Ռուբայաթներ, որոնք ընթերցվել են վիդեոյի մեջ․
XXVIII
Նա կուզեր, որ լինի անէ,
Որ թվա լոկ, լոկ լինի հարց,
Բայց կանգնած է նա, ահա տե՛ս—
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր։
XXIX
Թե արևը այրում ու կիզում է — նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ՝ այդ լեզուն է,—
Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը։
XXX
Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:
XXXI
Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։
XXXV
Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։
XL
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։