Բջիջ՝ընդհանուր բնութագիր
Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր
Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

Նկար 1. Տերևի բջիջը` մանրադիտակով 17-րդ դարում անգլիացի բնագետ Ռոբերտ Հուկը իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը: Այնուհետև հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը անձրևաջրի կաթիլի մեջ բացահայտեց շարժվող բակտերիաներին:

Նկար 2. Բակտերիա
Պարզվում է, որ կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:ՕրինակԲակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Նկար 3. Բջջի կառուցվածք Բջջաթաղանթ՝
- սահմանազատում է բջջին շրջակայից,
- տալիս նրան որոշակի ձև,
- պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
- ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
- մածուցիկ անգույն զանգված է,
- լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
- իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
- նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
- պարունակում է բջջի ժառանգական նյութը,
- նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
Օրգանոիդներ՝
- ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:
Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:

Նկար 4. Կենդանական և բուսական բջիջներ
Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ: Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին: ՈւշադրությունԿանաչ պլաստիդներում ընթացող գործընթացների արդյունքում բուսական բջիջը օդը հարստացնում է թթվածնով:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ: Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Հյուսվածքներ՝
Մարդու հյուսվածքները: Օրգանիզմը որպես միասնական ամբողջությունՄարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։ Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։ Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։ Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։ Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ: Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10−12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրար են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման:

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդվում է նեյրոնի մարմնից դեպի ելուստի ծայրը և այնտեղից՝ մեկ այլ նյարդային բջջին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3−4 անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Հյուսվածքները իրենց հերթին կազմում են օրգաններ:Օրգանը մարմնի այն մասն է, որն օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ, ունի որոշակի ձև, կառուցվածք և կատարում է որոշակի ֆունկցիա։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։