Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝
- իրեր, oրինակ՝ պատ, աթոռ, ծաղիկ,
- կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
- երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են), oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
- անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝ անձնանուններ, oրինակ՝ Հովհաննես Թումանյան,
- մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:
Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ — բժիշկ, մարդ, դերասան:
Ուշադրություն
Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են: Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել:
Գոյականի թիվը
Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
—Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝ տուն-տներ
—Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:
Ուշադրություն Ֆիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի: Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ:
1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝ բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս: Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան: Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներ վերջավորություն: Սա բացառություն է:
2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է:
Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր: Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր —ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով: Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ: Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ:
3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր: Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ: Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ: Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով:
Այս բառերում գաղտնավանկի ը-ն բառասկզբում է՝ /ը/սպա: Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ: Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսեր: Դրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել: Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկ: Տիկին, պարոն և անձ բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր: Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերք։ Ոչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ: Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ: Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր: Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝
- զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
- ություն, եղեն ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
- որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:
Սրանք կոչվում են անհոգնական գոյականներ: Հոգնակի թիվ չունեն նաև հատուկ անունները իրենց հատկանշական գործածության մեջ: Բացառություն են կազմում որոշ մասնակի դեպքեր հիմնականում խոսակցական լեզվում կամ փոխաբերական գործածության դեպքում: Օրինակ՝ Մեր դասարանի Արմենները եկան: Հայ ժողովուրդը ունեցել է և՛ վասակներ, և՛ վարդաններ: Վերջին օրինակում անունները վերաիմաստավորված են և փոխաբերաբար նշանակում են դավաճաններ և հերոսներ, այդ պատճառով էլ գրվում են փոքրատառով: Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն: Առավել հաճախ հնչյունափոխվում են ի, ու, ը ձայնավորները: Ի -ն հաճախ դառնում է ը, փակ վանկի ու-ն դառնում է ը, բաց վանկի ու —ն՝ ը, վ-ն սղվում է՝ տուն-տներ, միրգ-մրգեր, աստղ-աստղեր:
Առաջադրանքներ
1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
| Եզակի թիվ | Հոգնակի թիվ |
| Սար, բուրմունք | Դարեր |
| Ձյուն, թև | Ժայռեր |
| Կատար, զեփյուռ | Հողմեր |
| Արև, կակաչ | Անդունդներ |
| Ցավ, հով | Գագաթներ |
| Վիշտ, ծաղիկ | Լանջեր |
| Գարուն, ժայռ | |
| Աղբյուր, քար | |
| Առու |
Նախադասություններ՝ (Եզակի)
- Սարի լանջին էր թափվել ճերմակ ձյունը։
- Առուն հոսում էր ամբողջ Հայաստանով մեկ։
- Բոսոր արևի պայծառ շողերը դանդաղորեն ներթափանցեցին մեր դասարան՝ պատուհանից։
Նախադասություններ՝ (Հոգնակի)
- Դարեր շարունակ հայ ազգը ենթարկվել է տեղային զտումների, անցել է դժվար ու խրթին ճանապարհով, եղել է տարբեր կայսրությունների մեջ և հարյուրավոր տարիներ անց կարողացել է վերականգնել իր պետականությունը։
- Հողմերը արդեն երկու ժամ է, ինչ պտտվում են քաղաքով մեկ և ոչնչացնում են նրանց ճանապարհին հանդիպած ամեն առարկա։
- Արարատ լեռան գագաթները դարեր շարունակ մնում են ճերմակ ու փափուկ ձյունով պատված։
3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճառ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