Ես կարդացի Ջասթին Թրյուդոյի հեղինակած ինքնակենսագրական գիրքը, որը կոչվում էր «Ընդհանուր հայտարար»։ Բովանդակությամբ և ասելիքով շատ հարուստ և հետաքրքիր գիրք էր։ Այն ընթերցելն, ըստ իս, ավելի հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ գիրքը գրել է անձամբ Կանադայի ներկայիս վարչապետը։ Նա պատմել է այն ամենի մասին, ինչ իր հետ կատարվել է իր քաղաքական կարիերայի ընթացքում։ Նրա հայրը՝ Պիեռ Թրյուդոն, եղել է Կանադայի նախկին վարչապետը. նա, իհարկե, կարող էր իր պաշտոնը ժառանգել որդուն, ինչպես որ շատ երկրներում է լինում, բայց ոչ։ Ջասթինը, կենտրոնացած լինելով միայն իր ուժեղ կողմերի վրա ու պայքարելով տարատեսակ խոչընդոտների դեմ, ինքնուրույն կարողացավ դառնալ հսկա մի երկրի՝ Կանադայի վարչապետ։ Շատերը գրում են միայն իրենց հաջողությունների մասին, սակայն Ջասթինը նշել է նաև իր թերություններն ու բացթողումները, որոնք նա թույլ է տվել ճանապարհին. անշուշտ, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, և սխալը հասկանալն ու հետագայում այն թույլ չտալն է մեզ ստիպում առաջ գնալ, զարգանալ։

Ինձ դուր եկավ, որ գիրքը նրա փոխարեն չի գրվել, այլ անձամբ ինքն է գրել։ Կանադայի վարչապետի տպավորություններն այս գրքում չեն կարող ըմբռնել, քանի որ այն թարգմանված է, բայց էությունն ու սյուժեն ինձ իսկապես գրավեցին։ Ես հասկացա, թե որքան դժվար կարող է լինել մարդու համար նպատակին հասնելը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ որքան էլ խրթին ու խորդուբորդ լինի ճանապարհը, այն դեռ կարելի է ու պետք է հաղթահարել։ Հեղինակն ինձ դա ապացուցեց վերջին էջերում։ Նա մանկուց սովոր էր դժբախտությանը. նրա ծնողները ամուսնալուծվել էին, երբ նա դեռ 15 տարեկան էր: Մինչ նա ուսուցիչ էր Քվեբեկում /Կանադայի մարզերից մեկը/, նրա եղբայր Միշելը մահացավ 1998 թվականի նոյեմբերի 13-ին: Նա սահնակով սահում էր Կոկեն լճի վրա, երբ ձնահյուսը խեղդեց նրան: Երբ հեղինակն իմացավ այս մասին, անմիջապես Քվեբեկից շտապեց Բրիտանական Կոլումբիա, որը շա՜տ-շա՜տ հեռու էր։ Երբ նա եկավ, նա չկարողացավ զսպել արցունքները, քանի որ նրանք մանկուց լավ ընկերներ ու աջակիցներ էին միմյանց համար։

Միշելն ու Ջասթինն անբաժան ընկերներ էին, որոնց կարող էր բաժանել միայն մահը, ինչն էլ եղավ։ Ես այս տողերն ապրել եմ հեղինակի հետ, փորձել եմ հնարավորինս ճշգրիտ հասկանալ նրա զգացումները՝ տողերը շարադրելիս։ Ես սրտանց ցանկանում էի, որ Ջասթին Թրյուդոն վերջապես հասնի իր բաղձալի նպատակին՝ այսքան դաժան, դժվար ճանապարհ անցնելուց հետո։

Նրա մայրը ամուսնալուծությունից հետո ամուսնացել էր մեկ այլ տղամարդու հետ: Բաժանման հիմնական պատճառն հանդիսացել էր այն, որ ծնողները շատ քիչ էին շփվում։ Բայց միևնույն ժամանակ նրանք շատ էին ճանապարհորդում։ Ամեն տարի նրանք շրջում էին Կանադայում և այցելում տարբեր տեսարժան վայրեր, որը ցույց է տալիս, թե ինչպիսի ակտիվ կյանք են վարել նրանք, և որ երկրի խնդիրներին ծանոթ են եղել խորքից։

Չնայած տարատեսակ քննադատություններին ու դժվարություններին, թերահավատություններին ու բամբասանքներին, Ջասթին Թրյուդոն ոտքի կանգնեց և հաղթեց իր քաղաքական թշնամիներին։ Հետաքրքիր մի դեպք եմ հիշում գրքից. նա մի անգամ մասնակցել էր իսկական ըմբշամարտի մրցումների, որտեղ նրա մրցակիցը նախկին մարզպետ էր։ Նա այնքան գեր էր, որ չէր կարողանում նորմալ շարժվել։ Ջասթինը գիտեր, որ եթե մեկ անգամ հարված ստանա, դա կլինի նոկաուտ: Ուստի նա որոշեց գնալ ավելի խորամանկ քայլի։ Նա աստիճանաբար հոգնեցրեց մարզպետին, որը խորամանկությունը չգուշակեց։ Վերջինս ի վերջո նոկաուտի ենթարկվեց հյուծվածության պատճառով:

Չնայած վերոնշյալ պատմած դեպքին՝ Ջասթինը միշտ սեր ու հարգանք էր տածում պաշտոնյաների ու մեծերի նկատմամբ։ Մի օր նա զբոսնում էր իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ, երբ նրանց դիմավորեց ոստիկանապետը։ Ջասթինն այն ժամանակ փոքր էր։ Նա լեզուն հանեց ոստիկանապետի վրա, իսկ հայրը, դիտողություն անելով, բացատրեց, որ դա ճիշտ բան չէ։ Սրանից հետո Ջասթինի պահվածքում նկատվել են էական փոփոխություններ դեպի դրականը։

Ջասթինը մանկուց սովոր էր տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների գնալ։ Եվ այս սովորությունը շարունակվեց նրա կյանքի հետագա օրերին։ Ջասթինը միշտ հարգել է պաշտոնյաներին, ինչպես արդեն նշեցի, նա ասում էր, որ նրանք /պաշտոնյաները/ ինչքան էլ մեծ են, նույնպես մարդիկ են, և նրանց պետք է հարգել։ Ոզում եմ հիշեցնել ձեզ այս գրքից մի հատված. խոսքը պատկանում է Պիեռ Թրյուդոյին, ով ասում էր, որ չի վախենում ուժեղ տղամարդուց, այլ որ վախենում է շատ գրքեր կարդացող մարդուց։

Նա սիրում էր ճանապարհորդել աֆրիկյան հանրապետություններ։ Ինձ դուր եկավ այն, որ որքան էլ նա նախկին վարչապետի որդի էր, բայց նրա մոտ չէր ձևավորվել ու արմատավորվել միշտ լավագույնին հասնելու մտածելակերպն ու ձգտումը։ Նա այցելեց աֆրիկյան հետամնաց պետություններ և իր կարողություններով օգնեց այդ ժողովուրդներին։

Ջասթինն ավարտել է Օնտարիոյի լավագույն դպրոցներից մեկը։ Ջասթինը շատ ընկերասեր էր. նա կազմակերպում էր բազմաթիվ տարբեր երեկույթներ, որոնց հրավիրում էր բոլորին։ Ջասթինը, ավարտելով ուսումը, սկսեց աշխատել դպրոցներից մեկում, որտեղ դասավանդում էր անգլերեն, ֆրանսերեն:

Շատ հետաքրքիր է, որ հայերը մեծ դեր են խաղացել նրա կյանքում։ Մանուկ հասակում ներկայիս վարչապետը լսել է կանադահայ Րաֆֆի Կավուկյանի երգերը, որոնք օրորոցային էին։ Նա պատմել էր, որ երգերն հեքիաթանման են։ Նրա շրջապատից Աննա անունով կանադահայը, ով ծառայել է որպես խնամակալ և ազդեցիկ անձ նրա դաստիարակության գործում, նրան խորհուրդ է տվել լրջորեն զբաղվել քաղաքականությամբ՝ վստահություն հայտնելով, որ Ջասթինի մոտ ամեն ինչ կստացվի։ Թրյուդոն ընդգծում է Աննայի բարությունը, նվիրվածությունն ու ջերմությունը նրա մասին իր մտքերում՝ ցույց տալով նրա բարոյականության և անհատականության վրա ունեցած հարատև ազդեցությունը: Գրեգորյան անունով մեկ այլ հայ եղել է և՛ Բրաուն համալսարանի, և՛ Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ: Թրյուդոն նշում է Գրեգորյանին որպես դաստիարակ և ոգեշնչող իր կյանքում՝ ասելով, որ նա զգալի ազդեցություն է ունեցել նրա զարգացման վրա և՛ մտավոր, և՛ անձնական առումներով։

Ինչքան էլ, որ տարօրինակ է, բայց Ջասթին Թրյուդոն իր քաղաքական կարիերան սկսել է բենզալցակայանում։ Նա այնտեղ սպասում էր վճարելու իր հերթին, երբ հասկացավ, որ ժողովուրդը ինչ-որ բանից դժգոհ է։ Ջասթին Թրյուդոյի խոսքերով, նա ավելի շատ էր տեղեկանում շարքային կանադացիների խնդիրների և հոգսերի մասին, երբ զրուցում էր նրանց հետ ընդհանուր միջավայրում, օրինակ՝ բենզալցակայանում: Եվ հենց այդ պահին նա վերցրեց մի տախտակ և դրա վրա պատկերեց իր քարոզարշավի նկարը։ Եվ հենց այս նկարի շնորհիվ նա դարձավ քննադատության գլխավոր առարկան։ Եզրափակելով, այս տեսակի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես փոքր, սովորական իրադարձությունները կարող են կատալիզատորներ ծառայել ավելի նշանակալի որոշումների համար, օրինակ՝ քաղաքական դաշտ մտնելու:

Կանադան Ջասթին Թրյուդոյի համար հեքիաթային աշխարհ է։ Ես հասկացա, որ այս մարդու համար իր երկիրն իսկապես արժեք է, անսասան, հեշտ չտրվող արժեք։ Նա միշտ ուշադրություն է դարձրել տարիքին, գենդերային հավասարությանը և երկու սեռերի իրավունքներին։ Նա ռասիստ չէր, ուստի շատ մտահոգված էր այն վարքագծով, որոնք բազմաթիվ մարդիկ դրսևորում էին սևամորթների նկատմամբ։ Ես մեծապես գնահատում են վարչապետի ջանքերն ուղղված գենդերային անհավասարության ու ռասիզմի դեմ պայքարին։

Իր քարոզարշավների ժամանակ նա ամեն րոպե ու ամեն վայրկյան իր ժողովրդի կողքին էր ու չէր լքում նրանց։ Վերլուծելով նրա ելույթները՝ հասկացա, որ դա ժողովրդավարության ամենակարևոր հիմքն է։ Նա միշտ օգնել է հասարակ քաղաքացուն, նրան կարևորություն ու տեղ է տվել իր երկրում։ Կարևորն այն է, որ նա գործի մարդ է, անում է մի բան, ինչ որ խոսք է տվել իր ելույթների ժամանակ։ Իհարկե, կան որոշ ծրագրեր, որոնք դեռ մշակվում և իրականացվում են, բայց մեծամասամբ նա, անտարակույս, չի դրժել իր խոստումը։

