Մեղուներ — վերնաընտանիքի թռչող միջատների խումբ։ Սերտ կապված են կրետների և մրջյունների հետ։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար:
Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։
- Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
- Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
- Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:
- Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:
- Մեղուն կարող է տանել մոտ 50 մգ նեկտար և ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու
Ես այս տեսանյութի մեջ պատմում եմ մեղուների մասին: