Արատե՛ս, վերջապես երկու տարի անց կարողացա հերթական անգամ այցելել չքնաղ բնության գրկում գտնվող այդ կենտրոնը։ Այնքան էի կարոտել այդ կենտրոնը ու կարող եմ ասել, որ շատ բան է փոխվել այնտեղ։ Արատեսը դարձել է ավելի հաճելի, ավելի սիրուն ու ավելի հարմարավետ։

Օր 1
Արատես մեկնեցինք հոկտեմբերի 21-ին, ուրբաթ օրը Սուրբ Երրորդության եկեղեցու բակից։ Ճանապարհին շատ կանգառներ պետք է ունենայինք, սակայն կանգ առանք միայն երկու վայրում։ Սկզբում մենք կանգ առանք մի խանութի դիմաց, որտեղից սովորողները և ուսուցիչները Արատեսի համար շատ ապրանքներ գնեցին։ Երկրորդ ու ավելի կարևոր կանգառ հանդիսացավ Սուրբ Հովհաննես Կարապետի եկեղեցին, որտեղ ես 2021 թվականի սեպտեմբերին արդեն եղել էի։ Ընդհանրապես, ես սիրում եմ այցելել այն վայրերը, որտեղ որ արդեն եղել եմ ու շատ եմ սիրում ևս մեկ անգամ լսել մեր հայրենիքի եկեղեցիների ավանդապատումները։ Սուրբ Հովհաննես Կարապետի եկեղեցին վանահամալիր էր, այն կազմված էր եկեղեցուց ու այլ շինություններից։ Եկեղեցիների տարածքում կային բազում խաչքարեր, որոնք իրարից տարբերվում էին տարիքով, ձևով ու պատկերներով, նախշերով։ Այդ եկեղեցին գտնվում է Հայաստանի Արարատ մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հեռավորության վրա, Լուսաշող-Վեդի ավտոճանապարհի աջ կողմում։ Իրոք, որ այդ եկեղեցին մի առանձնահատուկ դեր ունի մեր հայրենիքում։ Այդ եկեղեցու ավանդապատումը մեզ բոլորիս ստիպեց ևս մեկ անգամ հավատալ ու խոնարհվել Աստծու առաջ։ Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից։ Եկեղեցու տարածքը պարսպապատ է։ Պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։

Եկեղեցում մեզ քահանան ու սարկավագը պատմեցին ավանդապատումը և հետո մենք նստեցինք ավտոբուսը և շարժվեցինք դեպի Արատես։ Եղանակը ցուրտ էր, այդ իսկ պատճառով ոմանք մրսում էին, իսկ ոմանք, ովքեր որ կարողացել էին շուտ քնել, չէին մրսում։ Այսպես մենք ժամ ու կես ճանապարհ կտրեցինք անցանք և ի վերջո հասանք երկար սպասված Արատեսը։ Այնքան էի կարոտել Արատեսը, որ նույնիսկ նորմալ չէի հիշում ընդհանուր նրա տեսքը, բայց երբ հասանք տեղ, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Մենք կանգ առանք Արատեսի վանքի մոտ, որը միշտ Արատեսում առաջինն է դիմավորում ճամփորդներին։ Մենք նկարվեցինք, կարդացինք նրա պատմությունը, որը գրված էր ցուցատախտակին։ Մի քանի ակնթարթ անց մենք արդեն մեր իրերն էինք բարձրացնում դեպի վերևի տնակներ։ Մենք սովորողներով ջերմ զրույցներ ու քննարկումներ էինք ունենում, կիսվում էինք մեր տպավորություններով, մեր պատկերացումներով, և բոլորի կարծիքները գրեթե համընկնում էին։ Մենք Արատես էինք եկել մեր ֆիզիկայի ուսուցչուհի՝ ընկեր Գոհարի հետ և մենք ունեինք մի շատ կարևոր նախագիծ անելու, որը երկրորդ օրվա ընթացքում կարողացանք սկսել։ Ընկեր Գոհարի հետ առաջին անգամ էի ճամփորդում, սակայն վստահ էի, որ Արատեսի անդուր եղանակից ամենալավ խուսափելու միջոցը ընկեր Գոհարի հետ զրուցելն է, խոսալը ու զվարճալի խաղեր խաղալը։ Մեր նախագիծն էր “ոչ ավանդական էներգիայի աղբյուրների մասին ուսումնասիրությունը”, որը մենք կարողացանք որոշ չափով անել երկրորդ օրվա ընթացքում։ Մեր խումբը կազմված էր 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողներից։ Մեր հետ էր նաև ընկեր Գոհարի դուստր՝ Ալեքսանդրիան, որը մեր տրամադրությունը լավ բարձրացնում էր ճամփորդության ժամանակ։ Բացի խմբից, մեր հետ ճամփորդում էր նաև ուրիշ խումբ՝ ընկեր Լիլիթի գլխավորած խումբը։ Մենք՝ ընկեր Գոհարի հետ, եկել էինք նախագծային նպատակով, սակայն ընկեր Լիլիթի խումբը եկել էր ռազմամարզական ճամբարի նպատակով։ Ինձ շատ դուր եկավ այն, որ երկու խմբերի միջև շատ հետաքրքիր թեմաների շուրջ ջերմ խոսակցություններ կային։ Երկու խմբերի սովորողները միմյանց հետ շատ կապված էին, քանի որ ոմանք դասարանցի էին, ոմանք համադասարանցի, ոմանք պարզապես ծանոթ։ Ես իսկապես գոհ եմ, որ ինձ այսպիսի հրաշք մի խումբ ընկավ։ Մեզ մի որոշ ժամանակ տրվեց սենյակները հավաքելու ու դասավորելու համար։ Հետո արդեն ճաշի ժամն էր։ Մեր երկու խմբերը միասին էին նախաճաշում, ճաշում ու ընթրում։ Այսպես առաջին օրը շատ հագեցած անցավ ու մենք երեկոյան ընկեր Գոհարի հետ նույնիսկ հասցրեցինք մի շատ զվարճալի խաղ խաղալ։
Օր 2
Երկրորդ օրը ավելի դժվար, բայց ոչ պակաս բովանդակալից անցավ։ Մենք առավոտյան զարթնեցինք և առավոտվա մարզանք արեցինք անձրևոտ եղանակին։ Մենք շատ էին սառել, սակայն մարզանքի շնորհիվ կարողացանք տաքանալ։ Դրանից հետո նախաճաշեցինք և հետաքրքիր զրույցներ ունեցանք։ Մեր նպատակն էր այցելել ջրամբարը, որը մենք արեցինք։ Մենք կարողացանք այդ անդուր եղանակին գնալ մեր ուզած վայրը՝ Արատեսի ջրամբարը։ Մեր նպատակն էր ուսումնասիրել, թե ջրամբարները ի՞նչ օգուտ են տալիս հանրությանը և ինչպիսի՞ դեր են կատարում գյուղատնտեսության մեջ և ընդհանրապես, նրանք կարողանու՞մ են լինել ոչ ավանդական էներգիայի աղբյուրներ։ Մենք համոզված էինք, որ մեզ այնտեղ մեկը կօգնի այդ հարցում, սակայն հասնելուն պես հասկացանք, որ այդ վայրը ամայի էր ու այնտեղ ոչ մի մարդ չկար, բացի մեզանից։ Սակայն մենք չտխրեցինք այլ շարունակեցինք մեր նախագիծը և ինքներս որոշեցինք պարզել, թե ինչ օգուտներ է տալիս ջրամբարը, դամբան։
Բայց մինչև հասնելը այնտեղ մեզ հարկավոր էր կտրել-անցնել 2-3 կմ, սակայն դա բավականին հեշտ գործ չէր, որովհետև և՛ եղանակն էր ցուրտ, և՛ տեղանքն էր բարձր։ Սակայն մենք մեր կամքի ուժով կարողացանք հաղթահարել այդ բարձունքը ևս։ Մենք ճանապարհին շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք ընկեր Գոհարի, երեխաների, սովորողների հետ։ Այնպիսի հետաքրքիր էր մեր ճանապարհը, որ մենք նույնիսկ չէինք էլ մտածում ու չէինք էլ պատկերացնում, որ կես ճանապարհը այդ տեղանքում հաղթահարել ենք։ Մինչև գլխավոր ճանապարհ հասնելը, մենք անցանք Արատես գետի վրայով դրված “կամրջի” վրայով։ Այդ գետը շատ սիրուն ու մաքուր գետ էր։ Այդ գետի ջրերը շատ սառն էին, ուստի մենք պարզապես դիտեցինք մի քանի րոպե, խոսեցինք և առաջ ընկանք։ Գետաբանությունը, ջրագրությունը իմ ամենասիրելի հոբբիներից մեկն է, ուստի եթե ինձ ժամանակին “չարթնացնեին”, ես ավելի երկար ժամանակ կնայեի այդ հրաշք տեսարանին։


Մի քիչ դիտելուց ու նկարելուց հետո, մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Մեր առջև ամուր կանգնած էին վեհ, վսեմ ու հաղթանդամ լեռները, ժայռերը և հենց նրանք էին մեզ ուժ տալիս առաջ շարժվելու։ Բացի լեռներից ու ժայռերից մեր դիմաց էր բացվում աննկարագրելի մի հրաշք բնության տեսարան։ Այդպիսի տեսարաններ քաղաքում քիչ են հանդիպում ու սովորական մարդու իսկական երջանկությունը այդ բնական հրաշքներն են։ Ճանապարհին մենք շատ էինք զրուցում գիտությունների մասին ու մեր նախագծի մասին և այդպես ավելի էինք կարճացնում մեր ուղին։









Այսպես մեր կողքի հրաշք բնությունը և անվերջ հոսող Արատես գետը չէին դադարում, չէին լքում մեզ ու ամբողջ ուղին ուղեկցում էին։ Մենք այդ մի քանի կիլոմետրը բավականին շուտ կտրեցինք անցանք։ Ճանապարհին հիանում էինք այդ հրաշք բնությամբ, բռնում էինք հետաքրքիր թեմաներ և զրուցում էինք դրանց մասին, մինչև մեր հասնելը։ Մեր քայլքը տևեց մոտավորապես մեկ ու կես ժամ և դրանից հետո մենք հասանք մեր նշանակության վայր։ Վերջապես հասանք Արատեսի ջրամբար։ Ընդհանուր առմամբ, Արատես գետի վրա կառուցված է 19 ջրամբար, սակայն ոչ բոլորն են պիտանի։ Արատես գետը Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետը չէ, նրա երկարությունը կազմում է 50 կմ, սակայն մեծ քանակի ջրամբարներ ու հիդրոէլեկտրակայաններ են կառուցված այդ գետի վրա։ Հասնելով տեղ, մենք զզնեցինք տեղանքը և ծանոթացանք ջրամբարի գործունեության հետ։ Ջրամբարը հին էր ու կառուցված մատերիալները արդեն ժանգոտել էին։ Մեզ ընկեր Գոհարը պատմեց, որ ջրամբարները օգնում են գյուղատնտեսության բնագավառում, ոռոգման ջուր մատակարարելով ու ամբողջ նրանց աշխատանքը պայմանավորված է ֆիզիկայով, որը իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։ Նաև ջրամբարները էներգիայի աղբյուր են հանդիսանում, քանի որ դրանց շնորհիվ գետերը ֆիլտրվում են, մաքրվում են ու ավելի արագ են հոսում, ըստ դրա ավելի շատ էներգիա են մատակարարում մոտական տեղանքին, գյուղին կամ էլ համայնքին։ Այդպես այս ջրամբարը նույնպես մեծ էր ու իրականում նրա դերը նույնպես շատ մեծ էր այդտեղ։ Այդտեղ երկու հուն իրար հետ էին հանդիպում ու հոսանքները սխալ ուղղություններով էին գնում, սակայն ջրամբարի օգնությամբ այդ խնդիրը կարողացավ լուծվել և հիմա ավելի հեշտ է դառել շահագործել այդ ջրամբարը։ Այդ ջրամբարը արդյունավետ միջոց է արագ ջուրը ֆիլտրելու և մատակարարելու։ Հայաստանի Հանրապետության տարածքում այդպիսի ջրամբարները շատ-շատ են ու այդպիսի ջրամբարները կարևոր դեր են խաղում միայն այն տարածքում, որտեղ նրանք տեղակայված են։ Որպես օրինակ, Արատեսի ջրամբարով սնվում են մոտակա գյուղերը, նույն Արատեսը, իսկ Ապարանի ջրամբարով՝ Ապարանը և արվարձաններում գտնվող գյուղերը, համայնքները։ Կետչուտի ջրամբարով սնվում է Ջերմուկը և այլն․․․։
