ԳԼՈԻԽ ՅՈԹԵՐՈՐԴ
Խելահեղ թեյըմպում

Տան առջև՝ ծառի տակ սեղան էր դրված, որի շուրջը նստած Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը թեյ էին խմում, իսկ նրանց մեջտեղում գտնվող Քնամուկը խորը քնած էր: Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը արմունկները հենել էին Քնամկան վրա որպես բարձի և քաղցր-քաղցր զրուցում էին նրա գլխի վրայով:

«Ի՛նչ անհարմար վիճակի մեջ է խեղճ Քնամուկը, — մտածեց Ալիսը, — բայց երևի ոչինչ չի զգում, որովհետև քնած է»:

Չնայած սեղանը բավական երկար էր, բայց նրանք երեքով խմբվել էին մի անկյունում:

— Տեղ չկա, տեղ չկա, — աղջկան տեսնելուն պես միաբերան գոռացին նրանք:

— Տեղ շատ կա, — զայրացավ Ալիսն ու նստեց սեղանի ծայրին գտնվող մեծ բազկաթոռի մեջ:

— Գինի կցանկանայի՞ր, — քաջալերող ձայնով հարցրեց Մարտյան Նապաստակը:

Ալիսը նայեց սեղանին, բայց թեյից բացի ոչինչ չտեսավ:

— Իսկ ու՞ր է գինին, — զարմացավ Ալիսը:

— Այստեղ գինի չկա, — ասաց Մարտյան Նապաստակը:

— Այդ դեպքում ձեր կողմից մեծ անքաղաքավարություն է առաջարկել այն, ինչ չկա, — վրդովվեց Ալիսը:

— Քո կողմից էլ մեծ անքաղաքավարություն էր առանց հրավերի նստելը, — պատասխանեց Մարտյան Նապաստակը:

— Ես չգիտեի, որ այս սեղանը միայն ձեզ համար է, և բացի այդ, այստեղ երեքից ավելին կարող են նստել:

— Քո մազերը կտրել է պետք, — նկատեց Գլխարկագործը: Նա մինչ այդ հետաքրքրությամբ դիտում էր Ալիսին, և սա նրա առաջին խոսքն էր:

— Խնդրում եմ ուրիշի գործերին չխառնվել, — խիստ ասաց Ալիսը, — դա անվայել բան է:

Լսելով այդ, Գլխարկագործը աչքերը չռեց, բայց ասաց հետևյալը.

— Ի՞նչ նմանություն կա ագռավի և գրասեղանի միջև[19]:

«Այժմ մի քիչ կծիծաղենք, ինչ լավ է, որ անցանք հանելուկներին», — մտածեց նա և բարձրաձայն ավելացրեց.

— Հենց հիմա կասեմ դրա պատասխանը:

— Կարծում ես կարո՞ղ ես, — հարցրեց Մարտյան Նապաստակը:

— Իհարկե:

— Դե, ուրեմն ասա, — ավելացրեց Մարտյան Նապաստակը:

— Կասեմ, — շտապ վրա բերեց Ալիսը, — առնվազն… առնվազն, ես կարծում եմ, որ… գիտե՞ք ինչ, դրանք միևնույն բաներն են:

— Բոլորովին էլ ոչ, — հակաճառեց Գլխարկագործը, — եթե այդպես լիներ, ապա հետևյալ նախադասությունները միևնույն բանը կնշանակեին. «Ես տեսնում եմ այն, ինչ ուտում եմ» և «Ես ուտում եմ այն, ինչ տեսնում եմ»:

— Նույն ձևով էլ կարող էիր ասել, — ավելացրեց Մարտյան Նապաստակը, — որ «Ես սիրում եմ այն, ինչ ունեմ» և «Ես ունեմ այն, ինչ սիրում եմ» մտքերը մեկ իմաստ ունեն:

— Դու նույնպես կարող էիր ասել, — շարունակեց Քնամուկը խոսելով քնի մեջ, որ՝ «Ես շնչում եմ, երբ քնած եմ» նույնն է, ինչ որ՝ «Ես քնած եմ, երբ. շնչում եմ»:

— Դա քեզ համար է միևնույնը, — սաստեց Գլխարկագործը և այստեղ խոսակցությունն ընդհատվեց, խումբը մի պահ լուռ նստեց: Մինչ այդ Ալիսը մտածում էր ագռավների ու գրասեղանների մասին, բայց ոչ մի նմանություն չկարողացավ գտնել:

Գլխարկագործը առաջինը խզեց լռությունը և, դիմելով Ալիսին, հարցրեց.

— Այսօր ամսի քանի՞սն է:

Նա գրպանից հանել էր ժամացույցը և մերթ ընդ մերթ թափահարելով, ականջին մոտեցնելով, անհանգստացած նայում էր վրան:

Ալիսը քիչ մտածեց, ապա պատասխանեց.

— Չորսը:

— Երկու օր հետ է մնացել, — հառաչեց Գլխարկագործը, — ես քեզ չէի ասում, որ կարագը սրա համար չէ, — բարկացած նայելով Մարտյան Նապաստակին՝ ավելացրեց:

— Դա ամենաընտիր կարագն է, — մեղավորի նման արդարացավ Մարտյան Նապաստակը:

— Այո, բայց երևի մեջը հացի փշրանքներ էին ընկել, — փնթփնթաց Գլխարկագործը, — դու չպետք է կարագը հացի դանակով քսեիր:

Մարտյան Նապաստակը վերցրեց ժամացույցն ու մտածկոտ նայեց: Հետո մտցրեց թեյի բաժակի մեջ ու կրկին նայեց, բայց չկարողացավ հարմար պատասխան գտնել, կրկնեց քիչ առաջվա ասածը.

— Դա ամենաընտիր կարագն է:

Ալիսը նրա ուսի վրայից հետաքրքրությամբ դիտում էր:

— Ի՜նչ ծիծաղելի ժամացույց է, — նկատեց նա, — ամսվա օրերն է ցույց տալիս և ոչ թե օրվա ժամերը:

— Ինչո՞ւ ես զարմանում, — հարցրեց Գլխարկագործը, — մի՞թե քո ժամացույցը տարիներն է ցույց տալիս:

— Իհարկե ոչ, — անմիջապես վրա տվեց Ալիսը, — չէ որ երկար ժամանակ նույն տարին է լինում:

— Ճիշտ այդպես էլ իմ ժամացույցն է[20]:

Ալիսը բոլորովին խճճվեց: Գլխարկագործի խոսքերը թեև արտասանվեցին քերականորեն ճիշտ, բայց անիմաստ հնչեցին:

— Ես ձեզ բոլորովին չեմ հասկանում, — հնարավորին չափ քաղաքավարի ասաց Ալիսը:

— Քնամուկը նորից է քնել, — նկատեց Գլխարկագործը և տաք թեյ լցրեց նրա քթին:

Քնամուկը վրդովված թափահարեց գլուխը և առանց աչքերը բացելու խոսեց.

— Իհարկե, իհարկե, դու ասացիր այն, ինչ ես ինքս էի ուզում ասել:

— Գուշակեցի՞ր հանելուկը, — նորից Ալիսին դիմեց Գլխարկագործը:

— Ոչ, հանձնվում եմ, — պատասխանեց Ալիսը, — ո՞րն է պատասխանը:

— Գաղափար անգամ չունեմ, — ասաց Գլխարկագործը:

— Ես էլ, — շարունակեց Մարտյան Նապաստակը:

Ալիսը ծանր հառաչեց:

— Լավ կլիներ, որ դուք ժամանակն օգտավետ անցկացնեիք, քան թե վատնեիք անպատասխան հանելուկներ առաջարկելով:

— Եթե դու ճանաչեիր ժամանակին այնպես, ինչպես ես, — ասաց Գլխարկագործը, — ապա նրան անօգտավետ վատնելու մասին չէիր խոսի: ժամանակը՝ դա նա է:

— Չեմ հասկանում, ինչ եք ուզում ասել:

— Իհարկե, չես հասկանա, — Գլխարկագործը արհամարհանքով շարժեց գլուխը, — Համարձակվում եմ ասել, դու երբեք ժամանակի հետ չես խոսել:

— Թերևս, — զգույշ պատասխանեց Ալիսը, — բայց գիտեմ, որ ժամանակ էի վատնում երաժշտություն սովորելու համար:

— Լավ, ամեն ինչ պարզ է, — նկատեց Գլխարկագործը,. — ժամանակը տանել չի կարող, երբ վատնում են իրեն: Եթե դու նրա հետ լավ հարաբերությունների մեջ լինեիր, նա ուզածիդ պես կվարվեր ժամացույցիդ հետ: Օրինակ, ասենք առավոտյան ժամը ինն է, դպրոց գնալու ժամանակը: Դու միայն շշնջա նրա ականջին, և մի ակնթարթում սլաքները կպտտվեն: Մեկն անց կեսն է, ճաշի ժամն է:

— Ի՜նչ լավ կլիներ, — շշնջաց Մարտյան Նապաստակը:

— Իհարկե, չտեսնված կլիներ, — մտածկոտ ասաց Ալիսը, — միայն թե ես ուտել չէի ցանկանա:

— Սկզբում, հավանաբար, այդպես կլիներ, — բացատրեց Գլխարկագործը, — բայց սլաքները ուզածիդ չափ կարող ես պահել մեկն անց կեսի վրա:

— Ուրեմն դուք այդպե՞ս եք վարվում:

Գլխարկագործը մռայլ օրորեց գլուխը:

— Ես՝ ոչ, — պատասխանեց նա: — Մենք անցյալ տարի մարտ ամսին վիճեցինք, գիտես, հենց սրա խելագարվելուց առաջ (նա թեյի գդալով ցույց տվեց Մարտյան Նապաստակին): Այդ Փոսիկի Թագուհու տված համերգին էր, և ես պիտի երգեի.

Շողա չղջիկ, կայծկլտա,
Ուզածդ ով կիմանա…


Երևի դու գիտես այդ երգը:

— Դրա նման ինչ-որ բան լսել եմ, — ասաց Ալիսը:

— Իսկ շարունակությունն այսպես է, — նորից երգեց Գլխարկագործը.

Թռչիր օդում շարունակ,
Ինչպես թեյի մի պնակ…
Շողա, չղջիկ, կայծկլտա՛…[21]


Այստեղ Քնամուկը թափ տվեց իրեն ու սկսեց երգել քնի մեջ. «Շողա, չղջիկ, կայծկլտա…» և շարունակեց այնքան ժամանակ, մինչև նրան կսմթեցին, ու նա լռեց:

— Դե, ես հազիվ էի առաջին քառյակը վերջացրել, — ասաց Գլխարկագործը, — երբ Թագուհին վեր թռավ ու ճչաց. «Նա սպանում է ժամանակը: Կտրել նրա գլուխը»:

— Ի՜նչ սարսափելի վայրագություն,—բացականչեց Ալիսը:

— Այդ օրվանից, — տխուր շարունակեց Գլխարկագործը, — Ժամանակը չի կատարում իմ խնդրանքը: Մեզ մոտ միշտ ժամը վեցն է:

Մի պայծառ միտք ծագեց Ալիսի գլխում:

— Ուրեմն ա՞յդ է պատճառը, որ այստեղ շատ թեյի սպասք կա, — հարցրեց նա:

— Այո, — հառաչեց Գլխարկագործը, — մեզ մոտ միշտ թեյի ժամն է, և մենք չենք հասցնում ափսեները լվանալ:

— Եվ շարունակ պտտվում եք սեղանի շու՞րջը:

— Ճիշտ այդպես, հենց որ բաժակները փոխելու հարկ է լինում:

— Իսկ ե՞րբ ամեն ինչ նորից սկսեք, — համարձակվեց հարցնել Ալիսը:

— Եկեք ուրիշ բանի մասին խոսենք, — ընդմիջեց Մարտյան Նապաստակը հորանջելով, — ես արդեն հոգնեցի այդ ամենից: Առաջարկում եմ, որ այս երիտասարդ օրիորդը մեզ մի հեքիաթ պատմի:

— Շատ ափսոս, բայց ես ոչ մի հեքիաթ չգիտեմ, — Ալիսին փոքր-ինչ տագնապ պատճառեց Մարտյան Նապաստակի առաջարկությունը:

— Դե, ուրեմն, Քնամուկը թող պատմի, — միաժամանակ բղավեցին Գլխարկագործն ու Մարտյան Նապաստակը և սկսեցին աջ ու ձախ կսմթել նրան, — արթնացի՛ր, Քնամուկ:

Քնամուկը դանդաղ բացեց աչքերը:

— Ես քնած չէի, — խռպոտ ու թույլ ձայնով ասաց նա, — և լսեցի ամբողջ խոսակցությունը, բառ առ բառ:

— Մեզ մի բան պատմիր, — ասաց Մարտյան Նապաստակը:

— Ի՜նչ կլինի, պատմեցեք, — խնդրեց Ալիսը:

— Շտապիր, — ավելացրեց Գլխարկագործը, — թե չէ չվերջացրած՝ նորից քուն կմտնես:

— Լինում է, չի լինում, երեք քույր են լինում, — վրա տվեց Քնամուկը, — Էլսին, Լասին ու Թիլլին[22]. նրանք բնակվում էին ջրհորի հատակում…

— Իսկ ինչո՞վ էին սնվում, — հարց տվեց Ալիսը, որը միշտ հետաքրքրություն էր ցուցաբերում ուտելիքի մասին եղած զրույցին:

՚— Օշարակով, — մի երկու րոպե մտածելուց հետո պատասխանեց Քնամուկը:

— Բայց միայն դրանով սնվել հնարավոր չէ, — մեղմ նկատեց Ալիսը, — նրանք կհիվանդանային:

— Այդպես էլ եղավ, նրանք ծանր հիվանդացան, — հաստատեց Քնամուկը:

Ալիսը փորձեց պատկերացնել այդ արտասովոր ապրելակերպը, բայց բան դուրս չեկավ:

— Իսկ ինչո՞ւ էին նրանք բնակվում ջրհորի հատակում, — հարցրեց նա:

— Մի քիչ թեյ ավելացրու, — ամենայն լրջությամբ ասաց Մարտյան Նապաստակը:

— Ես դեռ ոչինչ չեմ լցրել, — վիրավորվեց Ալիսը, — այնպես որ, ավելացնել չեմ կարող:

— Ուզում ես ասել, պիտի ասեի լցրու և ոչ թե ավելացրու, — նկատեց Գլխարկագործը, — իհարկե, ավելի հեշտ է ավելացնելը, քան թե ոչինչ չլցնելը:

— Ոչ ոք ձեր կարծիքը չհարցրեց, — խիստ ասաց Ալիսը:

— Հիմա ո՞վ է ուրիշի գործերին խառնվում, — հաղթականորեն բացականչեց Գլխարկագործը:

Ալիսը չգիտեր ինչ պատասխան տար: Նա մի բաժակ թեյ լցրեց, հացին կարագ քսեց ու դիմելով Քնամկանը, կրկնեց.

— Իսկ ինչո՞ւ էին նրանք, բնակվում ջրհորի հատակում:

Քնամուկը դարձյալ մի երկու րոպե մտածեց, ապա ասաց.

— Դա օշարակի ջրհոր էր:

— Այդպիսի ջրհոր չի լինում: — Ալիսն արդեն սկսել էր բարկանալ:

Գլխարկագործն ու Մարտյան Նապաստակը սաստեցին նրան՝ սուս, սուս, իսկ Քնամուկը նեղացած շարունակեց.

— Եթե չես կարող քեզ զսպել, ապա ինքդ վերջացրու պատմությունը:

— Ոչ, խնդրում եմ, շարունակեք, — մեղմացավ Ալիսը, — ես ձեզ այլևս չեմ ընդհատի, հնարավոր է, որ մի այդպիսի ջրհոր լինի։

— Մի հատ այդպիսին, իհարկե, կա, — արհամարհանքով նետեց Քնամուկը, — բայց և այնպես համաձայնեց շարունակել, — հա, ուրեմն այդ երեք քույրերը սովորեցին կրել…

— Իսկ ինչ էին կրում, — ամբողջովին մոռանալով իր խոստումը, հետաքրքրվեց Ալիսը:

— Օշարակ, — այս անգամ արդեն առանց մտածելու պատասխանեց Քնամուկը:

— Ինձ մի մաքուր բաժակ է պետք, — ընդհատեց Գլխարկագործը, — եկեք բոլորս մի-մի աթոռ այն կողմ գնանք:

Խոսելիս նա փոխեց տեղը: Նրան հետևեց Քնամուկը: Մարտյան Նապաստակը գրավեց Քնամկան տեղը, իսկ Ալիսը մեծ տհաճությամբ նստեց Մարտյան Նապաստակի աթոռին: Գլխարկագործը միակն էր, որ այդ փոփոխությունից շահեց: Ալիսի վիճակն առաջվանից ավելի վատ էր, որովհետև Մարտյան Նապաստակը քիչ առաջ շրջել էր կաթի ամանն իր ափսեի մեջ:

Ալիսը չէր ուզում Քնամկանը նորից վիրավորել և շատ զգուշությամբ հարցրեց.

— Բայց ես չեմ հասկանում, թե նրանք որտեղից էին օշարակ կրում:

— Դու կարող ես ջուր կրել ջրհորից, — պատասխանեց Գլխարկագործը, — նրանք էլ օշարակ էին կրում օշարակի ջրհորից: Է՜հ, հիմարի մեկը:

— Բայց չէ՞ որ նրանք բնակվում էին ջրհորում, — ուշադրություն չդարձնելով Գլխարկագործի վերջին խոսքին, հարցրեց Ալիսը:

— Իհարկե, — հաստատեց Քնամուկը, — ջրհորում:

Այս պատասխանն այնպես շփոթեցրեց խեղճ Ալիսին, որ նա մի որոշ ժամանակ չընդհատեց Քնամկանը:

— Նրանք սովորում էին գրել, — հորանջելով ու աչքերը տրորելով շարունակեց Քնամուկը, — գրում էին զանազան բառեր, այն ամենը, ինչ սկսվում է «Մ» տառով:

— ինչո՞ւ «Մ» տառով, — հարցրեց Ալիսը:

— Իսկ ինչո՞ւ ոչ, — ասաց Մարտյան Նապաստակը:

Ալիսը լռեց:

Քնամուկն արդեն փակել էր աչքերն ու ննջում էր, բայց Գլխարկագործը կսմթեց նրան, վերջինս թույլ ճիչ արձակելով արթնացավ.

— Այն ամենը, ինչ սկսվում է «Մ» տառով, օրինակ՝ մկան թակարդ, մարդ, միտք և միլիոն»: Դու հաճախ ասում ես՝ «միլիոններ ու միլիոններ», բայց երբևէ տեսել ես այդքան շատ բառ գրված:

— Եթե դուք ինձ եք հարցնում, — շփոթվեց Ալիսը, — չեմ տեսել:

— Ուրեմն, լռիր, — սաստեց Գլխարկագործը:

Ալիսը չկարողացավ հանդուրժել այդ կոպտությունը: Նա վիրավորված ոտքի ելավ ու հեռացավ: Քնամուկն անմիջապես քուն մտավ: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա գնալուն: Ալիսը մերթ ընդ մերթ հետ էր նայում, հուսալով, որ կկանչեն իրեն: Վերջին անգամ տեսավ, թե ինչպես Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը փորձում էին Քնամկանը խցկել թեյամանի մեջ:

— Ինչ էլ որ լինի, այլևս հետ չեմ դառնա, — Ալիսը սկսեց փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը, — սա ամենահիմար թեյըմպումն էր, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում:

Հանկարծ Ալիսը ծառերից մեկի վրա դուռ նշմարեց:

— Ա՜յ քեզ բան, այսօր ամեն ինչ արտասովոր է: Ինձ թվում է, ես անմիջապես կկարողանամ ներս մտնել:

Ալիսը քայլերն ուղղեց դեպի դուռը և նորից հայտնվեց երկար սրահում՝ փոքրիկ ապակե սեղանի մոտ:

— Այս անգամ գործն ավելի լավ գլուխ կբերեմ, — վճռեց նա ու վերցնելով փոքրիկ ոսկե բանալին, բացեց պարտեզ տանող դուռը: Ապա կերավ սնկից (գրպանում դեռ մի կտոր կար), դարձավ մեկ ոտնաչափ, հետո անցավ նեղ միջանցքով ու վերջապես հայտնվեց գեղատեսիլ պարտեզում՝ զով շատրվանների ու գեղեցիկ ծաղկաթմբերի միջև:

Գլուխ յոթերորդ

  • Գտնել Ժամանակին վերաբերող հատվածը և մեկնաբանել՝ ինչ եք հասկանում այդ հատվածից:

Օրինակ, ասենք առավոտյան ժամը ինն է, դպրոց գնալու ժամանակը: Դու միայն շշնջա նրա ականջին, և մի ակնթարթում սլաքները կպտտվեն: Մեկն անց կեսն է, ճաշի ժամն է:

Բայց սլաքները ուզածիդ չափ կարող ես պահել մեկն անց կեսի վրա:

«Նա սպանում է ժամանակը: Կտրել նրա գլուխը»:

  • Ինչու է Ժամանակ-ը գրված մեծատառով:

Այն պատճառով,որ հենց ժամանակի պահով,պատճառով սկսվեց այս վճիռը։Երևի որպես վճռի գլխավոր պատճառը։

  • Ինչ կանեիք, եթե դուք էլ կարողանայիք ժամանակը տանել կամ կանգնեցնել այնտեղ, որտեղ ձեզ անհրաժեշտ է: Ինչու:

/ԲԱՆԱՎՈՐ/