Բագրատունյաց թագավորության հզորացումը Գագիկ Ա-ի օրոք
Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX–XIX դարեր):
Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020):
Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ:
Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը: Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը: Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը:

Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:
998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա: Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին: Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին:
Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:

Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը: Այդ տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար վարում էին սպարապետի պաշտոնը: Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին: Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել: Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն: Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում:
Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:
Հետաքրքիր փաստ՝
Բագրատունիների զինանշանի՝դրոշի վրա պատկերված կենդանու գաղափարը,միտքը վերցրել է Զաքարյանների տոհմը։Տեսնելով Բագրատունյաց դրոշը,նրանք այն վերցրել են,որպես օրինակ,հետո ձևափոխել են,և անմիջապես դարձրել անհատական դրոշ՝զինանշան։