ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Թրթուրի խորհուրդը

Մի որոշ ժամանակ Թրթուրն ու Ալիսը լուռ դիտում էին միմյանց: Վերջապես, Թրթուրը բերանից հանեց նարգիլեն ու դիմեց աղջկան թույլ, քնկոտ ձայնով.

— Դու ո՞վ ես:

Այս հարցը խոսակցություն սկսելու համար քաջալերող նախաբան չէր: Ալիսը փոքր-ինչ քաշվելով պատասխանեց.

— Ես… ես չգիտեմ, թե ով եմ ես հիմա, պարոն: Ես միայն գիտեմ, թե ով էի այսօր առավոտյան, բայց այնքան շատ եմ փոխվել առավոտից ի վեր:

— Ի՞նչ ես ուզում ասել, — խիստ հարցրեց Թրթուրը, — բացատրիր միտքդ:

— Շատ եմ ցավում, պարոն, բայց չեմ կարող միտքս բացատրել, որովհետև ինչպես տեսնում եք, ես՝ ես չեմ:

— Չեմ տեսնում:

— Դժբախտաբար ավելի պարզ հնարավոր չէ ասել, — վերին աստիճանի քաղաքավարի ասաց Ալիսը, — ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչից սկսեց, բայց մի օրում այդքան անգամ փոխվելուց հնարավոր է գլուխդ կորցնես:

— Հնարավոր չէ, — ասաց Թրթուրը:

— Դե, միգուցե դուք չեք կորցնում, բայց երբ հանկարծ հարսնյակ դառնաք, իսկ հետո էլ թիթեռնիկ, երևի դուք էլ փոքր ինչ գլխապտույտ կզգաք, ճիշտ չէ՞:

— Հեչ էլ չէ[13]:

— Դե, միգուցե դուք ուրիշ բան եք զգացել, ես միայն գիտեմ, որ այդ ամենն ինձ համար տհաճ է:

— Լսի՛ր, — արհամարհանքով նետեց Թրթուրը, — ո՞վ ես դու:

Այս հարցը նորից նախկին խոսակցությանը վերադարձրեց:

Թրթուրի այդքան կտրուկ խոսքերը բարկացրին Ալիսին: Նա հավաքեց իրեն ու լուրջ դեմք ընդունեց.

— Ինձ թվում է, դուք նախ պետք է ասեք ձեր ով լինելը:

— Ինչո՞ւ, — զարմացավ Թրթուրը:

Ահա մեկ ուրիշ շփոթեցնող հարց: Եվ քանի որ Ալիսը չկարողացավ որևէ հարմար պատասխան գտնել և քանի որ նրան թվում էր, թե Թրթուրը բավական անտրամադիր է, ուստի գերադասեց հեռանալ:

— Վերադարձի՛ր,— բղավեց Թրթուրը, — ես շատ կարևոր ասելիք ունեմ:

Թրթուրի խոսքերը խոստումնալից հնչեցին: Ալիսը շրջվեց ու հետ դարձավ:

— Հանգստացիր, — ասաց Թրթուրը:

— Ա՞յդ էր ամենը, — հնարավորին չափ զսպելով բարկությունը, հարցրեց Ալիսը:

— Ոչ:

Ալիսը որոշեց համբերել, որովհետև ուրիշ անելիք չուներ: Գուցե այդ բոլորից հետո կարևոր բան է լսելու: Մի քանի րոպե Թրթուրը լուռ փստացնում էր. վերջապես արձակեց ձեռքերը, բերանից հանեց նարգիլեն ու ասաց.

— Ուրեմն քեզ թվում է, որ դու փոխվել ես:

— Դժբախտաբար, այո, պարոն, տասը րոպեն մեկ փոխվում եմ և ոչինչ չեմ կարողանում հիշել:

— Չես կարողանում հիշել, օրինակ, ինչը՞, — հարցրեց Թրթուրը:

— Դե, ես փորձեցի արտասանել «Փոքրիկ մեղուն» ոտանավորը, բայց բոլորովին այլ բան ստացվեց, — թախծոտ պատասխանեց Ալիսը:

— Արտասանիր «Ծերացել ես, Վիլյամ հայրիկը»:

Ալիսը խաչաձևեց ձեռքերն ու սկսեց.

— Ծերացել ես, Վիլյամ հայրիկ, — ասաց տղան իր հորը, —
Ու մազերդ սպիտակել են ձյան պես,
Սակայն գլխի վրա կանգնած՝ անց ես կացնում քո օրը,
Քո տարիքում սազակա՞ն է արդյոք քեզ:

— Քո տարիքում, — պատասխանեց որդուն Վիլյամ հայրիկը, —
Կարծում էի, թե վնաս է խելքին շատ:
Բայց հիմի, երբ ոչ խելք ունեմ, ոչ էլ դրա կարիքը,
Ես կանգնում էմ գլխիս վրա անընդհատ:

— Ծերացել ես, — ասաց աղան, — ինչպես արդեն ասացի,
Չաղացել էս ու դարձել ես մի ցմփոր,
Բայց նոր օդում դու տվեցիր գլուխկոնծի ու քացի,
Ասա, ո՞նց ես դու թռչկոտում ամեն օր:

— Քո տարիքում,—պատասխանեց իմաստունը ջլապինդ,—
Ես շփել եմ իմ մարմինը անընդհատ
Անմահական այս հեղուկով
Սրվակն արժի մեկ շիլինգ,
Չես փոշմանի, եթե առնես երկու հատ:

Թուլացել է քո ծնոտը,—ջահել տղան հորն ասաց,
— Փորոտիքի ճարպից պինդ բան չես ծամում,
Բայց խժռեցիր հենց նոր մի սագ ոսկոր-կտուց չմնաց,
Ասա տեսնեմ՝ ո՞նց ես էդ բանը անում:

— Քո տարիքում,—ասաց հայրը,—դատարանից տուն գալով,
Քո մոր հետ եմ ամեն գործը քննարկել,
Եվ ծնոտիս մկանները ամրացել են դրանով
Ու գործում էն մինչև օրս անարգել:

— Ծերացել ես,—ասաց աղան, — և ում մտքով կանցնի, որ
Առաջվա պես ժիր ես, ճարպիկ, սրատես,
Բայց պահեցիր օձաձուկը քթիդ ծայրին դու հենց նոր,
Ի՞նչ ես անում, որ խելոք ես դու այդպես:

— Չորս հարցերիդ ես տվեցի պատասխաններ ճշմարիտ,
Բավական է, — ասաց հայրը, — լավ է՝ չափդ իմանաս:
Հո չե՞ս կարծում ամբողջ օրը պիտի լսեմ տխմարիդ,
Չքվի՛ր, թե չէ վզակոթիդ կստանաս[14]:


— Ճիշտ չէ, — ասաց Թրթուրը:

— Որոշ չափով, — երկչոտ համաձայնեց Ալիսը, — միայն մի քանի բառ շփոթեցի:

— Սկզբից մինչև վերջ սխալ է, — վճռական ձայնով ասաց Թրթուրը և որոշ ժամանակ լռություն տիրեց:

Առաջինը խոսեց Թրթուրը:

— Ի՞նչ չափսի կուզենայիր լինել:

— Դե, ես այնքան էլ պահանջկոտ չեմ, — շտապ վրա բերեց Ալիսը, — միայն թե, գիտե՞ք, շարունակ փոխվելը հաճելի չէ:

— Որտեղի՞ց իմանամ, — ասաց Թրթուրը:

Ալիսը ձայն չհանեց: Իր ամբողջ կյանքում նրան երբեք այդքան չէին հակաճառել, և զգաց, որ բարկանում է:

— Իսկ հիմա դու գոհ չե՞ս, — հարցրեց Թրթուրը:

— Դե, ես կուզեի մի քիչ ավելի բարձր լինել, եթե իհարկե, դուք չեք առարկում: Ինձ դուր չի գալիս երեք մատնաչափ հասակս:

— Դա հիանալի հասակ է, — բարկացավ Թրթուրը և խոսելիս ձգվեց (Նա ճիշտ երեք մատնաչափ էր):

— Բայց ես սովոր չեմ դրան, — թախանձագին ձայնով արդարացավ խեղճ աղջիկը և միաժամանակ մտածեց, «Լավ կլիներ, որ այս արարածներն այդքան շուտ չվիրավորվեին»:

— Ժամանակի ընթացքում կհաշտվես, — ասաց Թրթուրը, նորից նարգիլեն դրեց բերանն ու սկսեց ծխել:

Այս անգամ Ալիսը համբերությամբ սպասեց մինչև Թրթուրը կբարեհաճեր խոսել: Քիչ անց, Թրթուրը ցած դրեց նարգիլեն, մի քանի անգամ հորանջեց ու թափ տվեց իրեն: Հետո իջավ սնկի գլխիկից ու խոտերի միջով սողալով անցավ-գնաց.

— Մի կողմը հասակդ կերկարացնի, իսկ մյուս կողմը կկարճացնի:

«Ինչի՞ մի կողմը և ինչի մյուս կողմը», — մտածեց Ալիսը:

— Սնկի, — պատասխանեց Թրթուրը, կարծես գուշակելով Ալիսի միտքը, և հաջորդ վայրկյանին նրա հետքն անգամ չէր մնացել:

Ալիսը մտածկոտ նայեց սնկին, փորձելով որոշել, թե որոնք են նրա երկու կողմերը: Դա շատ դժվար հարց էր, որովհետև այն բացարձակ կլոր էր: Այնուամենայնիվ, հնարավորին չափ տարածելով թևերը սնկի շուրջը, ձեռքերով յուրաքանչյուր եզրից փոքրիկ կտորներ պոկեց.

— Տեսնես սրանցից որը ո՞րն է, — ասաց նա և, փորձելու համար ազդեցությունը, կծեց աջ ձեռքի պատառիկը: Հաջորդ վայրկյանին կզակի տակ մի ուժգին հարված զգաց, կզակը խփվել էր ոտքին:

Ալիսը շատ վախեցավ այդ հանկարծակի փոփոխությունից և զգաց, որ չպետք է ժամանակ կորցնել, որովհետև արագորեն կարճանում էր: Նա իսկույն գործի անցավ ու փորձեց ուտել մյուսը: Կզակն այնպես էր սեղմվել ոտքին, որ բերանը հազիվ էր բացվում: Մի կերպ նրան հաջողվեց կծել ձախ ձեռքի պատառիկը:

* * *

— Վերջապես գլուխս ազատեցի, — Ալիսի ուրախությանը չափ չկար, բայց ահա, հաջորդ վայրկյանին, երբ չկարողացավ տեսնել ուսերը, նրա ուրախությունը փոխվեց տագնապի: Իսկ երբ ցած նայե՞ց գետնին թափված կանաչ տերևների կույտի միջից ծառաբնի նման վեր էր խոյանում մի հսկայական երկար վիզ:

— Այդ ի՞նչ կանաչություն է, իսկ ուր են ուսերս, իմ խեղճ ձեռքեր, որտե՞ղ եք դուք հիմա, ինչո՞ւ չեք երևում:

Խոսելիս նա այս ու այն կողմ էր թափահարում ձեռքերը, բայց իզուր, հեռվից միայն տերևների թեթև խշխշոց էր գալիս: Քանի որ Ալիսը չէր կարող ձեռքերը մոտեցնել գլխին, փորձեց հակառակը՝ գլուխը մոտեցնել ձեռքերին շատ ուրախացավ՝ տեսնելով, որ վիզը հեշտությամբ, օձի նման գալարվում է ցանկացած կողմը: Նրան հենց նոր էր հաջողվել երկար վզով օդում շնորհալի զիգզագ գծել, և պատրաստվում էր սուզվել սաղարթի մեջ, որը այլ ինչ էր, եթե ոչ կատարները այն ծառերի, որոնց տակ քիչ առաջ թափառում էր, երբ հանկարծ մի զիլ ֆշշոց ստիպեց նրան արագորեն հետ քաշվել: Մի խոշոր աղավնի էր թռել եկել դեմքին շատ մոտ և թևերով ուժգնորեն հարվածում էր նրան:

— Օ՜ձ, — ճղճղում էր Աղավնին:

—Ես օձ չեմ, — զայրացավ Ալիսը, — ինձ հանգիստ թողեք:

— Օձ ես, օձ, — կրկնեց Աղավնին, այս անգամ արդեն ցածր, հեծկլտացող ձայնով, — ես ամեն ինչ փորձել եմ, բայց իզուր, նրանց գոհացնել չես կարող:

— Նույնիսկ չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում:

— Ես փորձել եմ ծառերի արմատները, գետի ափերը, փորձել եմ նույնիսկ ցանկապատերը, բայց այդ օձերից պրծում չկա, չկա, — շարունակեց Աղավնին՝ առանց ուշադրություն դարձնելու Ալիսին:

Ալիսի զարմանքը գնալով աճում էր, բայց գերադասեց լռել, որովհետև խոսելն անօգուտ էր, քանի դեռ Աղավնին չէր վերջացրել ասելիքը:

— Կարծես թուխս նստելը բավական չէ, հիմա էլ այդ օձերի պատճառով օր ու գիշեր քուն չունեմ: Արդեն երեք շաբաթ է աչք չեմ փակել:

— Շատ եմ ցավում, որ ձեզ հանգիստ չեն տալիս, — վշտացավ Ալիսը, որն արդեն սկսել էր հասկանալ Աղավնուն:

— Եվ երբ ընտրեցի անտառի ամենաբարձր ծառը, — ճչալու աստիճան ձայնը բարձրացրեց Աղավնին, — և երբ կարծում էի, վերջապես, ազատվել եմ նրանցից, բայց հիմա էլ նրանք գալարվելով երկնքից են իջնում: Ա՜խ, օձի մեկը:

— Ես ձեզ ասում եմ, որ օձ չեմ, ես… ես…, — ասեց Ալիսը:

— Դե լավ, իսկ ի՞նչ ես: Տեսնում եմ, ուզում ես մի բան հնարել, — հաղթական ասաց Աղավնին:

— Ես… Ես մի Փոքրիկ աղջիկ եմ, — հիշելով օրվա մեջ իր կրած անթիվ-անհամար փոփոխությունները, տարակուսելով քրթմնջաց Ալիսը:

— Լավ ես հնարում, — խոր արհամարհանքով նետեց Աղավնին, — ես կյանքում շատ փոքրիկ աղջիկներ եմ տեսել, բայց ոչ մեկն այդպիսի վիզ չի ունեցել, ոչ, ոչ, դու օձ ես: Իզուր մի խաբիր: Գուցե հիմա էլ ասես, որ երբեք ձու չե՞ս կերել:

— Իհարկե, կերել եմ, — խոստովանեց Ալիսը. նա շատ ճշմարտախոս երեխա էր, — Գիտեք չէ՞, որ փոքրիկ աղջիկներն էլ օձերի նման ձու շատ են ուտում:

— Չեմ հավատում, իսկ եթե ուտում են, ուրեմն նրանք էլ օձի մի տեսակն են, ահա թե ինչ:

Սա մի այնպիսի նորություն էր, որ Ալիսը մի քանի րոպե պապանձվեց:

Աղավնին առիթից օգտվելով շարունակեց.

— Ստում ես, գիտեմ, որ հիմա ձու ես փնտրում, և ինձ համար ոչ մի նշանակություն չունի, դու փոքրիկ աղջիկ ես, թե օձ:

— Իսկ ինձ համար նշանակություն ունի, — շտապ վրա տվեց Ալիսը, — բայց ինչպես դուք եք ենթադրում, ես բոլորովին էլ ձու չեմ փնտրում, իսկ եթե չգտնեմ էլ, ձերը չեմ վերցնի, որովհետև հում ձու չեմ սիրում:

— Ուրեմն, հեռացիր այստեղից, — թթված դեմքով ասաց Աղավնին ու մտավ բույնը:

Ալիսը գլխահակ, վախվխելով քայլում էր ծառերի միջով, որովհետև վիզը փաթաթվում էր ճյուղերին և շարունակ կանգ էր առնում արձակելու այն: Քիչ անց հիշեց, որ բռունցքների մեջ սունկի կտորներ են մնացել և զգուշությամբ գործի անցավ՝ կծելով մեկ մի ձեռքի պատառիկը, մեկ մյուս, մերթ երկարելով, մերթ կարճանալով, մինչև որ հաջողվեց նախկին հասակն ընդունել:

Այդ նրան սկզբում անսովոր թվաց, բայց հետզհետե ընտելացավ և, ըստ սովորության, սկսեց խոսել ինքն իր հետ.

— Դե, ահա ծրագրիս կեսն իրագործված է: Ի՜նչ տարօրինակ են այս փոփոխությունները: Ես չգիտեմ, թե հաջորդ վայրկյանին ինչ եմ դառնալու: Դե ինչ, հիմա արդեն նախկինն եմ, և պետք է մտածել գեղատեսիլ պարտեզն ընկնելու մասին: Սակայն ինչպե՞ս:

Այս խոսքերն ասելուն պես նա հանկարծ հայտնվեց մի բացատում, որտեղ մոտ չորս ոտնաչափ բարձրության տնակ կար:

«Ով էլ որ ապրում է այնտեղ, — մտածեց Ալիսը, — երբեք չեմ կարող այս հասակովս հայտնվել ու լեղապատառ անել նրանց»: Նա նորից կերավ աջ ձեռքի պատառից ու չմոտեցավ տնակին այնքան ժամանակ, մինչև որ դարձավ ինը մատնաչափ:

Գլուխ հինգերորդ

  • Բնութագրեք Թրթուրին. ինչ կերպար է նա, ինչ հատկանիշներ գտաք նրա մեջ, մարդու ինչ տեսակի հետ կարող եք համեմատել նրան:

Նա շատ պահանջկոտ կենդանի է,որովհետև պահանջում էր արտասանել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը,և Ալիսը արտասանեց։

Նա նաև նարգիլե էր ծխում և շատ էր սիրում հանելուկներով առաջ գցել և օգնել ինչպես մարդկանց,այդպես ել կենդանիներին։Նա նման էր մարդկանց հանելուկներով օգնող մարդու,պահանջկոտ և ծխող մարդու։

  • Ձեր կարծիքով որն էր Թրթուրի խորհուրդը Ալիսին: Արդյո՞ք ճիշտ խորհուրդ տվեց: Եթե՝ այո, ինչու, եթե՝ ոչ, ապա դուք ինչ խորհուրդ կտայիք նրան այդ իրավիճակում:

Նա խորհուրդ տվեց ընտրել,թե ինչ ճանապարհով է ուզում գնալ Ալիսը։Եվ նա նրան օգնեց,Ալիսը գտավ 5 ոտնաչափ ունեցող տուն։