Մենք նկարվեցինք ջրամբարի մոտ, ավելի լավ ճանաչեցինք վերջինիս գործունեությունը, հատկությունները, դերն ու նշանակությունը։ Դա նույնպես ոչ պակաս գեղեցիկ վայր էր։ Այսքանը ուսումնասիրելուց հետո մենք նույն ճանապարհը կտրեցինք անցանք ու հասանք տուն։ Մեզ ճանապարհին շատ էին հանդիպում մասրենու, ալոճենու ծառերը, թփերը և մենք ճանապարհի որոշ հատվածներում կանգնում ու հավաքում էինք դրանց։ Վերադարձի ու գնալու ճանապարհներին մեզ ուղեկցում էր նաև Սևաժայռը, որը այդ տեղանքի ամենաբարձր ժայռերից մեկն էր։ Երբ մենք վերադարձանք ետ՝ Արատես, ճաշեցինք ու հերթական անգամ խաղեր խաղացինք։ Ինչքան էլ, որ ես ռազմամարզական ճամբարի մասնակից չէր, սակայն կազմակերպչիս շնորհիվ կարողացա ստանալ հնարավորություն մասնակցել ռազմական դասին, որը վարում էին “Արշակունի ռազմահամալսարան”-ի սաները և նրանց հիմնադիր-հրամանատարը՝ Արտավազդը։ Շատ գոհ եմ այդպիսի ըմբռնելի դաս անցկացնելու համար, համենայն դեպս այդ գիտությունը մեզ անհրաժեշտ է իմանալ, քանի որ կա վտանգ ու եթե մենք չիմանանք պաշտպանվելու ամենահեշտ ու ամենապարզ միջոցները, ապա չենք կարողանա պայքարել։ Շնորհակալ եմ այդ խմբից դաս անցկացնելու համար, շնորհակալ եմ, որ այդ խումբը կարողացավ ժամանակ գտնել և մեզ բացատրել, թե ինչպես են կազմված ռազմական զենքերը, հագուստները և ինչ զինամթերք են զինվորները կրում ու օգտագործում առաջնագծում։ Սովորողները իրենց հետաքրքրող հարցերը մղեցին հրամանատարին և այդպես եզրափակեցինք այդ դասը։ Նաև ուրախ եմ, որ կարողացա ձեռք բերել նոր ընկերներ։ Այդ ռազմագիտության դասը ինձ հիշեցրեց իմ ռազմամարզական “Ծովինար” ճամբարը, որտեղ ես ամեն տարի գնում են։ Դասից հետո, ես իմ ընկերներ՝ Ավագի ու Արթուրի հետ, մնացի գիշերային հերթապահության։
Այսպես հետաքրքիր անցավ նաև մեր երկրորդ օրը․․․







Օր 3
Ահա և եկավ վերջին օրը։ Վերջին օրվա ընթացքում մենք զբաղվեցինք հերթապահությամբ, հավաքեցինք մեր սենյակները և դասավորեցինք մեր ճամպրուկները Երևան վերադառնալու համար։ Իհարկե, ես իմ քաղաքը անչափ սիրում եմ, բայց այս անգամ կցանկանայի մի որոշ ժամանակ ավելի մնալ այդ չքնաղ, հրաշալի վայրում։ Արատեսը ինձ սովորացրեց գոյատևել։ Այսինքն սովորացրեց, թե ինչպես պետք է կենցաղային գործիքներից ու սարքերից օգտվել, մասամբ վառարաններից։ Արատեսի ժամանակ մենք կարողացանք մեր աշխատանքային խմբով նաև աշխատել մեր “Նախասիրությունների բացահայտման” թեստի ու արդյունքների վրա, որի համար անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներից։ Ժամեր հետո էլ շարժվեցինք դեպի Երևան ու երկու ժամվա ճանապարհից հետո մենք հասանք մեր քաղաքամայր։ Շատ էինք կարոտել մեր տունը, մեր ընկերներին, սակայն շատ կցանկանայինք մի որոշ ժամանակ ավել մնալ այնտեղ։ Անչափ գոհ, շնորհակալ եմ իմ ֆիզիկայի ուսուցչուհուց՝ ընկեր Գոհարից, իմ կազմակերպիչ՝ ընկեր Լիլիթից, ընկեր Սամվելից և այլոցից։ Շատ հիանալի, հիասքանչ, չքնաղ, այլ բառերով չեմ կարող պարզապես նկարագրել մեր ճամփորդությունը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այդ ճամփորդությանը և հուսամ, այդպիսի հետագա ճամփորդություններին կկարողանամ մասնակցել։ Անչափ գոհ եմ, անչափ շնորհակալ եմ բոլորից և՛ կազմակերպիչներից, և՛ ընկերներից, և՛ Արատեսի խոհարարուհուց, և՛ ընկեր Տարոնից․․․