Հայաստանի Հանրապետությունում նույնպես կլիման բնութագրող հիմնական ցուցանիշները` ջերմությունն ու խոնավությունը, կտրուկ փոփոխվում են տարվա ընթացքում և տեղից տեղ: Տարվա ընթացքում փոփոխությունները դրսևորվում են ըստ ցայտուն արտահայտված տարվա կլիմայական եղանակների՝ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն)։

Հայաստանի Հանրապետության կլիմայի առանձնահատկությունները

Քանի որ ՀՀ-ը լեռնային երկիր է, կախված տեղանքի բացարձակ բարձրությունից տարվա կլիմայական սեզոնների տևողությունը տարբեր է: Բարձրալեռնային գոտում` 2500 մ-ից բարձր տեղամասերում, խիստ ձյունառատ ձմեռը տևում է 7-8 ամիս` հոկտեմբերից մայիս: Միջին բարձրության լեռնային գոտում (1500-2500մ բարձրություններ) ձմռան տևողությունը երկու ամսով կարճ է. սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում է մեկ ամիս շուտտ:

Ցածրադիր գոտում (մինչև 1300-1500 մ բարձրություններ) ձմեռն ավելի կարճատև է. հիմնականում սկսվում է դեկտեմբերի կեսերին և ավարտվում է փետրվարի վերջին: Հանրապետության ծայր հարավի և ծայր հյուսիսի որոշ վայրերում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան) հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը չի իջնում -1-5O-ից: Գարունը, կախված տեղանքի բարձրությունից, կարող է տևել 1,5-3 ամիս: Այս սեզոնի համար բնորոշ են մեղմ ու խոնավ, խիստ փոփոխական եղանակները. հաճախակի են արկտիկական սառը օդի ներխուժումները և դրա հետ կապված գարնանային ցրտահարությունները, որոնք մեծ վնաս են հասցնում բուսաբուծությանը:

Ամառը ցածրադիր գոտում տևում է մայիսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը` օդի +24 O-ից +26O միջին ջերմությամբ: Այս սեզոնին գերիշխում են արևադարձային չոր օդային զանգվածները, հաճախակի են դառնում խորշակները և երաշտները: Միջլեռնային գոգավորություններում աշխուժանում են լեռնահովտային քամիները և մթնոլորտի վերընթաց հոսանքները: Հաճախակի են ամպրոպներն ու կարկտահարությունը: Բարձրալեռնային գոտում ամառը կարճատև է ու զով: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը +15O-ից բարձր չի լինում: Աշունը հանրապետության ցածրադիր, մասամբ նաև միջինլեռնային գոտում ամենահաճելի սեզոնն է: Բնորոշ են արևոտ, չափավոր տաք, անհողմ եղանակները: Լինում են նաև ցրտահարություններ, որոնք կրճատում են գյուղատնտեսական աշխատանքների տևողությունը: Լինելով տիպիկ լեռնային և տարածքով համեմատաբար փոքր երկիր՝ ՀՀ-ում կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում ոչ թե ըստ հասարակածից ունեցած հեռավորության, այլ ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության: ՀՀ-ում առանձնացվում են կլիմայի վերընթաց 8 գոտիներ։

  • 1 — չոր մերձարևադարձային
  • 2 — չոր, խիստ ցամաքային
  • 3 — չոր ցամաքային
  • 4 — չափավոր ցամաքային
  • 5 — չափավոր շոգ
  • 6 — բարեխառն լեռնային
  • 7 — ցուրտ լեռնային
  • 8 — ձյունամերձ կամ խիստ ցուրտ լեռնային։

Չոր մերձարևադարձային և չափավոր շոգ կլիմաները (1-ին և 5-րդ) բնորոշ են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններին: Չոր մերձարևադարձային կլիման (1) ձևավորվում է մինչև 700-1000 մ բարձրություններում։ Ձմեռը կարճատև է, մեղմ: Օդի միջին հունվարյան ջերմաստիճանը տատանվում է 0 O-ի շուրջ, տեղումները` մոտ 350 մմ: Կայուն ձյունածածկույթ առաջանում է միայն առանձին ցրտաշունչ տարիներին: Չափավոր շոգ կլիմայի տիպը, ըստ էության, չոր մերձարևադարձայինի տարբերակն է և տարածվում է մինչև 1300 մ բարձրությունները:

Չոր, խիստ ցամաքային կլիման ձևավորվում է Արարատյան դաշտի մինչև 1000 մ բարձրություններում: Ձմեռը ցուրտ է, հունվարյան միջին ջերմաստիճանը` -3O-4O է: Ամառը տևական է, շոգ և չորային: Արարատյան դաշտի մեծ մասում, հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ցածրադիր շրջաններում 170-190 օր օդի ջերմաստիճանը 10 O-ից չի իջնում, ինչը լավ պայմաններ է ստեղծում խաղողի, դեղձենու, թզենու և նույնիսկ բամբակենու և բրնձի մշակության համար:

Չոր ցամաքային կլիման բնորոշ է Արարատյան գոգավորության և Վայոց
ձորի մինչև 1600-1800 մ բարձրություններին: Սա միակ գոտին է, որտեղ կլիմայական եղանակները համընկնում են օրացուցային եղանակների հետ: Այս տեղ լավ են աճում ցորենը, պտղատու ծառերը, կարտոֆիլը և ծխախոտը:

Կլիմայի հաջորդ երեք տիպերն իրենց բնույթով լեռնային են:

Բարեխառն լեռնային կլիման ձևավորվում է մինչև 2400 մ բարձրության
լեռնալանջերին և սարավանդներում: Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձյունածածկույթով, իսկ ամառը` տաք, համեմատաբար խոնավ: Այս կլիմայի պայմաններում մշակում են հացահատիկային մշակաբույսեր, կերաբույսեր, կարտոֆիլ: Բարեխառն լեռնային կլիմայից վեր երկրագործությունը և մշտական բնակչությունը բացակայում են

Ցուրտ լեռնային կլիման ձևավորվում է մինչև 3500 մ բարձրություններում, ուր տարածվում են մերձալպյան և ալպյան լանդշաֆտները: Ձմեռը ձյունառատ է:

Ձյունամերձ (խիստ ցուրտ) լեռնային կլիման ձևավորվում է 3500 մ-ից բարձր գագաթամերձ շրջաններում: Մակերևույթի ստվերոտ մասերում ամբողջ տարին պահպանվում են ձնաբծեր: Գարունն ու աշունը կարճատև են, բայց ցուրտ: Ամառ չի լինում: Այստեղ թափվում են ամենաշատ տեղումները (1000-1100 մմ):