Ջասթին Թրյուդոն, չնայելով ոչ մի պատնեշի, առաջ գնաց, իսկ ազգը հավատաց նրան, հավատաց, որ այս մարդը իսկապես սիրում է իր երկիրը, իր ժողովրդին, պատրաստ է իր երկրի համար կյանք տալ ու պայքարել մինչև վերջ։ Եզրափակելով՝ ուզում եմ նշել նաև, որ նրա կյանքում մեծ դեր են ունեցել նաև նրա մայրը, որդիները և կինը՝ Սոֆի Գրեգուարը։ Կար ժամանակ, երբ Սոֆին տեքստ էր գրում, որպեսզի Ջասթինը կարդա, ինչպես հիշում է Կանադայի ղեկավարը: Նրա ընտանիքն ամեն կերպ սատար է կանգնել բարի, ընկերասեր, նպատակասլաց մի պատանու, ով հետագայում դառնալու էր Կանադայի 18-րդ վարչապետ։

Ամփոփում։ Այս գիրքն իսկապես ինձ համար դարձավ մեծ մոտիվացիայի աղբյուր։ Այն ոչ միայն պատմեց մի մարդու ճանապարհի մասին, ով հստակ նպատակ էր դրել իր առջև, այլև ցույց տվեց, թե ինչպիսի ուժ ու հաստատակամություն են պետք այդ նպատակին հասնելու համար։ Գիրքը մեծապես ընդգծում է, որ կյանքի ճանապարհին միշտ լինում են փորձություններ ու խոչընդոտներ, որոնք հաճախ թվում են անլուծելի ու անհաղթահարելի։ Սակայն հերոսը, անտեսելով բոլոր դժվարությունները, շարունակեց իր ճանապարհը՝ հաղթահարելով յուրաքանչյուր մարտահրավեր։

Նրա պատմությունը լի էր ոգեշնչմամբ և հույսով, ինչը ստիպում է հավատալ, որ ամենամեծ դժվարություններն անգամ կարելի է հաղթահարել, եթե նվիրվածություն և հավատ ունես։ Հերոսը ցույց տվեց, որ փորձությունները, որոնց մենք բախվում ենք մեր կյանքի ճանապարհին, ոչ միայն դժվարություններ են, այլև հնարավորություններ՝ մեզ ավելի ուժեղ դարձնելու համար։ Եվ, ի վերջո, նա հասավ իր նպատակին՝ ապացուցելով, որ նվիրվածությունը միշտ արժանանում է պարգևի, վերջնարդյունքի։

Ինձ համար այս գիրքը ոչ միայն մոտիվացիոն էր, այլև ուսուցողական։ Այն ինձ ստիպեց վերաիմաստավորել իմ սեփական նպատակները և հավատալ, որ ցանկացած երազանք կարող է իրականանալ, եթե պատրաստ ես պայքարել դրա համար։

Հ.Գ. Իմ վերը շարադրածը, ինչպես կարելի է նկատել, քաոտիկ է, ինչը պատահական չէ։ Ես ցանկացա ներկայացնել այնպես, որ տարբեր դրվագներով ընթերցողը վերլուծի, հասկանա և ինքնուրույն կազմի մեր գլխավոր հերոսի անհատականությունը։ Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, և որպես եզրափակիչ խոսք՝ ես լիովին վստահ եմ, որ «Ընդհանուր հայտարարը» ամենաբացառիկ գրքերից մեկն է, որը ես պատիվ եմ ունեցել կարդալու և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր փնտրում են իրենց մոտիվացիան, ովքեր ունեն ինքնավստահության որոշակի պակաս: Անկասկած, այս գիրքը կարող է շատ լավ ծառայել որպես ուսումնական ձեռնարկ։ Եվ հետագայում այն ևս մեկ անգամ թերթելու առիթներ կլինեն, անտարակույս։

The English version of the analyze is here.