ՀՍԿԱՆ
(Կովկասյան առասպել)
Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,
Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.
— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին
Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:
Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,
Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.
Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,
Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,
Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:
Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում
Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,
Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,
Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին
Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:
Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.
Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,
Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:
Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,
Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,
Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…
Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.
Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
Շատ զարմացավ հըրեշ հըսկան,
Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.
Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը
Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,
Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,
Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,
Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,
Ապրեն ազատ
Ուր կամենան:
Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,
Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:
1908
Դուրս բերել ստեղծագործության գաղափարախոսությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը այդ գաղափարների շուրջ, գնահատել դրանց արդիականությունը:
Ստեղծագործության գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ պետք չէ պարծենալ, երբեք չի կարելի թերագնահատել փոքրին, թույլին։ Գաղափարախոսությունը սովորեցնում է, որ ուժեղից էլ կա ուժեղը, ամենաուժեղիցն էլ մահնա։ Այսինքն հեղինակը ուզում է ասել, որ ինչքան էլ ուժեղ լինես, երբեք չես կարողանա հաղթել մահին, ինչքան էլ կամենաս։ Գաղափարախոսությունը վկայում է, որ չի կարելի թերագնահատել ուրիշին։ Կարող է թվալ, որ հակառակորդը թույլ է, վտիտ է, բայց կարող է այնպիսի հանկարծակի պատասխան տա, որի ինքդ զարմացած կլինես։ Ինչքան էլ մարդ ուժեղ լինի, ինչքան էլ գեղեցիկ ու խելացի, երբեք չպիտի պարծենա այդ գծերով։ Մարդ ինչքան էլ ուժեղ լինի, չպիտի թույլին թերագնահատի, կամ էլ ընդհակառակը ինք իրեն գերագնահատի։ Այդ ինքնվստահությունը օրերից մի օր կարող է բերել մի հսկայական աղետի, որն կարող է ջարդել մարդու բոլոր երևակայությունները իր մասին։ Երբեք չի կարելի թերագնահատել հակառակորդին։ Մարդ չգիտի, թե հակառակորդն ով է, պիտի միշտ պատրաստ լինի վատին ու միշտ պիտի իմանա, թե ինչքան ինքն է ուժեղ ու խելացի, երկու անգամ ավելի կարող է լինել իր հակառակորդը; Մարդ միշտ պետք է ունենա հարգանք հակառակորդի նկատմամբ։
Ես այս դիրքորոշման հետ լիովին համաձայն եմ, քանի որ ես ունեմ բազում ընկերներ, որոնք այդպես անելով, այդպես պարծենալով հասել են այն օրի, որ իրենց ամեն մեկը կարող է նվաստացնի, ստորացնի։ Դա շատ սխալ է, քանի որ մարդ չի գիտակցում, ինչքան ինքն է խելացի ու ուժեղ, կարող է այնպես պատահել, որ դիմացինը լինի տաս անգամ ավելի։ Չի կարլի երբեք թերագնահատել, նվաստացնել, ստորացնել ու ձեռք առնել դիմացինին, քանի որ երբեք չես իմանա, թե ինչ սպասել իրանից։ Ես այս դիրքորոշման հետ համամիտ եմ, քանի որ այդպիսի պարծենկոտությունը, ուրիշների նկատմամբ անհարգանքը կարող է մի օր բերել աղետի։
Արդիականությունն կարող եմ գնահատել հետևյալ կերպ։ Ստեղծագործության մեջ նշվում է մեկ հեոս, որն պարծենում էր, բայց մեր իրական կյանքում արդիականությունը կարող է լինել տարատեսակ։ Դա կախված է մարդու կենսակերպից, մտածելակերպից և իր շրջապատային հեղինակությունից։ Մարդ կարող է լինել այդպիսի ուժեղ, հավատարիմ, գեղեցիկ ու խելացի, բայց ոչ պարծենկոտ, կարող է լինել նաև ճիշտ հակառակը։ Իմ կարծիքով դա կախված է մարդու մտածելակերպից, բայց ինչ կապված է արդիականության հետ, դրա հետ լիովին համաձայն եմ, որովհետև մեր դարում ակն այդպիսի շատ մարդիկ, այդպիսի ինքնասիրահարված, ինքնավստահ, եսասեր ու անհարգալի, որոնք իրենց չունեցածով փորձում են ապացուցել հակառակը։