ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Ո՞վ է գողացել կարկանդակները

Փոսիկի Թագավորն ու Թագուհին բազմել էին գահին: Հոծ բազմություն էր հավաքվել, զանազան փոքրիկ թռչուններ, գազաններ, խաղաթղթերի ամբողջ կապուկը, շղթայակապ Վալետը՝ հսկող զինվորներով շրջապատված, կանգնել էին նրանց դիմաց: Թագավորի կողքին էր Սպիտակ ճագարը: Նրա մի ձեռքին շեփորն էր, մյուսին՝ սպիտակ մագաղաթը: Դատարանի մեջտեղում սեղան էր դրված՝ վրան մի լիքը ափսե կարկանդակ, որոնց ախորժալի տեսքից Ալիսը քաղց զգաց:

«Երանի դատը շուտ վերջանար, և բոլորիս հյուրասիրեին», — մտածեց աղջիկը: Սակայն դա այնքան էլ հավանական չէր և ժամանակ անցկացնելու համար սկսեց զննել շրջապատը:

Նա երբեք դատարանում չէր եղել, միայն գրքերից գիտեր և շատ ուրախացավ, երբ կարողացավ զանազանել բոլոր պաշտոնյաներին:

— Սա դատավորն է, որովհետև կեղծամ ունի:

Ի միջի այլոց, դատավորը Թագավորն էր: Նա թագը դրել էր կեղծամի վրա (նայեք ճակատի նկարին, եթե ուզում եք տեսնել, թե նա ինչպես է հագել այն) և անհանգիստ էր զգում իրեն, և դա բոլորովին սազական չէր նրան:

— Սա ատենակալների աթոռն է, — մտածեց Ալիսը, — իսկ այդ տասներկու արարածներն էլ (նա ստիպված էր ատենակալներին «արարածներ» կոչել, որովհետև, ինչպես արդեն ասացինք, նրանցից մի քանիսը կենդանիներ էին, իսկ մի քանիսը՝ թռչուններ) ատենակալներն են: Նա վերջին բառը երկու-երեք անգամ կրկնեց հպարտ-հպարտ, քանի որ իր տարիքից քիչ աղջիկներ գիտեին այդ, նա իրավացի էր: Բայց և այնպես ավելի լավ կլիներ, եթե ասեր «երդվյալ ատենակալներ»:

Բոլոր տասներկու ատենակալներն էլ եռանդով գրում էին՝ քարե տախտակների վրա:

— Այդ ի՞նչ են գրում., — շշնջաց Ալիսը Արծվառյուծի ականջին, — չէ որ դատը դեռ չի սկսվել:

— Իրենց անունները, — նույնպես շշուկով պատասխանեց Արծվառյուծը, — երևի վախենում են մինչև դատի վերջը մոռանան:

— Հիմարներ, — արհամարհանքով նետեց Ալիսը, բայց իսկույն լռեց, որովհետև այդ նույն վայրկյանին Սպիտակ ճագարը գոռաց.

— Լռությո՛ւն:

Թագավորը դրեց ակնոցը և անհանգստացած նայեց շուրջը՝ տեսնելու խոսողին:

Ալիսը կարողացավ պարզ տեսնել, ասես ատենակալների ուսերի վրայով նայելիս լիներ, որ բոլորն էլ իրենց քարե տախտակների վրա գրեցին «հիմարներ»: Իսկ նրանցից մեկը, որը չէր կարողանում հեգել այդ բառը, ստիպված հարցրեց կողքինին, թե ինչպես է գրվում այն:

— Մինչև դատի վերջը նրանց քարե տախտակների վրա ազատ տեղ չի մնա, — եզրակացրեց Ալիսը:

Ատենակալներից մեկի մատիտը գրելիս խզխզում էր. դա, իհարկե, այն աստիճան նյարդայնացրեց Ալիսին, որ նա ոտքի ելավ, շրջանցեց դահլիճը ու հասնելով ատենակալին, թռցրեց մատիտը: Այդ գործողությունն այնքան արագ կատարվեց, որ խեղճ փոքրիկը (դա Մողես-Բիլն էր) ոչինչ չկարողացավ հասկանալ: Մատիտն ամենուր փնտրելուց հետո ստիպված եղավ մատով գրել մինչև օրվա վերջը: Նրա աշխատանքն իզուր էր, որովհետև քարե տախտակի վրա հետք չէր մնում:

— Մունետիկ, կարդա մեղադրականը, — ասաց Թագավորը:

Որից հետո Սպիտակ ճագարը երեք անգամ հնչեցրեց շեփորը, հետո բացեց մագաղաթն ու կարդաց հետևյալը.

Փոսիկի Աղջիկը
Եկավ ու կանգնեց,
Մի քանի համով
Կարկանդակ թխեց:

Փոսիկի Վալետը
Եկավ ու կանգնեց,
Գողացավ դրանք
Արանքը ճղեց[31]:


— Ի՞նչ վճիռ եք կայացնում, — ատենակալներին դիմեց Թագավորը:

— Հիմա չէ, հիմա չէ, — հապշտապ ընդհատեց ճագարը, — մինչ այդ շատ անելիքներ կան:

— Կանչիր առաջին վկային, — կարգադրեց Թագավորը: Սպիտակ ճագարը երեք անգամ փչեց փողն ու ձայնեց.

— Առաջին վկա:

Առաջին վկան Գլխարկագործն էր: Նրա մի ձեռքին թեյի բաժակն էր, իսկ մյուսին՝ կարագահացը:

— Կներեք, ձերդ գերազանցություն, — սկսեց նա, — որ սրանք հետս եմ բերել: Երբ կանչեցին, ես թեյս դեռ չէի վերջացրել:

— Դու պետք է վերջացնեիր, — ասաց Թագավորը, — երբ ես սկսել:

Գլխարկագործը Նայեց Մարտյան Նապաստակին, որը Քնամկանը թևանցուկ արած եկել էր նրա հետևից:

— Կարծեմ, մարտի տասնչորսին էր, — ասաց Գլխարկագործը:

— Տասնհինգին էր, — ուղղեց Մարտյան Նապաստակը:

— Տասնվեցին էր, — ավելացրեց Քնամուկը:

— Գրեցեք, — հրամայեց Թագավորը:

Ատենակալներն անմիջապես գրեցին այդ թվերը, գումարեցին և ստացածը վերածեցին շիլինգների ու վենսերի:

— Գլխարկդ հանիր, — ասաց Թագավորը Գլխարկագործին:

— Գա իմ գլխարկը չէ:

— Գողացված է, — բացականչեց Թագավորը նայելով ատենակալներին, որոնք անմիջապես նշեցին այդ Փաստը:

— Ծախելու համար եմ պահում, — որպես բացատրություն ավելացրեց Գլխարկագործը, — ես սեփական գլխարկ չունեմ: Ես Գլխարկագործ եմ:

Այստեղ Թագուհին դրեց ակնոցը և մի այնպիսի հայացք նետեց Գլխարկագործի վրա, որ վերջինս սփրթնեց ու սկսեց անհանգիստ շարժումներ անել:

— Վկայություն տուր, — ասաց Թագավորը, — և հանգիստ կանգնիր, թե չէ տեղնուտեղը գլխատել կտամ:

Բայց այդ խոսքերն անհրաժեշտ ազդեցություն չգործեցին Գլխարկագործի վրա: Նա մեկ մի ոտքին էր հենվում, մեկ՝ մյուս ու սարսափահար նայում Թագուհուն և այն աստիճան էր հուզվել, որ կարագահացի փոխարեն կծեց բաժակը:

Հ-ենց այդ պահին Ալիսին համակեց մի տարօրինակ զգացում, և դա այնպես շփոթեցրեց նրան, որ երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. վերջապես գլխի ընկավ՝ ինքը նորից սկսել էր աճել: Սկզբում որոշեց հեռանալ դահլիճից, բայց փոքր-ինչ մտածելուց հետո վճռեց մնալ այնքան, քանի դեռ տեղը կբավականացներ իր համար:

— Այդպես մի սեղմիր ինձ, — ասաց Քնամուկը, որ նստած էր Ալիսի կողքին, — հազիվ եմ շնչում:

— Ի՞նչ կարող եմ անել, — մեղմ ասաց Ալիսը, — ես մեծանում եմ:

— Դու իրավունք չունես այստեղ մեծանալու, — բարկացավ Քնամուկը:

— Հիմարություններ դուրս մի տվեք, — համարձակվեց նկատել Ալիսը: — Իսկ գիտեք, որ դուք էլ եք մեծանում:

— Այո, բայց ես քիչ տարածություն եմ զբաղեցնում և քիչ եմ մեծանում, ոչ թե քեզ նման ահռելի չափերով, — Քնամուկը խոժոռված ելավ տեղից ու անցավ դահլիճի մյուս կողմը:

Թագուհին, որ մինչ այդ անթարթ նայում էր Գլխարկագործին, տեսնելով Քնամկան տեղափոխությունը, դիմեց դատարանի կատարածուներից մեկին.

— Վերջին համերգի երգիչների ցուցակը:

Այս խոսքերի վրա թշվառ Գլխարկագործն այնպես դողացրեց, որ կոշիկները դուրս թռան ոտքերից:

— Վկայություն տուր, — զայրացած կրկնեց Թագավորը, — թե չէ գլխատել կտամ, ինձ համար ոչ մի նշանակություն չունի քո բարկությունը:

— Ես մի թույլ մարդ եմ, ձերդ գերազանցություն, — սարսափահար արդարացավ Գլխարկագործը, — նոր էի սկսել թեյել, մի շաբաթ առաջ, երբ կարագահացն սկսեց բարակել, իսկ թեյը թափվեց…

— Թեյն ի՞նչ եղավ:

— Ամեն ինչ սկսվեց թեյից:

— Թեյից միայն նախաճաշն է սկսվում, — կտրուկ ասաց Թագավորը: — Դու ինձ հիմարի տեղ ես դնում, ինչ է: Շարունակիր:

— Ես մի թույլ մարդ եմ, — կրկնեց Գլխարկագործը,— այդ դեպքից հետո ամեն ինչ թափվում է:

— Ես չեմ ասել,— անմիջապես հակառակվեց Մարտյան Նապաստակը:

— Ասել ես, — կրկնեց Գլխարկագործը:

— Ես ժխտում եմ,— պատասխանեց Մարտյան Նապաստակը:

— Նա ժխտում է, — կրկնեց Թագավորը, — անցեք առաջ:

— Դե, ուրեմն, Քնամուկն ասաց… — շարունակեց Գլխարկագործը և. անհանգստացած նայեց շուրջը՝ տեսնելու, թե արդյոք Քնամուկն էլ է ընդդիմախոսելու, բայց Քնամուկն

անխռով քնած էր:

— Հետո, — հոգոց հանեց Գլխարկագործը, — ես մի հատ էլ կարագահաց վերցրի:

— Իսկ ի՞նչ ասաց Քնամուկը, — հարցրեց ատենակալներից մեկը:

— Այդ մեկը չեմ հիշում,—պատասխանեց Գլխարկագործը:

— Դու պետք է հիշես, — պնդեց Թագավորը, — թե չէ գլխատել կտամ:

Թշվառ Գլխարկագործը ձեռքից բաց թողեց բաժակն ու կարագահացը և ծնկի եկավ:

— Ես մի թույլ մարդ եմ, ձերդ գերազանցություն:

— Դու շատ թույլ հռետոր ես, — ասաց Թագավորը: Այստեղ ծովախոզերից մեկն սկսեց ծափահարել, բայց նրան անմիջապես կանխեցին: (Քանի որ դա շատ դժվար բան է, ես ձեզ կբացատրեմ, թե այդ գործն ինչպես գլուխ բերեցին: Դատարանի կատարածուները ծայրին պարաններ ունեցող մի լայն պարկ բերեցին, ծովախոզին գլխիվայր մտցրին մեջն ու նստեցին վրան):

— Լավ էր, տեսա, — ուրախացավ Ալիսը, — շատ հաճախ եմ լրագրերում կարդացել. «Դատի վերջում ծափահարության մի քանի փորձեր եղան, բայց դատարանի կատարածուներն անմիջապես կանխեցին»: Մինչև այժմ չէի հասկացել դրա նշանակությունը:

— Եթե դա է քո ամբողջ իմացածը, կարող ես ոտքի ելնել, — կարգադրեց Թագավորը:

— Ես չեմ կարող ոտքի ելնել, որովհետև արդեն կանգնած եմ:

— Ուրեմն, կարող ես նստել:

Այստեղ մի ուրիշ ծովախոզ սկսեց ծափահարել, բայց նրան էլ անմիջապես լռեցրին:

«Ծովախոզերի ձայնը կտրեցին, երևի դատն ավելի արագ կընթանա», — մտածեց Ալիսը:

― Եu գնամ թեյս վերջացնեմ, — Գլխարկագործն անհանգստացած դիմեց Թագուհուն, որն աչքի էր անցկացնում երգիչների ցուցակը:

— Հեռացիր, — կարգադրեց Թագավորը և Գլխարկագործն այնքան արագ դուրս նետվեց, որ նույնիսկ չհասցրեց հագնել կոշիկները:

— Հենց հիմա կտրեցեք նրա գլուխը, այնտեղ դրսում, — հրամայեց Թագուհին:

Բայց մինչև կատարածուն կհասներ դռանը, Գլխարկագործն արդեն անհետացել էր:

— Կանչիր մյուս վկային, — ասաց Թագավորը:

Հաջորդ վկան Դքսուհու խոհարարուհին էր: Նա պղպեղի տուփը բռնել էր ձեռքում: Ալիսն անմիջապես գլխի ընկավ, թե ով է նա, որովհետև դռան մոտ կանգնածներն անմիջապես սկսեցին փռշտալ:

— Տուր քո վկայությունը, — ասաց Թագավորը:

— Չեմ տա, — պատասխանեց խոհարարուհին:

Թագավորն անհանգստացած նայեց Սպիտակ ճագարին, որը շշնջաց.

— Ձերդ գերազանցությունը պետք է խաչաձև հարցաքննության ենթարկի այս վկային:

— Դե, եթե ես պետք է խաչաձևեմ, ուրեմն կխաչաձևեմ, — հառաչեց Թագավորը և ձեռքերը խաչաձևելով, աչքերն այնպես ոլորեց խոհարարուհու վրա, որ կոպերը համարյա փակվեցին:

— Ինչի՞ց են պատրաստում կարկանդակները, — խուլ հարցաքննեց Թագավորը:

— Հիմնականում պղպեղից, — պատասխանեց խոհարարուհին:

— Օշարակից, — լսվեց մի քնկոտ ձայն Ալիսի հետևում:

— Բռնեք Քնամկան օձիքից, — ճչաց Թագուհին, — գլխատեք Քնամկանը: Դատարանից դուրս վռնդեք նրան, ճզմեք, կսմթեք նրան, կտրեք նրա այտմորուսները:

Մի քանի րոպե դահլիճում իրարանցում էր, բայց երբ Քնամկանը դուրս հանեցին, և բոլորը կրկին գրավեցին տեղերը, խոհարարուհին չքվել էր:

— Ոչինչ, կանչիր մյուս վկային, — թեթևացած շունչ քաշեց Թագավորը, հետո դիմեց Թագուհուն.

— Սիրելիս, դու պետք է խաչաձև հարցաքննության ենթարկես հաջորդ վկային: Եu չեմ կարող անել, որովհետև գլուխս ցավում է:

Ալիսը հետաքրքրությամբ նայում էր Սպիտակ ճագարին, որը բացում էր ոլորած ցուցակը և անհամբեր սպասում, թե ով է լինելու հաջորդ վկան:

«Նրանք դեռ ոչ մի վկայություն չեն ստացել», — մտածում էր նա:

Պատկերացրեք նրա զարմանքը, երբ Սպիտակ ճագարը զիլ ձայնով հայտարարեց.

— Ալիս:

Գլուխ տասնմեկերորդ

  • Նկարագրեք, թե ինչպիսին է դատարանը վիպակում:

Իսկական կյանքում դատարաններում ավելի լուրջ են ու անխոս,իսկ այստեղ բոլորը խոսում էին,ով ուզում էր խոսում էր և ինչ ուզում անում էր։Նաև իրական դատարաններում,մարդիկ վախենում են դատավորից և նրա օգնկականներից,իսկ այստեղ խոհարարուհրին գոռաց դատավոր-արքայի վրա,և վերիջինս վախեցավ։

  • Ինչ նոր հատկանիշներ հայտնաբերեցիք թագավորի ու թագուհու մեջ այս գլխում:

Թագավորն ու թագուհին իրենց պահում էին հանգիստ և,ինչպես մեծ և ծեր մարդիկ։Նրանք մեկ-մեկ խոսում էին և գոռում էին մարդկանց վրա,կամ նույնիսկ գլխատում էին։Նրանք այստեղ իրենց հանգիստ ու խախանդ էին պահում։

  • Ինչպիսին էին  դատարան և հարցաքննվող (վկաներ) հարաբերությունները:

Վկանները անչափ վախենում էին դատավորից։Նրանք այնպես էին արդարանում,որպեսզի կասկածից դուրս մնան։Եվ նույնիսկ ոմանք չէին վախենում․և նաև գոռում էին գլխավոր մարդկաց վրա։

  • Կարող եք բացատրել՝ ինչի է նման դատարանի արածը, ինչ է այն ձեզ հիշեցնում:

Ինձ հիշեցնում է ընտանիքին,որովհետև այնտեղ էլ էր այդպես։Եվ նաև կարող եմ նմանացնել դպրոցին,ով ուզում խոսում է,ով ինչ ուզւոմ անում էր։