Խոզի գրիպը» մարդկանց և կենդանիների հիվանդության պայմանական անվանումն է, որի հարուցիչը գրիպի վիրուսի շտամերն են: Առաջին անգամ խոզի գրիպի բռնկում արձանագրվեց 2009-ի մարտին Մեխիկոյում: Վիրուսն առաջացել է եվրոպական և ամերիկյան ցեղատեսակների խոզերի գրիպի երկու վիրուսի խաչաձևման հետևանքով, որը նաև մարդուն վարակելու և մարդուց մարդուն անցնելու հատկություն ձեռք բերեց:

Խոզի գրիպը. Տեսակները, ախտանիշներն ու բուժումը

Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին: Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուս «սովորական» ձևերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ: Այն կոչվում է A (Н1N1) վիրուս:

Ընդհանուր առմամբ գոյություն ունի գրիպի վիրուսի 3 խումբ` А, В և C: А խմբի վիրուսներն ամենազանգվածային ու ծանր հիվանդությունները` պանդեմիա, այսինքն համաշխարհային համաճարակ, են առաջացնում:

А խմբի վիրուսները շատ են: Դրանք ախտահարում են մարդկանց, ձիերին, խոզերին, բադերին, սագերին, ճայերին, փոկերին, դելֆիններին: Յուրաքանչյուր տեսակին իր վիրուսներն են հատուկ: Սակայն խմբի վիրուսներն արագ զարգանում են և խաչաձևվում: Եվ երբեմն կարող է առաջանալ այնպիսի վիրուս, որը կարող է վարակիչ լինել ոչ միայն «իր» տեսակի, այլ նաև մյուսների համար:

Ինչ վերաբերում է խոզի գրիպին, ապա խոզերի գրիպի վիրուսները շատ ավելի մոտ են մարդու գրիպի վիրուսներին, քան, օրինակ, թռչունների վիրուսները: H1N1 խմբի վիրուսն արտաքին միջավայրում կայունության առումով ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս վիրուսներից: Դրանք բոլորը բավականին լավ պահպանվում են նաև ցուրտ եղանակին:

Մարդու գրիպի վիրուսներն ամենից լավ են զարգանում 33о — 39оC աստիճանի պայմաններում: Բայց պետք չէ հուսալ, թե վիրուսը կոչնչանա օրգանիզմում հիվանդի բարձր ջերմությունից: Հիվանդն ավելի շուտ կվախճանվի: Եթե ջերմությունը 39,5оC բարձր է, այն հարկավոր է իջեցնել ջերմիջեցնող դեղերի միջոցով:

Եթե մարդ հիվանդացել է գրիպով, նա կայուն դիմադրողականություն է ձեռք բերում այն վիրուսի հանդեպ, որն առաջացրել էր հիվանդությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, մարդու գրիպի վիրուսները շատ արագ են զարգանում, ուստի ընթացիկ շրջանում հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսի հանդեպ իմունիտետը կարող է քիչ ազդեցիկ լինել այն վիրուսի հանդեպ, որը կտարածվի 3-4 տարի անց:

Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:

Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են`

• շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն

• մաշկի կապտավուն երանգ

• արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ

• ցավ կրծքավանդակում

• հոգեկան վիճակի փոփոխություն

• բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր

• արյան ցածր ճնշում

Մահացու ելքեր գրիպի դեպքում լինում են տարբեր պատճառներով: Շատ բան կախված է դիմադրողականությունից և քրոնիկ հիվանդությունների առկայությունից: Ավելի հաճախ մահվան պատճառ է դառնում թոքաբորբը: Գրիպի ժամանակ թոքաբորբը կարող է վիրուսածին լինել, ինչն առավել վտանգավոր է, սակայն ավելի հաճախ զարգանում է երկրորդական բակտերիալ թոքաբորբ:

Կանխարգելիչ միջոցներն են` սպորտը, զբոսանքը մաքուր օդում, օրվա ընթացքում ավելի քան 3 լ հեղուկի ընդունումը (բացառությամբ գազավորված ըմպելիքների): Դիմադրողականության բարձրացմանը նպաստում է մասուրով թեյի օգտագործումը:

Կարևոր է նաև դիմակ կրել, որն արդյունավետ է, պաշտպանում է փռշտալու ժամանակ առաջացող հեղուկի մանր կաթիլներից, որոնք նստում են 4-5 ժամվա ընթացքում:

Արդյունավետ է նաև սենյակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Մի քիչ պատմությունից

2009-ին H1N1-ն իրոք էլ շատ վտանգավոր էր. աշխարհը պատրաստ չէր այդ համաճարակին, այդ պատճառով դա այդքան շատ կյանք խլեց: Այսօր սակայն,  H1N1-ը պանդեմիկ գրիպից վերածվել է սովորական սեզոնային գրիպի. տվյալներ չկան այն մասին, որ դրանից մահացությունը գերազանցում է գրիպի այլ տեսակներից մահացությունը:  

Ինչպես պնդում են մասնագետները, այսօր խոզի գրիպը մարդու մոտ անցնում է այնպես, ինչպես ցանկացած այլ գրիպ: Դեպքերի մեծ մասում եթե հիվանդն ընդհանուր առմամբ առողջ է, գրիպը մեկ շաբաթից անցնում է առանց նույնիսկ դեղերով բուժման: 

Սակայն այսպես կոչված ռիսկի խմբերից մարդկանց մոտ խոզի գրիպը, ինչպես եւ գրիպի այլ տարատեսակները կարող են մի շարք բարդություններ առաջացնել, օրինակ` մանրէածին կամ հարուցիչային թոքաբորբ  (վերջինս զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ եւ ճիշտ բուժման բացակայության դեպքում կարող է շատ կարճ ժամանակում սպանել մարդուն):

Գրիպի փոխանցումը՝

Գրիպի այդ վիրուսը հնարավոր է հայտնաբերել նաեւ կենդանիների մոտ, սակայն այսօր այն հազվադեպ է փոխանցվում կենդանիներից մարդուն եւ դրա փոխանցման հիմնական ուղին օդն է: Այսինքն եթե վարակված մարդը, օրինակ, փռշտա եւ հազա առողջի կողքին, գրիպի հարուցիչը կարող է օդով փոխանցվել առողջ մարդու օրգանիզմ: Հարուցիչները կարող են հաստատվել նաեւ տարածքների մակերեւույթներին, եւ վարակված մակերեւույթին, հետո քթին կամ շուրթերին դիպչող մարդը  կարող է վարակվել: Գրիպով վարակվել հնարավոր է նաեւ կեղտոտ ձեռքերի միջոցով, հենց դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ լվալ դրանք: 

Ինչպես պաշտպանվել H1N1-ից

Գրիպով չվարակվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ միջոցները ձեռք առնել.

• Հաճախ օդափոխել տարածքները

• Հիվանդ մարդկանց 1-2 մետրից ավելի չմոտենալ

• Բազմամարդ վայրերում, ինչպես նաեւ տարածքներում, որտեղ կարող են հիվանդներ լինել, բժշկական դիմակներ կրել 

• Հաճախ լվալ ձեռքերը

• Հաճախ թաց գործվածքով սրբել մակերեւույթները 

• Մտածել գրիպի դեմ պատվաստվելու մասին, հատկապես եթե դուք ռիսկի խմբում եք: 

Եթե բարձր ջերմաստիճանը ձեզ մոտ պահպանվում է  48 ժամից ավելի, դա արդեն բժշկի դիմելու առիթ է:

Մասնագետները հիշեցնում են, որ եթե դուք գրիպի ախտանիշներ ունեք, եթե ջերմաստիճանը բարձր է եւ վատ ինքնազգացողություն ունեք, ավելի լավ է տանը չնստել եւ ինքնաբուժմամբ չզբաղվել: Ի վերջո այս տարի գրիպի զոհ դարձած մարդկանց մեծամասնությունը հիվանդանոց է դիմել հիվանդանալու 7-10-րդ օրը, մինչդեռ դա պիտի անեին արդեն 2-3-րդ օրը:

1 կայք

2 կայք

Ռուսական կայք

Երկրորդ ռուսական կայք