ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
Խոզն ու պղպեղը

Մի քանի րոպե Ալիսը կանգնած դիտում էր տնակը և մտածում անելիքի մասին: Հանկարծ անտառից վազելով դուրս եկավ շքազգեստ հագած մի ծառա (Ալիսը նրա զգեստից կռահեց, որ նա ծառա է, թեպետ դեմքից դատելով նրան ձուկ կկոչեր) և մոտենալով տնակին, ուժեղ բախեց դուռը: Բացվող դռան մեջ երևաց նույնպիսի շքազգեստ հագած, կլոր դեմքով, գորտի աչքերի նման չռված աչքերով մեկ ուրիշ ծառա: Երկուսն էլ, ինչպես Ալիսը նկատեց, ունեին դիմափոշի քսած մազեր, որոնք գանգուրների էին վերածված ամբողջ գլխով մեկ: Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ինչ է նշանակում այդ բոլորը և թաքնվեց մի հարմար տեղ, անտառից դուրս, որ լսի նրանց խոսակցությունը:

Ծառա-Ձուկը թևի տակից դուրս քաշեց մի հսկայական նամակ՝ մոտավորապես իր մեծության և հանդիսավորությամբ հանձնելով մյուս ծառային, ասաց. «Դքսուհուն: Հրավեր Թագուհուց՝ քրոքեթ խաղալու»: Ծառա-Գորտը նույն հանդիսավորությամբ կրկնեց նրա ասածը՝ միայն փոխելով բառերի դասավորությունը. «Թագուհուց: Հրավեր Դքսուհուն՝ քրոքեթ խաղալու»:

Հետո նրանք այնպես խոր գլուխ տվին, որ նրանց գանգուրները միախառնվեցին:

Ալիսը սրա վրա այնպես բարձր քրքջաց, որ ստիպված վազեց մտավ անտառ: Երբ հետ նայեց, Ծառա-Ձուկը գնացել էր. իսկ Ծառա-Գորտը, անմիտ հայացքը երկնքին հառած, նստել էր դռան շեմին:

Ալիսը երկչոտ քայլերով մոտեցավ դռանը ու բախեց.

— Իզուր ես բախում, — ասաց ծառան, — երկու պատճառով, նախ՝ ես էլ քեզ հետ գտնվում եմ դռան այս կողմը և բացի այդ, նրանք ներսում այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ ոչ ոք քեզ չի լսի:

Եվ իսկապես, Ներսից շատ անսովոր ձայներ էին գալիս: Շարունակ ոռնոց ու փռշտոց, երբեմն էլ՝ ուժգին շրխկոց, կարծես ափսե կամ թեյաման էր փշուր-փշուր լինում:

— Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող եմ ներս մտնել, — հարցրեց Ալիսը:

— Քո բախոցը միգուցե որևէ իմաստ ունենար, — շարունակեց ծառան, առանց ուշադրություն դարձնելու նրան,— եթե դուռը մեր միջև լիներ: Օրինակ, եթե դու ներսում լինեիր, կարող էիր բախել, իսկ ես կբացեի:

Խոսելիս ծառան շարունակ երկնքին էր նայում, որն Ալիսի կարծիքով խիստ անքաղաքավարության նշան էր:

«Գուցե դրանից է, որ աչքերը ճակատի վրա են: Համենայն դեպս, կարող էր պատասխանել իմ հարցերին»,—մտածեց նա:

— Ինչպես կարող եմ ներս մտնել, — նորից հարցրեց Ալիսը, ձայնը բարձրացնելով:

— Ես կնստեմ այստեղ մինչև, վաղը…, — իմիջիայլոց ասաց ծառան:

Այդ պահին հանկարծ տան դուռը բացվեց, և մի խոր ափսե թռավ կպավ ծառայի գլխին, քերծեց քիթն ու դիպչելով ծառին փշուր-փշուր եղավ:

—…Կամ մինչև վաղը չէ մյուս օրը, — միալար շարունակեց ծառան, կարծես ոչինչ չէր պատահել:

— Ինչպե՞ս կարող եմ ներս մտնել, — ձայնը բարձրացնելով կրկնեց Ալիսը:

— Իսկ քեզ ո՞վ կթողնի, — հարցրեց ծառան, — դու այդ մասին բոլորովին չես մտածում:

Ծառայի ասածը իրականություն էր, բայց դա Ալիսին դուր չեկավ:

— Այս արարածների հետ վիճաբանելն ուղղակի անտանելի է, — փնթփնթաց Ալիսը, — մարդու խելքահան են անում:

Ծառան, առիթից օգտվելով, զանազան տարբերակներով արտահայտեց նույն միտքը:

