Կատարման ժամկետը՝ 08․02․21- 15․02․21 թթ․
Առաջին պարապմունք՝ Կառոլինգյան թագավորություն․ Կառլոս Մեծ
Կառլոս Մեծ

Կառլոս Մեծը Ֆրանկական պետության Կարոլինգների արքայատոհմի (751 թ. – X դար) թագավոր է (768–800 թթ.) և կայսր (800–814 թթ.): Արքայատոհմը կոչվել է զորավար ու հմուտ քաղաքագետ Կառլոս Մեծի անունով. նրա օրոք Ֆրանկական պետությունը հասել է իր հզորության գագաթնակետին:
Կառլոսը Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Մինչև 771 թ. կառավարել է եղբոր՝ Կառլոմանի հետ, նրա մահից հետո դարձել է Ֆրանկական պետության միանձնյա կառավարիչը: Բազմաթիվ հաղթական պատերազմներից հետո իր իշխանությունը տարածել է Արևմտյան Եվրոպայի մեծ մասի վրա: 773–774 թթ-ին Հյուսիսային Իտալիայում նվաճել է Լանգոբարդների թագավորությունը, այնուհետև` Բավարիայի դքսությունը: Ֆրանկներին հաջողվել է ամրանալ նաև Պիրենեյների հարավային լանջերին, որտեղ ստեղծել են սահմանային` Իսպանական Մարկ դքսությունը: Շուրջ 30 տարի պատերազմել են սաքսերի դեմ, որոնք բնակվում էին Հռենոսի և Էլբայի շրջաններում: VIII դարի 70-ական թվականներին ֆրանկներն իրենց են ենթարկել արևմտյան սաքսերին, վեստֆալներին, օստֆալներին: 777 թ-ին սաքսերի ցեղերի մեծ մասի առաջնորդները Կառլոս Մեծին հավատարմության երդում են տվել և պարտավորվել մկրտվել, սակայն շուտով ապստամբել են՝ փորձելով տապալել ֆրանկների լուծը:
Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է:778 թ-ին Կառլոս Մեծն արշավել է Իսպանիա և հասել մինչև Սարագոսա: Սակայն, հանդիպելով արաբների համառ դիմադրությանը, նահանջել է: Հետդարձի ճանապարհին լեռնցի բասկերը շրջապատել են ֆրանկների վերջապահ գունդը, որի հրամանատարն էր կոմս Ռոլանդը, և ոչնչացրել: Ճակատամարտում Ռոլանդի անձնուրաց սխրագործությունը հետագայում դարձել է ֆրանսիական «Երգ Ռոլանդի մասին» (1100–25 թթ.) էպոսի հիմքը, որը համաշխարհային դյուցազներգական գրականության գլուխգործոցներից է:Կառլոս Մեծի տերությունը զբաղեցրել է Արևմտյան Հռոմեական կայսրության հիմնական տարածքը, որը հիմք է հանդիսացել կայսեր տիտղոսի վերականգնման համար: 800 թ-ի վերջին Հռոմի Սբ Պետրոս տաճարում Լևոն III պապը Կառլոս Մեծին թագադրել է կայսր: Ֆրանկական պետությունը հռչակվել է իբրև Հռոմեական կայսրություն:
![]() |
| Կառլոս Մեծի դիմապատկերով դրամ |
Շուտով Կառլոս Մեծի կայսերական իշխանությունը ճանաչել է նաև Բյուզանդիայի կայսրը: Աշխարհակալ տերությունը միասնական օրենքներով կառավարելու նպատակով Կառլոս Մեծը հրատարակել է բազմաթիվ կապիտուլարներ (կարգադրություն): Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է սահմանային զինվորական կազմակերպություններ՝ մարկեր, կաթոլիկ եկեղեցին համարել է արքայական իշխանության հենարան: Կառլոս Մեծի ներքին քաղաքականությունը նպաստել է ավատատիրական հարաբերությունների զարգացմանն Արևմտյան Եվրոպայում: Կառլոս Մեծը տիրապետել է հունարենին և լատիներենին, եղել է լուսավորության մեծ ջատագով: Նրա կայսրության և Կարոլինգների դարաշրջանի մշակույթը ստացել է «Կարոլինգյան վերածնունդ» անվանումը: Կառլոս Մեծն Իտալիայից, Իռլանդիայից, Իսպանիայից և Բրիտանիայից արքունիք է հրավիրել կրթված մարդկանց: Այդ դարաշրջանի ամենանշանավոր գործիչը բրիտանացի Ալքուինն էր, որը դարձավ Աախենի ակադեմիայի ղեկավարը: Ֆրանկների շրջանում մեծ համբավ ուներ Այնգարդը. նա գրել է Կառլոս Մեծի վարքը: Կայսեր օրոք ծավալվել է եկեղեցիների, տաճարների և պալատների շինարարությունը, որոնցից պահպանվել է Աախենի տաճարը (798–805 թթ.): Նրա աջակցությամբ դպրոցներ են բացվել եպիսկոպոսարաններում, որտեղ հավաքվել և արտագրվել են հունարեն ու լատիներեն ձեռագրեր: Չնայած վիթխարի չափերին՝ Կառլոս Մեծի տերությունը խայտաբղետ էթնիկական կազմով փխրուն պետական կառույց էր:
Կառլոս Մեծ
Կառլոս I Մեծը (747թ. ապրիլի 2 — 814թ. հունվարի 28) ֆրանկների արքան էր 768թ.-ից, լանգոբարդների արքան՝ 774թ.-ից, Բավարիայի դուքսը՝ 788թ.-ից, Արևմուտքի կայսրը՝ 800թ.-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան: Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք:
Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է: Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա` Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը:
Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին:
Կառլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որն արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները: Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությունը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը:
Կայսրության տրոհմանը նպաստել է նաև բուռն ավատականացումը, որը տանում էր դեպի քաղաքական բաժանվածություն: Կենտրոնախույս ձգտումները գլխավորում էին Կառլոս Մեծի հաջորդի` Լյուդովիկոս Բարեպաշտի 3 որդիները: 843 թ-ին Վերդեն քաղաքում կնքված պայմանագրով` կայսրությունը բաժանվել է նրանց միջև, և փաստորեն ստեղծվել են 3 մեծ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան:
