Անանիա Շիրակացի  7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։

Միջնադարյան հայ մատենագրության աստղաբույլում իր ուրույն տեղն ու դերն ունի 7-րդ դարի մեծահանճար գիտնական և իմաստասեր Անանիա Շիրակացին: Նա օժտված էր բնության երևույթները գիտականորեն ընկալելու և վերլուծելու բացառիկ տաղանդով: Իր իմաստասիրական երկերում նա անդրադառնում է գիտության գրեթե բոլոր բնագավառներին` մաթեմատիկային, տիեզերագիտությանը, տոմարագիտությանը, չափերին ու կշիռներին, աշխարհագրությանը, օդերևութաբանությանը, պատմագիտությանը և այլն, սակայն նախապատվությունը տալիս է բնական գիտություններին:

Զուր չէ, որ ակադ. Մ. Աբեղյանը, Շիրակացուն համարելով բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ, գրում է. «Որքան էլ Անանիայից առաջ հայոց մեջ եղել է տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս «համարողնե իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտական, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»:

Շիրակացու կյանքի և գործունեության վերաբերյալ արժեքավոր տվյալներ է տալիս նրա ինքնակենսագրությունը «Անանիա Շիրակունիոյ երիցս երանեալ վարդապետի վասն որպիսութեան կենաց իւրոց» վերնագրով, որը մանրամասն գրել և մեզ է թողել հենց ինքը` հեղինակը: Վերջինս ճշմարտացի տվյալներ է պարունակում հեղինակի անձի, նրա կյանքի և գործունեության վերաբերյալ: Այն մեզ է հասել տասը ձեռագիր ընդօրինակություններով, որոնցից հինգը Մաշտոցի անվան Մատենադարանում են, իսկ մյուսները մեկական ձեռագրով` Բրիտանական թանգարանում, Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում, Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում, Պոլսի ազգային մատենադարանում և նախկին Մարաշի հայկական ձեռագրական հավաքածուի մեջ (տե’ս «Անանիա Շիրակացու մատենագրությունը», էջ 31-32 և Հ. Անասյանի «Հայկական մատենագրությունը», հ. Ա., էջ 734-735):