Նոյեմբերի 1-8
Սիրելի’ սովորողներ , Նոյեմբերի 1-8 պետք է սովորել նշված թեման, առաջադրանքը կատարելուց հետո տեղադրում եք բլոգում և ուղարկում ինձ։
Թեմա 15 Լսողական վերլուծիչներ, կառուցվածքը, 1 , ֆունկցիան, հիվանդությունները։
Լսողության նշանակությունը:
Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
Լսողական օրգանի կառուցվածքը
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:
Լսողական վերլուծիչի աշխատանքը
Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:
Լրացուցիչ աշխատանք:
Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ լսողության հիվանդությունների վերաբերյալ։
Բլոգում լրացնել անցած թեման․
Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։
Թարգմանություն։
Տեսողական վերլուծիչ
Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:

Աչքի կառուցվածքը
Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:
Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից: Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից: Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:

Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ: Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը, որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը: Ակնագնդի կառուցվածքը

Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում: Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:

Տեսողական վերլուծիչի աշխատանքը
Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով: Տեսողական ընկալում

Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:
Տեսանյութ։