— Ես կնստեմ այստեղ և հիմա, և հետո, և ամեն օր…

— Իսկ ես ի՞նչ անեմ:

— Ինչ ուզում ես արա, — ծառան սկսեց սուլել:

— է՜հ, իզուր է նրա հետ խոսելը, — հուսահատվեց Ալիսը, — նա կատարյալ ապուշ է, — և բացելով դուռը, մտավ ներս:

Միջանցքը տանում էր ուղիղ դեպի խոհանոց, որն ամբողջովին ծայրից ծայր լի էր ծխով: Դքսուհին նստել էր սենյակի մեջտեղում, եռոտանի աթոռակին և օրորում էր գրկի երեխային: Խոհարարուհին, թեքված օջախին, խառնում էր մի մեծ լիքը կաթսա ապուրը:

— Ինչքա՜ն շատ պղպեղ են լցրել մեջը, — մի կերպ կարողացավ ասել Ալիսը և ուժգին փռշտաց:

Օդը հագեցած էր պղպեղի հոտով: Նույնիսկ Դքսուհին ժամանակ առ ժամանակ փռշտում էր, իսկ երեխան անդադար լաց էր լինում ու հետն էլ փռշտում: Միայն երկու հոգի չէին փռշտում՝ մեկը խոհարարուհին էր, իսկ մյուսը՝ մեծ կատուն, որը կրակի մոտ նստած ժպտում էր:

— Ասացե՛ք խնդրեմ, — փոքր-ինչ քաշվելով Դքսուհուն դիմեց Ալիսը, որովհետև չգիտեր, թե իրեն հարմար է առաջինը խոսել, — ինչո՞ւ է ձեր կատուն այդքան երջանիկ ժպտում:

— Դա Չեշիրյան Կատու է, — ասաց Դքսուհին, — ահա թե ինչո՛ւ, «խո՛զ»:

Դքսուհին վերջին բառն այնպիսի ցասումով արտասանեց, որ Ալիսը ցնցվեց: Բայց հետո անմիջապես գլխի ընկավ, որ այդ խոսքն ուղղված էր երեխային, և համարձակություն ստանալով, շարունակեց.

— Ես չգիտեի, որ Չեշիրյան կատուները շարունակ ժպտում են: Ճիշտն ասած, ես նույնիսկ չգիտեի, որ ընդհանրապես կատուները կարողանում են ժպտալ:

— Նրանք բոլորն էլ կարող են, — բացատրեց Դքսուհին, — և մեծամասնությունն էլ ժպտում է:

— Ես ոչ մի կատու չեմ ճանաչում, որ կարողանա ժպտալ, — խիստ քաղաքավարի ասաց Ալիսը, գոհ, որ խոսակցություն է սկսել:

— Դու շատ բան չգիտես, — նկատեց Դքսուհին, — և դա փաստ է:

Ալիսին բոլորովին դուր չեկավ այդ դիտողությունը և որոշեց խոսքը փոխել: Մինչ փորձում էր հարմար նյութ ընտրել, խոհարարուհին ապուրով կաթսան իջեցրեց կրակից ու անմիջապես գործի անցավ շրջապատում եղած իրերը մեկ առ մեկ նետելով Դքսուհու և երեխայի վրա: Սկզբում թռան ունելիները, դրանց հաջորդեց պղինձների, սկուտեղների ու ափսեների մի տարափ: Դքսուհին ամենևին ուշադրություն չէր դարձնում այդ բոլորի վրա, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք վնասում էին իրեն: Իսկ երեխան առանց այդ էլ այնպես բարձր էր ոռնում, որ անհնար էր ասել, հարվածները վնասում էին նրան, թե ոչ:

— Վա՜յ, զգույշ, այդ ի՞նչ եք անում, — սարսափահար վեր թռավ Ալիսը, — երեխայի թանկագին քիթը վնասվեց:

Անսովոր մեծության մի տապակ թռավ-անցավ երեխայի մոտով և քիչ մնաց պոկեր քիթը:

— Եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր, — փնթփնթաց Դքսուհին, — երկիրն ավելի արագ կպտտվեր:

— Դրանից ոչինչ չէր փոխվի, — Ալիսը շատ ուրախացավ, որ իր գիտելիքները ցուցադրելու հարմար առիթ գտավ, — ապա մտածեք, ինչ կլիներ ցերեկվա ու գիշերվա հետ: Ինչպես գիտեք, երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը քսանչորս ժամում:

— Հիմա մի վայրկյանում կպտտվես քո առանցքի շուրջը, — ճչաց Դքսուհին, — կտրել նրա գլուխը:

Ալիսը վախեցած նայեց խոհարարուհուն, թե արդյո՞ք նա կկատարի Դքսուհու հրամանը, բայց խոհարարուհին եռանդով ապուրն էր խառնում, կարծես չէր էլ լսել Դքսուհուն:

Ալիսը շարունակեց.

— Կարծեմ քսանչորս ժամում է, թե՝ տասներկու, ես…

— է՜հ, հանգիստ թող ինձ, ես թվեր չեմ սիրում, — ասաց Դքսուհին և սկսեց ցնցել երեխային, երգելով օրորոցայինի նմանվող մի բան՝ յուրաքանչյուր տողի վերջում ուժգին թափ տալով մանկանը.

Լավ քոթակ տուր քո տղային,
Եթե հանկարծ փռշտա.
Օյիններ են սիրում խաղալ,
Մեր ջիգրո՛ւ են անում դա:


Կրկներգ (որին ձայնակցում էին խոհարարուհին ու երեխան)՝


Հա՛փչի, հա՛փչի, հա՛փչի[15]:


Երբ Դքսուհին անցավ երկրորդ քառյակին, նա սկսեց երեխային կոպտորեն վեր ու վար նետել: Խեղճ փոքրիկն այնպես էր ոռնում, որ Ալիսը հազիվ էր կարողանում զանազանել բառերը.

Քոթակում եմ իմ տղային,
Եթե հանկարծ փռշտա.
Թողնես ամբողջ օրը նստած
Կարմիր պղպեղ ուտի նա:


Կրկներգ՝

Հափչի, հափչի, հափչի:


— Եթե ուզում ես, կարող ես նրան մի քիչ օրորել, բռնի՛ր, — Դքսուհին երեխային շպրտեց Ալիսի կողմը, — ես պետք է հագնվեմ, որ Թագուհու մոտ գնամ քրոքեթ խաղալու, — և դուրս եկավ սենյակից: Խոհարարուհին տապակը շպրտեց Դքսուհու հետևից, բայց վրիպեց:

Ալիսը դժվարությամբ բռնեց փոքրիկին, որովհետև նրա մարմնի կառուցվածքը շատ տարօրինակ էր, և ձեռքերն ու ոտքերը տարբեր ուղղությամբ էին տարածվում: «Կարծես աստղաձուկ լինի», — մտածեց Ալիսը:

Խեղճ փոքրիկը փնչացնում էր շոգեքարշի նման: Նա մեկ կծկվում էր, մեկ նորից ձգվում այնպես, որ սկզբում դժվար էր նրան գրկելր:

Հենց որ Ալիսը նրան գրկելու ձևը գտավ (երեխային հանգույցի պես ոլորեց, աջ ականջը պինդ սեղմեց ձախ ոտքին, հնարավորություն չտալով ձգվելու), դուրս եկավ բակ: «Եթե սրան հետս չվերցնեմ, — մտածեց նա, — հավանաբար, մի երկու օրից կսպանեն: Իսկ եթե թողնեմ այս տեղ, արածս հանցագործություն չի լինի արդյոք»: Նա վերջին խոսքերը բարձրաձայն ասաց, իսկ երեխան ի պատասխան խռխռաց: (Նա այլևս չէր փռշտում):

— Ի՞նչ ես խռխռում, — հորդորեց Ալիսը, — կարծում ես դրանով կարո՞ղ ես մտքերդ արտահայտել:

Երեխան նորից խռխռաց: Ալիսը անհանգստացած նայեց նրա դեմքին: Կասկած չկար, որ երեխայի վեր ցցված քիթն ավելի շուտ նման էր խոզի դնչի, քան սովորական քթի: Աչքերը չափազանց փոքր էին: Ընդհանրապես, Ալիսին բոլորովին դուր չէր գալիս նրա արտաքինը:

— Գուցե հեկեկու՞մ է, — Ալիսը նրա աչքերում արցունքներ չնկատեց:

— Եթե ուզում ես խոզ դառնալ, սիրելիս, — խիստ ասաց նա, — ես քեզ հետ այլևս անելիք չունեմ: Լավ մտածիր:

Խեղճ փոքրիկ արարածը նորից հեկեկաց (կամ խռխռաց, դա անհնար է ասել) և նրանք միառժամանակ լուռ քայլեցին՝

Մինչ Ալիսը մտածում էր. «Ի՞նչ եմ անելու սրան, երբ տուն հասնեմ», — երեխան սկսեց դարձյալ խռխռալ ու այնպիսի ուժգնությամբ, որ Ալիսը տագնապահար նայեց նրա դեմքին: Այս անգամ սխալմունք լինել չէր կարող: Անտարակույս, դա մի կատարյալ գոճի էր, և չլսված հիմարություն էր նրան գրկած տանելը:

Նա ցած դրեց խոզուկին և շատ ուրախացավ, երբ սա չորեքթաթ վազ տվեց դեպի անտառ:

— Երբ մեծանար, — ասաց Ալիսը, — սարսափելի տգեղ երեխա կլիներ, բայց երևի գեղեցիկ խոզ կդառնա:

Նա սկսեց մտածել իր ճանաչած երեխաների մասին, որոնք սիրունիկ գոճիներ կլինեին:

— Մարդ միայն իմանար նրանց խոզ դարձնելու ձևը, — Ալիսը դեռ նոր էր արտասանել այդ խոսքերը, երբ հանկարծ կանգ առավ՝ նկատելով ծառին նստած Չեշիրյան Կատվին, իրենից մի քանի քայլ հեռավորության վրա:

Տեսնելով Ալիսին, Կատուն միայն ժպտաց[16]: Ալիսը մտածեց, որ նա բարեհոգի է: Բայց Կատուն շատ երկար ճանկեր և սուր ատամներ ուներ, ուստի պետք է ստիպված հարգանքով վերաբերվեր նրան:

— Չեշիրյան Փիսիկ,—վախվորած սկսեց Ալիսը, որովհետև չգիտեր, թե նրան դուր կգա այդ անունը:

Կատուն էլ ավելի լայն ժպտաց:

«Առայժմ նրան հաճելի է», — ենթադրեց Ալիսն ու շարունակեց.

— Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը:

— Դա կախված է այն բանից, թե ուր ես ուզում գնալ:

— Ինձ համար միևնույն է, — ասաց Ալիսը:

— Ուրեմն նշանակություն չունի, թե ուր կգնաս:

— Միայն թե որևէ տեղ հասնեմ, — ավելացրեց Ալիսը:

— Դե, իհարկե կհասնես, — հաստատեց Կատուն, — եթե միայն շատ հեռու գնաս:

Ալիսն զգաց, որ հակառակվելն ավելորդ է և փորձեց մեկ ուրիշ հարց տալ:

— Ի՞նչ մարդիկ են ապրում մոտերքում:

— Այս կողմում, — ցույց տվեց Կատուն՝ թափահարելով աջ թաթը, — ապրում է Գլխարկագործը, — իսկ այն կողմում, — Կատուն թափահարեց մյուս թաթը, — ապրում է Մարտյան Նապաստակը: Այցելիր ում որ կամենաս: Նրանք երկուսն էլ խելագար են[17]:

— Բայց ես չեմ ուզում խելագարների մոտ գնալ, նեղսրտեց Ալիսը:

— Դու չես կարող չգնալ, մենք բոլորս էլ այստեղ խելագարներ ենք: Ես խելագար եմ, դու խելագար ես:

— Իսկ որտեղի՞ց գիտեք, որ ես խելագար եմ: Եթե խելագար չլինեիր, այստեղ չէիր գա:

Ալիսը համաձայն չէր Կատվի ասածներին: Այնուամենայնիվ, շարունակեց.

— Իսկ որտեղի՞ց գիտեք, որ դուք խելագար եք:

— Սկսենք այն բանից, որ Շունը խելագար չէ: Համաձա՞յն ես:

— Ենթադրենք:

— Դե, ուրեմն, — շարունակեց Կատուն, — Շունը գռմռում է, երբ բարկանում է, իսկ երբ գոհ է, պոչն է շարժում: Իսկ ես գռմռում եմ, երբ գոհ եմ և պոչս եմ շարժում, երբ բարկացած եմ: Դրա համար էլ ես խելագար եմ:

— Ես ձեր արածը կանվանեի մռլտոց ն ոչ թե գռմռոց:

— Ինչպես ուզում ես անվանիր, — անփույթ ասաց Կատուն: — Այսօր Թագուհու մոտ քրոքեթ խաղալու ես:

— Շատ եմ ուզում, բայց հրավիրված չեմ:

— Դու ինձ այնտեղ կտեսնես, — ասաց կատուն ու չքացավ:

Ալիսն այնքան էլ չզարմացավ, որովհետև արդեն վարժվել էր տարօրինակությունների: Մինչ շարունակում էր նայել ճյուղին, որի վրա քիչ առաջ նստած էր Կատուն, հանկարծ սա նորից հայտնվեց:

— Իմիջիայլոց, ինչ եղավ երեխան, քիչ մնաց մոռանայի, — հարցրեց Կատուն:

