ԾՈՒՅԼ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ


Հյուսիսային Գալլիայում, ինչպես գիտեք,
կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը: Ֆրանկների առաջին թագավոր Քլոդվիգի հրամանով լատիներեն գրի առնվեցին
ֆրանկների սովորույթները և իրավական
նորմերը: Կազմվեց օրենքների ժողովածու,
որն ստացավ «Սալիական դատաստանագիրք» անվանումը:
Երկիրը կառավարող Մերովինգների արքայատոհմը շուտով սկսեց թուլանալ: Մերովինգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում
էին «ծույլ թագավորներ»: Երկիրը կառավարում էին արքայական կալվածքների կառավարիչները՝ մայորդոմները (լատ.՝ տան
ավագ):
Նվաճելով Պիրենեյան թերակղզին՝ արաբները սկսեցին ասպատակել նաև Հարավային Գալլիան: Պուատիեի 732 թ. մոտ տեղի
ունեցած ճակատամարտում մայորդոմ Կարլոս Մարտելը պարտության մատնեց արաբներին: Այս հաղթանակը մեծ նշանակություն
ունեցավ, քանզի կանգնեցրեց արաբների
հետագա առաջխաղացումը Եվրոպա:
751 թ. մայորդոմ Պիպին Կարճահասակը
հռչակվեց ֆրանկների թագավոր: Հեղաշրջումը կատարվեց Հռոմի պապի թույլտվությամբ: Վարձահատույց լինելու համար Պիպինը արշավեց Հյուսիսային Իտալիա՝ լանգոբարդների դեմ: Նրանցից խլված հողերը
նա նվիրեց պապին: Այս տարածքների վրա
կազմավորվեց Պապական պետությունը:
Այն գոյություն ունեցավ մինչև XIX դ. կեսերը:
Պիպինի գահակալումով Ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների
արքայատոհմը: Տոհմանունն առաջացել է
Պիպինի հաջորդի՝ Կարլոս Մեծի անունից:

Հաղթանակ տանելով Սուասոնի մոտ (486 թ.)՝ ի թիվս
այլ ավարի՝ ֆրանկները վերցրին զարմանալի գեղեցկության և մեծության մի գավաթ: Քլոդվիգը խնդրեց այդ

գավաթը տալ իրեն՝ իր մասնաբաժնից դուրս: Զինվորները պատասխանեցին. «Արա՛ ինչ ուզում ես, քանզի ոչ ոք չի կարող հակառակվել քո իշխանությանը»: Բայց մի զինվոր
բարձրացրեց մարտական կացինը և կոտրեց գավաթը՝
ասելով. «Դու ոչինչ չես ստանա, բացի քո հասանելիքից»:
Բոլորը զարմացել էին այդ արարքից, բայց արքան թաքցրեց իր վիրավորանքը:
Մեկ տարի անց նա հրամայեց իր զորքին հավաքվել
զորատեսի: Անցնելով շարքերի առջևով՝ նա մոտեցավ այդ
նույն զինվորին և ասաց նրան. «Ոչ ոք այդպես չի պահում
իր զենքը»,— և խլելով նրանից կացինը՝ նետեց գետին: Իսկ
երբ զինվորը կռացավ, որ վերցնի կացինը, արքան կտրեց
նրա գլուխը: «Այսպես,— ասաց նա,— դու վարվեցիր գավաթի հետ Սուասոնում»:
Քլոդվիգը դրանով մեծ սարսափ առաջացրեց իր անձի
հանդեպ:
Քլոդվիգն ու զինվորը: Նկարում Քլոդվիգը պատկերված է ալեզարդ
ծերունու տեսքով, չնայած այդ ժամանակ նա ընդամենը 20 տարեկան էր: