Այսօր Երկրապահի օրն է: Անհերքելի է Երկրապահ կամավորականների ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը, չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Նրանց շնորհիվ մենք այսօր ունենք երիտասարդ կառույցներ («Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ»), որոնց սաներն այսօր պատրաստ են շարունակել երկրապահի գործը, պատրաստ են դառնալ ՀՀ խաղաղության երաշխիքը՝ ընդօրինակելով  Արցախյան ազատամարտի, Հայրենական Մեծ պատերազմի, Սարդարապատի հերոսներին: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով հայ ժողովուրդը  կայացրել է Հայաստանի անկախությունը, Արցախի անկախ Հանրապետությունը և այս, մեզ համար շատ կարևոր տոնով, մեկնարկում են մայիսյան հաղթանակները, այս օրով ենք սկսում թերթել Հայոց նորագույն պատմության հաղթական էջերը:  

Stamp of Armenia m175.jpg

Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին:

Ավելի քան 10 տարի առաջ Երկրապահ կամավորականների շարժումը առաջինն իր վրա կրեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը՝ լուսավոր մի ջահ դառնալով մեր արդար պայքարի ճանապարհին։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները՝ Հայոց անկախ պետականության պատմության մեջ իրենց անձնուրաց սխրանքով ամրագրելով նոր փայլուն հաղթանակներ։ Արցախյան ազատամարտում Երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ նրան պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի հիմնական միջուկը։

Փա՛ռք Հայ զինվորին։

Փա՛ռք Հայոց Սպարապետին։