— Խոզ դարձավ, — շատ հանգիստ պատասխանեց Ալիսը, կարծես Կատուն սովորական ձևով հետ եկած լիներ:

— Այդպես էլ գիտեի: — ու նորից չքացավ:

Ալիսը սպասեց մի քիչ, հուսալով, հր նորից կտեսնի Կատվին, բայց իզուր: Քիչ անց քայլեց այն ուղղությամբ, որտեղ Մարտյան Նապաստակն էր ապրում:

— Գլխարկագործներ շատ եմ տեսել, Մարտյան Նապաստակն ավելի հետաքրքիր է: Բայց կարող է պատահել, նա այլևս խելագար չէ, որովհետև հիմա մայիս է, և կամ էլ ոչ այնքան խելագար, ինչպես մարտ ամսին:

Այս խոսքերն ասելուն պես նա վեր նայեց ու կրկին տեսավ ծառին նստած Կատվին:

— Դու խո՞զ ասացիր, թե՞ պոզ:

— Խոզ ասացի, — պատասխանեց Ալիսը, — ես կուզեի, որ դուք այդպես հանկարծակի չհայտնվեիք ու չանհետանայիք, մարդու գլուխն ուղղակի պտտվում է:

— Շատ լավ, — զիջեց Կատուն ու այս անգամ դանդաղ անհետացավ՝ սկսեց պոչի ծայրից մինչև ժպիտը, որը մնաց բավական ժամանակ նրա անհետանալուդ հետո:

«Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ առանց կատվի, երբեք[18]: Դա ամենահետաքրքիր բան՝ է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում», —եզրակացրեց Ալիսը: Նա շատ չէր հեռացել, երբ երևաց Մարտյան Նապաստակի տունը: Ալիսը չէր սխալվում, որովհետև ծխնելույզները նման էին նապաստակի ականջների, իսկ տանիքը ծածկված էր մորթով: Տունն այնքան մեծ էր, որ Ալիսը չհամարձակվեց մոտենալ, մինչև չկծեց աջ ձեռքում գտնվող սունկի կտորից ու չերկարեց երկու ոտնաչափ: Նույնիսկ դրանից հետո էլ նա երկչոտ քայլեց՝ մտածելով.

«Իսկ եթե Մարտյան Նապաստակի գժությունը բռնած լինի երանի Գլխարկագործի մոտ գնայի»:

Գլուխ վեցերորդ

  • Եթե համեմատեք Երկիր մոլորակը այն տան հետ, ուր Ալիսը մտավ, ինչ նմանություններ ու տարբերություններ կգտնեք:

Կգտնենք,որ Ալիսի աշխարհում շատ տարօրինակ բաներ են լինում,նաև շատ յուրօրինակ կենդանիներ կան նրա աշխարհում,որոնք նույնիսկ խոսում են։Բայց եկեք չմոռանանք,որ սա պարզապես հրաշքներով լի հեքիաթ է։Նաև տարօրինակ Կենդանի է Չեշիրյան կատուն,որն խոսում էր ու միայն ժպտում․Տարօրինակ էր թագուհու պահվածքը փոքրիկ երեխայի հանդեպ և այլ տարբեր բաներ։

  • Ովքեր են խոհարարը, դքսուհին և երեխան մեր մոլորակում:

Խոհարարը դա մի կերպար է,ով մեզ համար ուտելիքները պատրաստում,ամենից հաճախ մենք նրան կարող ենք տեսնել ռեստորաններում ու այլ տարբեր ճաշարաններում։

Դքսուհին այն մարդն է,ով պարտադրում է մարդկանց,թե ինչ անել և ինչպես անել։Նա թագավորի,իշխանի կամ դուքսի կինը։Նա կառավարում է երկրով,ինչպես թագավորը։

Երեխան,այն փոքր արարածն է,ով ծնունդ է առնում ընտանիքում,դաստիարակություն ստանում,մեծանում,կրթություն ստանում,այնուհետև աշխատելով ,իր գիտելիքները օգտագործելով աշխատանքի մեջ դառնում է հասարակության անդամ կամ ժողովրդի մասնիկ։

  • Ինչպես էր բացատրում-մեկնաբանում Կատուն իր խելագար լինելը: Համաձա՞յն ես նրա բացատրության հետ: Ինչու:

Կատուն բացատրում է,որ նա խելագար է,որովհետև շունը երբ գռմռում է նշանակում է,որ նա դժգոհ է ու բարկացած,իսկ երբ պոչն է շարժում․նշանակում է նա գոհ է։Իսկ կատվի մոտ դա հակառակն էր։Երբ նա բարկացած է պոչն է շարժում,իսկ երբ գոհ է գռմռում է կամ մռմռում։