Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) հռչակվել է 1920 թ-ի նոյեմբերի 29-ին և գոյատևել մինչև 1991 թ-ի սեպտեմբերի 23-ը:

Հասարակական-քաղաքական կյանքը և տնտեսությունը՝

ՀԽՍՀ զինանշան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
ՀՍՍՀ

Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին: Մինչև վերջինիս ժամանումը Երևան` իշխանությունը հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Հայաստանի հեղափոխական կոմիտեն (հեղկոմ, նախագահ՝ Սարգիս Կասյան), դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և, հակառակ պայմանավորվածության, դաշնակցականներին տեղ չտվեց Կառավարությունում:

Երկրում իշխանությունը գործում էր հեղկոմների միջոցով, որոնք օրենսդիր և գործադիր մարմիններ էին: Հայհեղկոմի առաջին դեկրետով (որոշում) ստեղծվեց Արտակարգ հանձնաժողով (ռուսերեն` ՉԵԿԱ՝ Չրեզվիչայնայա կոմիսիա): Նախկին դատական համակարգը փոխարինվեց «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալներով»: 1921 թ-ի հունվարին ծառայությունից ազատվեց բանակի հրամանատար Դրոն: Կալանավորվեց և Բաքվի բանտ ու ՌԽՖՍՀ Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբար ուղարկվեց Հայաստանի Հանրապետության բանակի շուրջ 1400 սպա:

ՀԽՍՀ իշխանությունները երկրի տնտեսության մեջ կիրառեցին Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը՝ պարենմասնատրումը: Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվեց ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության կողոպուտի, որի հետևանքով երկրում սաստկացան սովն ու դժգոհությունը: 1921 թ-ի փետրվարին կատարված նոր ձերբակալություններն ու գնդակահարություններն ավելի բարդացրին իրադրությունը՝ հանգեցնելով համաժողովրդական ապստամբության, որը տևեց շուրջ 40 օր: 1921 թ-ի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավեցին Երևանը և երկրում վերահաստատեցին իրենց իշխանությունը: Մայիսի 21-ին հեղկոմը վերակազմվեց ՀԽՍՀ Ժողկոմխորհի, կազմվեց Կառավարություն՝ Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ: 

ՀԽՍՀ-Հայաստանի ազատ լրահոսը

Ապստամբության ժամանակ ստեղծված Հայաստանի փրկության կոմիտեն հեռացավ Ինքնավար Սյունիք, որն այդ օրերին խորհրդա-ադրբեջանական վտանգից պաշտպանում էր Գարեգին Նժդեհը: Այն վերանվանվեց Լեռնահայաստանի Հանրապետություն. կառավարությունը գլխավորեց Սիմոն Վրացյանը, իսկ սպարապետ նշանակվեց Գարեգին Նժդեհը: 1921 թ-ի հունիսին, երբ վերացավ Զանգեզուրն Ադրբեջանին կցելու վտանգը, խորհրդային իշխանություն հաստատվեց նաև այդ երկրամասում, և այն միացավ ՀԽՍՀ-ին:

1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի միջև սահմանն անցկացվեց Ախուրյան և Արաքս գետերով: Թուրքիային տրվեց նաև Սուրմալուի գավառը, որ երբևէ նրա կազմում չէր եղել: Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվեցին Ադրբեջանին: Հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով վավերացվեց հայկական տարածքների այդ բռնազատումը: 1921 թ-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվեց Ադրբեջանի մաս, և առաջարկվեց կազմավորել ինքնավար մարզ: Այդ նույն ժամանակ Վրաստանին բռնակցվեցին Լոռու հյուսիսային շրջանները և Ախալքալաքը: Միայն 1923 թ-ի հուլիսին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների պարտադրանքով կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում:

1922 թ-ի հունվարից ՀԽՍՀ իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվեցին ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով: 1922 թ-ի փետրվարին ընդունվեց ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը, որը նաև առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ: Նույն թվականին ՀԽՍՀ-ն ընդգրկվեց նորաստեղծ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) և նրա հետ՝ նորաստեղծ ԽՍՀՄ կազմի մեջ. ԱԽՖՍՀ-ի լուծարումից հետո՝ 1936 թ-ի դեկտեմբերի 5-ից, ՀԽՍՀ-ն ինքնուրույն միութենական հանրապետություն էր ԽՍՀՄ կազմում: 1930-ական թվականների սկզբներին, երկրի պարենային հարցերը լուծելու նպատակով, բռնի կերպով վերացվեցին գյուղացիական մասնավոր տնտեսությունները, և ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ (նաև խորհտնտեսություններ՝ սովխոզներ): Ի պատասխան բռնի կոլեկտիվացման քաղաքականության՝ գյուղացիների զգալի մասը կանխամտածված փչացնում էր բերքը, մորթում անասունները և դիմում զինված պայքարի: Դրանց հաջորդեցին ստալինյան նոր բռնաճնշումները: Կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվեց 1935–37 թթ-ին, իսկ պատերազմի նախօրեին (1941 թ-ի հունիս) հանրապետության կոլեկտիվ տնտեսությունների թիվը հասավ 1000-ի: Բռնաճնշումների հաջորդ ալիքը ծավալվեց 1930-ական թվականների 1-ին կեսին՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում: «Կուլակաթափ» արվեցին և ՀԽՍՀ-ից արտաքսվեցին մի քանի հազար գյուղացիական ընտանիքներ: 1936 թ-ի հուլիսին Թիֆլիսում սպանվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Ձերբակալվեցին գրողներ, մշակույթի գործիչներ, հանրապետության պետական և կուսակցական ղեկավարներ, հեղկոմի նախկին անդամներ, բռնադատվեցին բազմաթիվ հոգևորականներ: Բռնադատվածների ընդհանուր թիվն անցավ 25 հզ-ից. կեսը գնդակահարվեց, մնացածները կալանավորվեցին ու տեղափոխվեցին տարբեր ճամբարներ:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): Բանակ զորակոչվեց շուրջ 500 հզ. հայ ՀԽՍՀ-ից, Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Խորհրդային Միության հայաբնակ այլ վայրերից: Ռազմի դաշտում էին հայկական 76-րդ, 89-րդ (Թամանյան), 390-րդ, 408-րդ, 409-րդ ազգային զորամիավորումները: ՀԽՍՀ-ի սահմանները պաշտպանում էր 261-րդ դիվիզիան: 

1945 թ-ի նոյեմբերին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց սփյուռքահայերի հայրենադարձությունը կազմակերպելու մասին: Առաջին քարավանը Բեյրութից Հայաստան հասավ 1946 թ-ի հունիսին: 1946–48 թթ-ին 12 երկրից հայրենադարձվեց շուրջ 90 հզ. հայ:

Ստալինի մահից (1953 թ.) հետո սկսվեց այսպես կոչված «խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանը (1954–64 թթ.). երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի ազատականացում: Արդարացվեցին (հիմնականում հետմահու) 1930-ական թվականների բռնադատվածներից շատերը, վերադարձան 1949 թ-ին աքսորված հազարավոր հայ ընտանիքներ: Հայաստանի մտավորականությունը հնարավորություն ունեցավ արծարծելու Հայ դատի, կորցրած տարածքների վերադարձի, ազգի համախմբման և այլ հիմնախնդիրներ: Այս նպատակներն էին հետապնդում 1960-ական թվականներին Հայաստանում ստեղծված ընդհատակյա՝ Ազգային միացյալ կուսակցությունը, Հայ հայրենասերների միությունը և այլ կազմակերպություններ:

1965 թ-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանում համազգային մեծ ցույց կազմակերպվեց, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին տարերային ու զանգվածային ելույթներից էր: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի (1960–66 թթ.) աջակցությամբ 1965 թ-ին որոշում ընդունվեց Ծիծեռնակաբերդում կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան (բացումը՝ 1967 թ-ին): 1968 թ-ին նշվեց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, բացվեց Սարդարապատի հուշարձան-համալիրը, 1974 թ-ին՝ ազգագրության թանգարանը: 

1964 թ-ին ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Լեոնիդ Բրեժնևը. հաստատվեց բրեժնևյան պահպանողականների տիրապետությունը: Աստիճանաբար վերացվեցին նշմարվող ազատությունները, կրկին ամրապնդվեց վարչահրամայական համակարգը, երկրում սկսվեց տեղատվության և լճացման տևական փուլ: 

1985 թ-ին, հավատալով ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի «վերակառուցման» քաղաքականությանը, ԼՂԻՄ-ի հայությունը դարձյալ առաջ քաշեց մարզը ՀԽՍՀ կազմում ընդգրկելու հարցը: 1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը:

Հանրապետության տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. ավերվեց հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների արդյունաբերության և բնակելի ֆոնդի 40 %-ը: ԽՍՀՄ հանրապետությունները, բազմաթիվ երկրներ, զանազան միջազգային կազմակերպություններ և Սփյուռքն զգալի օգնություն ցուցաբերեցին երկրաշարժից տուժած շրջաններին:

1990 թ-ի մայիսին Հայկական ԽՍՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան Գերագույն խորհրդի (ԳԽ) այլընտրանքային ընտրություններ, և ժողովրդավարական ուժերի հաղթանակով հանրապետությունում ավարտվեց խորհրդային հասարակարգի 70-ամյա շրջանը: ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: 

1991 թ-ի սեպտեմբերի 2-ին անկախություն է հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 

Առաջին հանրապետության խորհրդանիշները - Հանրային հեռուստաընկերություն

Անկախացան նաև միութենական մյուս հանրապետությունները, և 1991 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեց գոյություն ունենալուց: