Հայտնի է, որ երկրագնդի աշխարհագրական թաղանթում բնության բաղադրիչների տարածական փոփոխությունները տեղի են ունենում հորիզոնական և ուղղաձիգ գոտիականության օրենքներով:

Դրանց համաձայն են երկրագնդի վրա գոյացել բնական գոտիներն ու զոնաները, ձևավորվել ֆիզիկաաշխարհագրական շրջանները, իսկ լեռնային երկրներում այս ամենին ավելանում է բնատարածքային համալիրների` լանդշաֆտների, գոտիական փոփոխությունը վերընթաց ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու ալպյան և ձյունամերձ: Լանդշաֆտային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության խոնավության փոփոխությունն է:

Հայաստանի Հանրապետության լադշաֆտային գոտիականության մեջ նկատելի են մի քանի օրինաչափություններ: Ներքին գոգավորություններում անտառային գոտին հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին գոգավորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են: Հետևելով կից ներկայացված ՀՀ լանդշաֆտային գոտիների քարտեզին` համառոտ ծանոթանանք յուրաքանչյուր լանդշաֆտային գոտուն:

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում:

Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում` 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը «անջրդի» են: Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր ոռոգելի։

Գարնանային անձրևների շրջանում կիսաանապատը ծածկվում է կարճակյաց (էֆեմեր) բուսականությամբ, որն ամռանը չորանում է: Գերակշռողը օշանաօշինդրային, իսկ ժայռոտ տեղամասերում` լեռնաչորասեր (ֆրիգանոիդ) բուսականությունն է: Կենդանական աշխարհում տիրապետող են սողունները (իժ, գյուրզա, լորտու) և բազմազան միջատները (կարիճ, մորմ): Այս գոտում տարածված թռչուններից են օձակեր բազեն, արագիլը և լորը: Կենդանիներից հաճախ հադիպում են աքիսը և համստերը, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն:

Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է։

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ունեն: Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային:

Անտառապատ լեռներ Զանգեզուրում

Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով` մինչև 1800 մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելին են (300-400 մմ): Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի ու Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներ են: Դրանք ձևավորվել են մերձարևադարձային` չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի պայմաններում: Այս լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 15%-ը: Այս ենթագոտին հյուսիս-արևելքում ու Զանգեզուրում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար։

Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր` մինչև 2000-2400 մ բարձրությունները` զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը: Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդներում և բարձրադիր գոգավորությունների հատակին: Այս ենթագոտին բնութագրվում է տաք ամառով և ցուրտ ձմեռով, տեղումների տարեկան քանակը հասնում է 600-700 մմ-ի:

Լեռնային համեմատաբար մեղմ կլիմայի պայմաններում օրգանական նյութերի քայքայումը հողում մինչև վերջ չի կատարվում: Դա նպաստում է հումուսի ավելացմանը (մինչև 15%): Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Գոտու վերին սահմանին մոտ` համեմատաբար խոնավ վայրերում, ձևավորվում են մարգագետնային տափաստաններ: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. շատ են կրծողներն ու թռչունները:

Լեռնատափաստանային լանդշաֆտ

Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են: Մշակում են նաև արմատապտուղներ (կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ) և կերաբույսեր:

Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները` Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը: Դրանք կազմում են ՀՀ տարածքի մոտ 10%-ը: Հյուսիսարևելյան` համեմատաբար խոնավ շրջաններում անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մ, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրում` մինչև 2400 մ բարձրությունները։

Լեռնանտառային գոտու կլիման այլ գոտիների համեմատությամբ մեղմ է. ձմեռը չափավոր ցուրտ է, ձնառատ, իսկ գարունը` զով և խոնավ: Ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ: Տեղումների տարեկան քանակը 600-700 մմ է:

Մերձալպյան և ալպյան գոտու բուսականություն

Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000 մ, իսկ հարավում` 2400 մ բարձրություններից: Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը: Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում` 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ և այլն): Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն ու եռանդուն սառնամանիքային հողմահարումը: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու «պարզագույն հողեր»։