Մարսողության նշանակությունը:
Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Մարսողության շնորհիվ է, որ սննդանյութերը ներծծվում են արյան հուն և յուրացվում ձեր բջիջների կողմից: Չմարսված մնացուկները հեռանում են մարսողական խողովակից որպես կղանք:
Ձեր մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս են ձեր ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Մարսողական համակարգն ավարտվում է հետանցքով: Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի» կամ «մարսողական տրակտ»:
Մարսողական համակարգի մեջ մտնում են նաև ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս), լյարդը և լեղապարկը:
Ի՞նչ է մարսողական համակարգը
Մարսողական համակարգի յուրաքանչյու օրգան ունի մարսողության ընդհանուր գործընթացի մեջ իր առանձնահատուկ դերը։
Բերան
Երբ դուք սնունդ եք ընդունում, ձեր ատամները ծամում են այն և մանրացնում փոքր կտրոների։ Ձեր այտերում և լեզվի ետևում առկա գեղձերն արտադրում են թուք, որն օծում է սննդի ծամված կտրոները և հեշտացնում հետագա ծամելը և կուլ տալը։
Թուքը նաև պարունակում է ֆերմենտներ, որոնք սկսում են սննդում առկա ածխաջրերի (բարդ շաքարների) մարսողության գործընթացը։
Կերակրափող
Ձեր կերակրափողը (որկոր) ներկայացնում է մկանային խողովակ, որը կլման ակտից հետո ծամված, մանրացված և թքով պատված սննդագունդը բերանից տեղափոխում է դեպի ստամոքս։ Կերակրափողի ստամոքսային ծայրին կա մկանային օղ, որը թուլանալով բացում է ստամոքսամուտքը, իսկ սննդագնդի ստամոքս մտնելուց հետո կրկին կծկվում է՝ թույլ չտալով, որպեսզի ստամոքսի թթվային պարունակությունը ետ բարձրանա դեպի կերակրափող։
Ստամոք
Ձեր ստամոքսի պատն արտադրում է ստամոքսահյութ, որը կազմված է աղաթթվից և ֆերմենտներից։ Դրանց շնորհիվ մարսվում են սպիտակուցները։ Ստամոքսը գործում է որպես «խառնահարիչ»՝ սննդագունդը խառնելով և հարելով ստամոքսահյութով, որի արդյունքում ստացվում է սննդախյուս՝ խիտ ապուրանման հեղուկ։
Բարակ աղիներ
Ձեր լեղապարկում կուտակված լեղին և ենթաստամոքսային գեղձում արտադրվող մարսողական հյութերը դատարկվում են բարակ աղիների վերին հատվածում՝ 12-մատնյա աղիում։ Այս նյութերն օգնում են, որպեսզի սպիտակուցները ճեղքվեն մինչև ամինաթթուների, իսկ ճարպերը՝ մինչև ճարպաթթուների։ Այս մանրագույն մասնիկները շաքարի, վիտամինների և միներալների հետ միասին բարակ աղիների լորձաթաղանթով ներծծվում են դեպի արյան հուն։
Այս աղիները կոչվում են բարակ, քանի որ ունեն միայն 3,5 սմ տրամագիծ բայց շուրջ 5 մետր երկարություն՝ ապահովելով սննդանյութերի ներծծման մեծ մակերես։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մեծ մասի քիմիական մարսողությունն ավարտվում է հենց բարակ աղիներում։
Հաստ աղիներ և հետանցք
Հաստ աղիների լորձաթաղանթով ընթանում է ջրի, միներալային աղերի և վիտամինների ներծծումը։ Չմարսված բջջանքը խառնվում է լորձի և բակտերիաների հետ և մասամբ քայքայվում է՝ սնուցելով լորձաթաղանթի բջիջները և պահելով ձեր հաստ աղին առողջ։ Անցնելով հաստ աղիներով՝ սննդախույսից ձևավորվում է կղանքը, որը պահեստավորվում է ուղիղ աղիքում (ռեկտում), որտեղից էլ, ձեր իսկ պահանջով, հեռացվում է հետանցքով։

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:
Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:
Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:

Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
Առողջագիտության տեղեկություն
Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է, քանի որ նրա միջոցով օրգանիզմը ստանում է իր կենսագործունեության համար ամեն ինչ։ Սնունդը ունի հինգ բաղադրիչ։
- Սպիտակուցներ
- Ջրեր
- Ածխաջրեր
- Ճարպեր
- Աղեր
Սպիտակուց — ձու, ձուկ, միս, կաթնամթերք
Ածխաջրեր — միրգ, հաց, մակարոն, բանջարեղեն
Աղ — բոլոր միկրոէլեմենտներ
Ջուր — ջրեր
Ճարպ — յուղ, ձեթ, կարագ
Իմ պատրաստած տեսանյութը՝