Կոնդ. Ներքևից վերև

Նախագծ ինպատակ՝ուսումնասիրել Երևան քաղաքի հին թաղամասերից մեկի՝ Կոնդի պատմությունը։ Հավաքելով նյութեր հնարավորիս մանրամասն ներկայացնել Կոնդի պատմությունը, նրա ազդեցությունը Երևան քաղաքի պատմույթյան և զարգացման վրա։ Բնակիչների օգնությամբ հավաքել նյութեր, զրույցներ, պատմություններ հին Կոնդի մասին,տեղի բնակաիչների ներգաղթածների հաստատվելու, ինչպես նաև ավանդույթների վերաբերյալ։ Պատրաստել ինֆորմացիոն պատմումներ տեղի հոգևոր կառույցների, ինչպես նաև օտար զավթիչների դեմ տարածքի պաշպանության մասին։

Կոնդ

Նախագծի իրականացման ժամնակահատված՝ ուսումնական երրորդ շրջան Նախագծիիրականացմանվայր՝ ՄՍԿՀ, Միջին և Ավագ դպրոց, Երևան քաղաք․ Կոնդ թաղամաս

Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, աշխատայիցներ Օգտագործվող միջոցներ՝ համացանցային, գրքային տեղեկություններ, լուսանկարչական ապարատ, ձայնագրող սարք։

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանում

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Կոնդի հեռանկարային ծրագիր

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ։ Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ։ Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985 թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց։

Կոնդ / քաղաք քաղաքի ներսում

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդ թաղամասը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:

Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Կոնդի առօրյան

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները:

Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:

Կոնդի ամենադաժան թշնամին կրակն է

Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները. կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները: Կոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն միանգամից այրվել: Հրդեհից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավերագրական ֆիլմում:

Երևանի հին թաղի հին խնդիրները

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Ասիական հին քաղաքին բնորոշ նեղ՝ 3-4 ոտնաչափ լայնությամբ ծուռումուռ փողոցներ՝ երկու կողմերում ոռոգման առուներ, կավից ու մանր քարերից կառուցված պարսպապատ տնակներ։ Սա հին Կոնդն է։ Ու որքան հին է թաղը, այնքան էլ հին ու շատ են թաղի խնդիրները․ դրանք կուտակվել են տասնամյակներ շարունակ։ 21-րդ դարի հեշտ կյանքը շրջանցել է Կոնդի խարխուլ, իրար վրա լցված տնակները։ Դրանց մեծ մասը չունեն առանձին սանհանգույց, կոյուղի, մարդիկ ջուր են կրում դրսի ծորակներից, ապրում են տանիքի փլվելու կամ հրդեհի բռնկման վտանգի մեջ։ Ու այդպես էլ ապրում են արդեն քանի՜ տասնամյակ։ Այստեղ ժամանակը կանգ է առել, բայց այդ կանգառը ավերիչ է։ Միայն առաջին հայացքից այստեղ ոչինչ չի փոխվել, իրականում թաղը քանդվում է ներսից։ Միգուցե ավելի հեշտ լիներ քանդել հին տները և կառուցապատել բնակելի շենքերով՝ կոնդեցիներին հարմարավետ բնակարաններ հատկացնելով։ Բայց կյանքի առանձնահատուկ ռիթմով ապրող, մայրաքաղաքային փայլերից ու լույսերից վեր ծվարած այս բլուրը խտացրել է երևանյան մի յուրահատուկ շունչ, որն առանձնահատուկ ձգողական ուժ է հաղորդում Կոնդին։ Ու ինչպես հին, մաշված, բայց շատ սիրելի մի իր, Կոնդը պահել են Երևանի իր անկյունում ու չգիտեն՝ գցեն, թե չգցեն, քանդենք, թե չքանդեն․ ինչ անեն, ինչպես նոր կյանք հաղորդեն նրան, որ և՛ նոր լինի, և՛ մեր հին ու բարի Կոնդը մնա։

Կոնդի վերակառուցման նախագիծը

Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չի ստացել ու դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։ Թամանյանն ընդհանրապես Կոնդի վերակառուցում չի նախատեսել, այնտեղ կանաչ գոտի է պատկերացրել, բայց բլուրը այդ թվականների հիմնական կառուցապաումից դուրս է մնացել դիրքի պատճառով։
Քաղաքի կենտրոնում քաղաքից կտրված թաղամասի կառուցապատման խնդրին լրջորեն անդրադարձան 1984-85թթ.-ին։ Հայտարարվեց Կոնդի վերակառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթ: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն ուներ Կոնդի վերակառուցման իր մտապատկերը․ «Դուք եղե՞լ եք Փարիզում, տեսե՞լ եք Մոնմարտրը: Ես ուզում եմ, որ Կոնդը դառնա Երևանի Մոնմարտրը», -ասել էր նա ճարտարապետ Արշավիր Աղեկյանին, որի նախագիծն էլ հենց ընդունվել էր մրցույթի արդյունքում։ Ըստ Արշավիր Աղեկյանի նախագծի Սարյան, Լեո, Պարոնյան փողոցների երկայնքով նախատեսվում էր բնակելի զոնա՝ տերասաձև ներքին բակերի համակարգով, օգտագործվող կանաչապատ կտուրներով: Կոնդի բարձունքի միջնամասում՝ մոտ 5հա տարածքում, նախատեսվում էր հասարակական կենտրոն, որտեղ վերակառուցվող տները հնարավոր կլիներ օգտագործել որպես արվեստանոցներ, ժողովրդական վարպետների արհեստանոցներ, ցուցադրման և վաճառքի սրահներ։ Իսկ Դվին հյուրանոցի հյուսիսային հատվածի վերակառուցվող տներում, ըստ նախագծի լինելու էր տուրիստական կենտրոն՝ բակերի շուրջը համախմբված ծավալներով: Այն զբաղեցնում էր մոտ 3հա տարածք: Բայց նախագիծը կյանքի չկոչվեց վրա հասած երկրաշարժի և դրան հաջորդած դեպքերի պատճառով։
Արշավիր Աղեկյանը շատ է կարևորում այս թաղի վերակառուցումը․«Երևանում շատ թե քիչ պահպանված թաղամասերից, որն իր վրա կարող է վերցնել պատմամշակութային ֆունկցիա, դա Կոնդ բնակատեղին է: Մեզ հասած այդ թաղամասն ունի ուշ միջնադարյան կառուցապատման հենք: Կատարված նախագիծը նպատակ է հետապնդել, հենվելով Կոնդի տարերային կառուցապատման, մասշտաբի և տարածության կազմակերպման միջնադարյան ոգու վրա, ստեղծել ժողովրդական ճարտարապետության հավաքական կերպար: Պատմական հարուստ անցյալ ունեցող, բայց իրական ապացույցներից զուրկ քաղաքամայր Երևանում այս խնդիրն առավել հրատապ է»:
Այդ հրատապությունը չի կորել նաև այսօր՝ նախագծի ընդունումից երեք տասնամյակ անց, որովհետև հնի պահպանությունն ու վերականգնումն այսօր ավելի է գնահատվում ու կարևորվում, այսօր նորակառույց երկնաքերերով այնքան չես կզարմացնես, որքան հնաոճ տներով պարփակված մի կարճ փողոցի վերականգնումով, որտեղ մարդն իրեն ավելի շատ է կապված զգում իր քաղաքի անցյալին ու արմատներին։