեր քնելու ժամը վաղուց է անցել:

Զանազան պատրվակներ բերելով խումբը հեռացավ և Ալիսը շատ շուտով մնաց բոլորովին մենակ:

— Երանի Դինայի անունը տված չլինեի, — տխրեց նա, — այստեղ նրան ոչ ոք չի սիրում: Բայցևայնպես նա աշխարհի ամենալավ կատուն է: Ա՜խ, իմ սիրելի Դինա, արդյոք բախտս կբերի, քեզ նորից կտեսնեմ:

Եվ խեղճ աղջիկը միայնակ ու հուսահատ սկսեց կրկին լաց լինել: Քիչ անց նա հեռվից թեթև ոտնաձայն լսեց ու արագ շրջվեց հույսը չկտրած, թե Մուկը միտքը փոխել է ու հետ է գալիս վերջացնելու իր պատմությունը:

Վարժություններ

Գլուխ երրորդ

  1.  գտեք այն հատվածը, որտեղ այդ կենդանիները շատ նման են մեզ՝ մարդկանց, և բացատրեք, թե ինչու:
  2. մտածեք՝ ինչն էր սխալ մրցույթ անցկացնելիս: Եթե գտնեք, կհասկանաք, թե հեղինակը ինչ օգտակար բան է մեզ հուշում:
  3. փորձեք բնութագրել Մկանը, ինչպիսին էր նա և բնավորությամբ մարդկանց որ տեսակին է նման:

1 Վարժություն

Գտեք այն հատվածը, որտեղ այդ կենդանիները շատ նման են մեզ՝ մարդկանց, և բացատրեք, թե ինչու:

Թռչունների փետուրները կեղտի մեջ կորել էին, կենդանիները կուչ էին եկել իրենց մորթիների մեջ, բոլորն էլ թրջված էին, բարկացած ու դժգոհ:Որովհետև այդ մարդիկ /կենդանիները/չեն կարացել հաղթահարել այդ փորձությունը,դրա համար էլ նմանացնում են մարդկանց հետ։

2 Վարժություն

Մտածեք՝ ինչն էր սխալ մրցույթ անցկացնելիս: Եթե գտնեք, կհասկանաք, թե հեղինակը ինչ օգտակար բան է մեզ հուշում:/բանավոր/

3 Վարժություն

Փորձեք բնութագրել Մկանը, ինչպիսին էր նա և բնավորությամբ մարդկանց որ տեսակին է նման:

Նա նման էր այն մարդու,ով միշտ ուզում է հասկացնել բացատրել,որ դա իրեն դուր չի գալիս,նա դա չի ուզում,և ուզում է անել այնպես,որ բոլորը իրեն լսեն հնազանդվեն։Այն մասում,երբ Ալիսան պատմում է իր կատուի մասին,մուկը միանգամից իր արտահայտության ժեստով ցույց տվեց,որ նա չի ուզում լսել այդ կենդանիների մասին։