Հայաստանի առաջին սահմանադրությունը։ Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմակերպումը։ Իշխանության նոր մարմինների՝ խորհուրդների ընտրությունը կայացավ 1921թ․ վերջին։
1922թ․ սկզբին տեղի ունեցած Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ Սահմանադրության վերջին հոդվածները ներկայացնում էին հանրապետության խորհրդանիշը՝ պետական զինանշանը և պետական դրոշը։ ՀԽՍՀ պետական զինանշանն էր՝ Մեծ և Փոքր Մասիսներից վեր, ծագող արեգակի ճառագայթների մեջ մուրճ ու մանգաղ։ Զինանշանի կրկնակի շրջագծերի արանքում արձանագրված էին․

«Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։ Պետական դրոշն էր՝ ալ կարմիր գույնի կտոր, որի ձախ անկյունում, փայտի մոտ, վերևում, ոսկե տառերով զետեղված էին՝ «ՀԽՍՀ» և կամ՝ «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»։

Զինանշանի հեղինակն էր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Հետագայում (1944թ․) ընդունվեց նաև պետական օրհներգը՝ երգահան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Սահմանադրությունը ամրագրում էր Հայաստանի պետականության հիմնական օրենքները։ 1922թ․ սահմանադրությունն առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ։ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը, քննարկելով Անդրկովկասյան Դաշնության /ֆեդերացիայի/ կազմակերպման հարցը, հավանություն տվեց այդ մտահղացմանը։ Խորհրդային իշխանության առաջնորդ Վ․Ի․ լենինը Կովկասի կոմունիստների առաջ խնդիր էր դնում ստեղծել հանրապետությունների սերտ դաշինք։ Դաշնությունը, նույն ինքը, ֆեդերացիան, պետական միավորման այն ձևն է, երբ տարբեր ինքնիշխան պետություններ միավորվում են մի նոր՝ դաշնային պետության մեջ՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունը։
1922թ. մարտի 12-ին Անդրկովկասի 3 հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատեց դաշնային պայմանագիրը։ Դրանով հիմնադրվեց նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը /ԱԽՖՍՀ/։ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը հիմնականում պահպանում էին իրենց ինքնիշխանությունը։ Անդրկովկասյան Դաշնությունը գոյատևեց մինչև 1936 թվականը։ 1922թ․ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարը, որին մասնակցում էին խորհրդային 4 հանրապետություններ՝ ՌԽՖՍՀ-ն, Ուկրաինան, Բելոռուսիան /Բելառուսը/ և ԱԽՖՍՀ-ը։ Համագումարը հաստատեց ԽՍՀՄ-ի ստեղծման հռչակագիրը և պայմանագիրը։ Հայաստանի ԽՍՀ-ն Անդրկովկասյան Դաշնության միջոցով մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։
Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումով փոխվեց Հայաստանի կարգավիճակը։ ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո նրա ինքնիշխանությունը զգալի չափով թուլացավ։ ԽՍՀՄ-ի կազմավորումը ազգային հարցի լուծման ձև էր, սակայն այն հիմնովին չլուծվեց։ Այդուհանդերձ ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանն ունեցավ մեծ նվաճումներ, նրա պաշտպանությունը դարձավ ապահով։ Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության պայմանագրերը և նոր հիմունքներով հաստատեց դիվանագիտական կապեր։ Հայաստանի լիազոր-ներկայացուցչություններ հաստատվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ադրբեջանում։ Հյուպատոսություններ էին գործում Սուխումում, Բաթումում, Վլադիկավկազում /Լեռնային Հանրապետություն, Տաշքենդում /Թուրքեստան/։ Հայաստանը կապեր ուներ իր անմիջական հարևաններ Պարսկաստանի ու Թուրքիայի հետ։
ՀԽՍՀ սահմանադրությունից (1922թ․)
Հայաստանի ապստմամբ բանվորների և աշխատավոր գյուղացիների կամքով Հայաստանը 1920թ․ նոյեմբերի 29-ին հայտարարված է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ամբողջ իշխանությունը կենտրոնում և տեղերում պատկանում է բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական խորհուրդներին։
Ամփոփում
- Խորհրդային կարգի հռչակումից հետո իշխանությունը իրականացվում էր հեղկոմների միջոցով։ Հայաստանի Հեղկոմը ստեղծեց Արտակարգ հանձնաժողով /Չեկա/։ Սկսվեցին բռնություններ ու հալածանքներ, որոնց հետևանքով ժողովրդի շրջանում աճեց դժգոհությունը, և նա դիմեց զենքի։
- 1921թ․ փետրվարին սկսեց ժողովրդական ապստամբություն։ Ապստամբները փետրվարի 18-ին մտան Երևան ու իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտեն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Խորհրդային ուժերին հաջողվեց ճնշել ապստամբությունը և վերահաստատել խորհրդային իշխանությունը։
- 1921թ․ վերջին կայացան իշխանության նոր մարմինների՝ խորհուրդների ընտրությունները, իսկ 1922թ․ սկզբին գումարվեց Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը։ Համագումարն ընդունեց Խորհրդային Հայաստանի սահմանադրությունը և հավանություն տվեց Անդրկովկասի Դաշնության կազմակերպման հարցին։ 1922թ․ մարտի 12-ին հիմնադրվեց Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1936թ․։
- 1922թ․ դեկտեմբերին նախկին Ռուսական կայսրության տարածքի վրա ստեղծված խորհրդային չորս հանրապետությունները միավորվեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության /ԽՍՀՄ/ մեջ։
- Հայաստանը իր լիազոր ներկայացուցչությունները հիմնեց Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Ուկրաինայում։ Կապեր հաստատվեցին նաև Հայաստանի անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ։