Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մենք ընկեր Թաթուլ Շահնազարյանի գլխավորությամբ, ուղևորվեցինք դեպի Ավան՝ Գիտության և Տեխնիկայի թանգարան։ Դպրոցի երկար դասամիջոցին, մենք խմբով հավաքվեցինք և շարժվեցինք։ Ճանապարհը այդքան էլ երկար չէր, մենք խոսում էինք, ուրախանում, և լցված էինք անհամբերությամբ թանգարանի վերաբերյալ։ Երբ մենք հասանք այդ վայրը, մենք տեսանք ինժեներական շատ գյուտարարություններ արտաքին մասից՝ դրսում։ Շենքերը, շինությունները ունեին հետաքրքիր տեսք, որը նույնպես մեզ հետաքրքրքեց ու զարմացրեց։ Երբ մուտք գործեցինք թանգարան, մեր առջև բացվեց մի մեծ տարածք տարատեսակ սարքավորումներով, գյուտարարություններով, նորարարություններով։ Եվ, իհարկե, քանի որ մենք անհամբեր սպասում էինք այդ ճամփորդությանը, արդյունքում մեր խումբը թանգարանում ցրվեց տարբեր անկյուններով, և բոլորը զննում և ուսումնասիրում էին այն ինչ-որ նրանց դուր էր եկել, ինչ-որ նրանց “աչքը ծակել էր”։

Թանգարանում ցուցադրված իրերը, սարքերը բոլորը գրեթե հիմնադրվել, հայտնագործվել ու արտադրվել են ԽՍՀՄ-ի ժամանակ, և դրա պատճառով հիմա որոշ գործարաններ փակ են, որպեսզի մենք դրանք այցելենք։ Լավ է, որ գոնե գյուտարարության որոշ չափով նմուշներ են կարողացել բերել և հանձնել թանգարանին, որպեսզի վերջինս ունենա պատմություն՝ ցույց տալու համար։

Սկզբից մենք խոսեցինք ընդհանուր Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերի մասին, իմացանք, որ տարիներ առաջ Հայաստանի էկոնոմիկայում արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ինքնաթիռաշինությունը և այլ տարատեսակ էլեկտրական մեքենաների արտադրությունն եղել են առաջավորները։ Հետո, մենք սկսեցինք ուսումնասիրել հերթով ամեն բաժինը։

Սկզբից մենք ուսումնասիրեցինք ավելի հին ժամանակներում հայի կողմից կատարված գյուտերը, որոնցից ամենավառ օրինակն էր՝ ժամացույցը։ Ասում են, որ ԽՍՀՄ-ի ժամանակ, ամեն տարի վաճառվում էր մոտ երկու միլյոն ժամացույց, որոնք պատրաստվում և արտադրվում էին Հայաստանի տարբեր գործարաններում, որոնց ամենահայտնիներից էր “Սիրիուսը”։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց մեր ժամանակվա էլեկտրոնիկան՝ համակարգիչները, հեռախոսները, դրա համար ես ավելի շատ կենտրոնացա այդ բաժնում։ Ես տեսա համակարգիչների և միկրոհամակարգիչների պատենտներ, մոդելներ, որոնք նույնպես հավաքվել ու արտադրվել են Հայաստանի տարբեր արտադրամասերում ու գործարաններում ու մինչ օրս օգտագործվում են նույնիսկ կառավարման մարմիններում /աջից/։ Նաև ես կարողացա տեսնել տպիչ համակարգիչներ, որոնցում թուղթը դնելով կարողանում էին մարդիկ ինչ-որ տեքստ հավաքել։ Այդ տպիչ սարքը հատուկ նախշերով ծակում էր թուղթը և այդ իսկ պատճառով հնարավոր չէր ջնջել գրածը։

Մեր ուղեկցորդուհին ցույց տվեց ամեն գյուտը, ու պետք է ասեմ, որ այդ մեծ թվին ես սպասում էի, քանի որ հայերը ցրվել էին ամբողջ աշխարհով մեկ ու տարբեր վայրերում տարբեր գիտնականներին օգնում էին նոր գյուտարարություններ անել, կամ հենց իրենք էին դառնում գյուտարարներ։ Հետաքրքիրն այն էր, որ հայերը ստեղծել են այնպիսի իրեր, որոնք մինչև հիմա վաճառվում են, օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Լավ օրինակներն են երեկույթների համար նախատեսված գունափոխ սարքը, էլեկտրոգիթարը, հեռախոսները, հաշվիչ մեքենաները, լվացքի մեքենաները, սառնարանները, տարատեսակ ռադիոները, ինչպես նաև կենցաղային իրերը, որոնցից են ինֆորմացիայի կրիչները, ավտոմեքենենարի մարտկոցները, երկբռնակ խողովակը և այլն․․․։

Ընդհանրապես, ԽՍՀՄ-ի ժամանակ ավելի հեշտ էր զբաղվել արդյունաբերությամբ, քանզի ժողովուրդները իրար հետ շփվում էին, ունեին կապեր, իրար օգնում էին ու զարգանում էին։ Նույնը չի կարելի ասել այսօրվա ժամանակների համար։

Այս ամենը մշակել, մտածել ու արտադրել են հայերը։ Ընդհանրապես, ԽՍՀՄ-ի ժամանակ շատ էին զարգացած մանուֆակտուրաները, գործարանները, բայց վերջինիս փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց։ Տարիներ առաջ Հայաստանը զբաղեցնում էր ԽՍՀՄ-ի կազմում առաջին տեղերը ըստ արդյունաբերության, ըստ արտադրության։ Դա շատ մեծ առաջընթաց էր, հաշվի առնելով կենցաղային վատ պայմանները առաջին հանրապետության և դրան նախորդող տարիներին։

Պետք է ավելացնեմ, որ հայ գյուտարարները նաև հայտնի գործեր ունեն բժշկության ոլորտում։ Ինչպես օրինակ այս սարքը։ Այն չափում էր սրտի ձայնը և բաբախումը։ Այն մեծ առաջընթաց դարձավ այդ ժամանակվա բժշկության համար։

Օսցիլոգրաֆ

Ալբերտ Կապիկյանը ռոտավիրուս հիվանդության պատվաստանյութի հեղինակն էր։ Նա մշակել էր հատուկ դեղահաբեր, հատուկ օպերացիա, որով հնարավոր էր դառնում կանխել ռոտավիրուսի տարածմանը օրգանիզմում։ Շատ են եղել գյուտերը այս ոլորտում։ Ռենտգենի ապարատը, գունային սարքը, ջերմային սարքը, անալիզների մշակումը, բոլոր այս սարքերը և երևույթները մշակել են հայերը։

Հիմա, քայլելով Երևանի և տարբեր քաղաքների փողոցներով, շատ ենք նկատում անտեր, փլված շենքեր, որոնք նախկինում եղել են շատ հզոր արդյունաբերական արտադրամասեր։

“Մարս” գործարան

“Հայէլեկտրամեքենա” գործարան

Շատ են նաև ձեռքբերումները մեքենաշինության ոլորտում։ Ամենահայտնի օրինակներից է ավտոմեքենայի նախագծումը։ Խորհրդային միությունում արտադրվել են ԵրԱԶ մակնիշի ավտոմեքենաները։ Հաճախ մարդիկ կարծում են, որ ավտոմեքենաների մակնիշները /անունները/ նրանց տալիս են ինչ-որ երևույթի կամ պարզապես ինչ-որ առարկայի հիման վրա։ Ինչպես օրինակ “Երազը”, մարդիկ մտածում են, թե այն կապ ունի գիշերվա մեր երազների հետ, բայց իրականում այն հապավում է։ Խորհրդային ժամանակներում շատ են արտադրվել ավտոմեքենաներ, իսկ նրանց անունները տրվել են իրենց տեղանքի շնորհիվ։ Օրինակ “ԵրԱԶ” — (Ереванский автомобильный завод), նույն ձևով տարբեր այլ ռուսական, բելառուսական մեքենաներ։ Նույն ՈՒԱԶ-ը նույնպես հապավում է և կոչված է Ուլյանովսկի տեղանքի, քաղաքի անունով։

Ինձ ամենից շատն ապշեցրեց հայ գյուտարարների ձեռքբերումը մեքենաշինության ոլորտում, մասամբ ավտոմեքենաների արտադրումը։ Հայերը նույնիսկ արտադրել են էլեկտրոմոբիլներ, որոնք կարողացել են մի քանի րոպե, նույնիսկ ժամեր պահել էլեկտրականությունը և կարողացել են մարդկանց տեղափոխել մի կետից՝ մյուսը։ Նախագծի հեղինակը դարձել էր Էրիկ Դիլանյանը, որը պատերազմի ժամանակ կործանիչի օդաչու էր և դրա պատճառով կորցրել էր ձախ ձեռքը, բայց այնուհանդերձ կարողացել էր նախագծել ֆենոմենալ նախագիծ՝ էլեկտրոմոբիլի նախագիծը։

Հայերի գյուտարարություններ են եղել նաև ֆիզիկայում։ Օրինակ թվային սարքերը, ռադիոէլեկտրական սարքերը, հաստոցները, հեռախոսները, չափիչ սարքերը, ամպերաչափերը, կիսահաղորդիչները, որոնք նախատեսված էին համակարգիչների համար։ Եղել են ձեռքբերումներ ռազմագիտության ոլորտում։ Գնդացիրի հեղինակը նույնպես հայ է եղել։ Հայերը նաև ստեղծել են կենցաղային հարմարանքներ։ Հատուկ ակնոց, որը նախատեսված էր կույր և խուլ մարդկանց համար։ Դիմապակիներ, հայելիներ ավտոմեքենայի համար։

Վերջում ծանոթացանք հայտնի մարդկանց և նրանց գյուտարարությունների հետ։ Հայերը եղել են յոգուրտի, պլաստմասսե ամանների, դիմապակիների սրբիչ սարքերի, արևային պանելների, հեռախոսների, ինքնաթիռների, երաժշական բասերի, բժշկության ոլորտի տարբեր սարքերի, դոլարի թղթի, թվային հաստոցների, համակարգիչների, հեռախոսների, հաշվիչների, էլեկտրոմոբիլների, երկկողմանի բռնակների, գունավոր հեռարձակման, ֆիզիկայի ոլորտում ձեռքբերումների, ժամացույցների, նավթավառերի, կաուչուկի՝ ռեզինե ակերի, հաստոցների, հաղորդիչների, մեքենաների և այլ գյուտերի հեղինակներ և արտադրողներ։ Եվ պետք էնշեմ, որ այս ամենի հիմքում է ընկած մաթեմատիկան ու ֆիզիկան։

Վերջաբան՝

Շատ հետաքրքիր էր ճամփորդել այս թանգարանը, ուսումնասիրել հայ մարդկանց գյուտարարությունները, նորարարությունները, ավելի լավ ճանաչել հայոց պատմությունը, հայոց արդյունաբերությունը, տնտեսությունը անցած-մոռացված տարիներին։ Անչափ շնորհակալ եմ մեր սիրելի ուսուցիչ՝ ընկեր Թաթուլին, որ նման հետաքրքիր, բովանդակալից, հագեցած ճամփորդության մասնակցելու հնարավորություն ընձեռեց։ Վստահ եմ, որ ոմանց այն կհետաքրքրի ապագայում, և որոշակի ազդեցություն կունենա իրենց մասնագիտական կողմնորոշման վրա։ Շատ ուրախ էի, նույնիսկ իմ տպավորությունները թողեցի թանգարանի օրագրում։ Հպարտ եմ, որ նման մեծ անունով, անվանի գյուտարարներ, արտադրողներ, մշակողներ, ստեղծողներ ու մտածողներ ենք ունեցել։ Հպարտ եմ, որ կարողացել ենք աշխարհին նվիրել այն ինչով որ նա մինչև հիմա օգտվում է։

Հուսամ, նույն տրամադրվածությամբ կշարունակվեն սերունդները սովորել ու իրենց հայրենիքի անունին մեծ հպարտություն ու պատիվ կբերեն։ Շնորհակալ եմ ուղեկցորդուհուն, որ ըմբռնելի կարողացավ մեզ ներկայացնել իրավիճակը, գործարանները, գյուտերը, նորարարությունները։