ԱՐՏՈԻՏԻ ԵՐԳԸ
(Ժողովրդական ավանդության)


Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։

«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջին

Բռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։
Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճ

Հեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,

Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,

Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ

Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ

Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի

Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,

Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով

Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում

Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն
Ինչ էլ երգի,—

Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության

«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

1908


Դուրս բերել ստեղծագործության գաղափարախոսությունը, արտահայտել սեփական դիրքորոշումը այդ գաղափարների շուրջ, գնահատել դրանց արդիականությունը

Ստեղծագործության գաղափարախոսությունը անազատությունն է։ Այս ստեղծագործության մեջ արտույտը ազատության մեջ իրեն անկախ էր զգում և ուրախ, զվարթ անցկացնում էր օրերը՝ ուրախ երգելով ու պարելով։ Բայց երբ տերը իրան տարավ վանդակի մեջ գցեց, նա իրեն շատ վատ զգաց, նա անազատության մեջ էր, նա չէր ուզում այդտեղ երգել, ինչքան էլ իրեն լավ բաներ էին անում տերերը, բայց ամեն դեպքում ինքը իրեն անազատ ու կախված էր զգում։ Նա սովոր էր ազատությանը, սիրում էր այն և վայելում էր, բայց երբ անազատության մեջ մտավ, սկսեց զգալ անազատ ու կախված, նաև կրեց հոգեբանական խնդիրներ։ Ազատ ժամանակ թույլ էր տալիս անկախ պարել ու երգել, բայց վանդակում ՝ բանտում, նա սկսեց իրան պահել տարօրինակ։ Նրան առաջարկում էին լավ բաներ, բայց ինքը չէր երգում միևնույնն է։

Սեփական դիրքորոշմամբ, կարող եմ ասել, որ անազատությունը շատ մեծ ազդեցություն է թողում մարդու, կենդանու վրա, քանի որ այդ կտրուկ տեղահանումը և գերիությունը մարդու վրա թողում է մեծ ազդեցություն։ Երբ արտույտը վանդակից ելավ դուրս և նորից ազատության մեջ գտնվեց, միևնույնն է, նրա վրա մնաց այդ հետքը։ Նա ամեն օր հիշում էր այդ կախված օրերը։ Նույն էլ մարդու հետ է լինում։

Արդիականությունը համարում եմ ճիշտ, քանի որ մարդու վրա նույնպես ազդում է այդ անազատությունը։ Երբ մարդ ազատությունից տեղափոխվում է գերիություն, այսինքն ընկնում է գաղութ, կամ էլ ընկնում է ինչ-որ մեկի մոտ գերի կամ ծառա, ինքը հոգեբանական խնդիրներ է ունենում, քանի որ նա սովոր էր ազատությունը։ Իսկ ազատությանը ինքը սովոր էր, որ կարողանում էր ազատ քայլել ու շնչել, բայց գերիության մեջ պետք է կատարեր միայն մեկ բան ու ստանար դրա համար թանկարժեք իրեր։ Արդիականությունը ճիշտ է, քանի որ երբ մարդ ընկնում է գաղութ ու դուրս է գալիս, ինքը կրում է հոգեբանական խնդիրներ ու որոշ ժամանակ միայնակ ու լքված է իրեն զգում։ Շատ են եղել այդպիսի դեպքեր, երբ մարդ չի կարողացել նորից ընտելանալ։ Գերիությունը, գաղութը և անազատությունը մարդու վրա թողում են շատ մեծ հետք, որը կարող է նաև դառնալ հոգեկան խանգարումների պատճառ։ Ես իհարկե չունեմ այդպիսի ծանոթներ, բայց լսելով ու տեսնելով դրանց մասին, հասկացել եմ, որ մարդուն հոգեկան խանգարումներ ստանալու կարևոր պատճառը դա անազատությունն է, գերիությունը։