Կրակի  առասպելը:  Վլադիրմիր  Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանքներ

Ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

Իմ կարծիքով առաջին մասը այն հատվածն է, որից հետո սկսվում է սարդի ճամփորդությունը։ Ինչու՞ է դա առաջին մասը։ Ես կարծում եմ, որ այդ առաջին մասում է պայմանավորված բուն իմաստն ու սյուժեն, այսինքն եթե կրակը չբռնկվեր, եթե կենդանիները չփորձեին բերել այն, սարդը չէր համարձակվի իր վտիտ կազմվածքով գնալ կղզի, այդքան փորձություններ անցնել ու բերել կրակը։ Կարևորում եմ այն, որ այդ հատվածում է հեղինակը ցույց տալիս բոլոր տկարությունը, իսկ դրանից հետո, երբ արդեն սկսվում է երկրորդ մասը, ամեն ինչ փոխվում է, և բոլորից գտնվում է մեկը՝ սարդը, որը կարողանում է խոսքը պահել ու կատարել այն։ Այդ մասից էլ սկսվում է երկրորդ մասը։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք  չուներ։

Համաձայն չեմ։ Փոթորկի ու ամպրոպի ժամանակ բոլորը մրսում էին, և միևնույնն է այդ փոթորկից հետո սկսվելու էր տանջալի ու ցուրտ ձմեռը, որին պատրաստ չէր գրեթե ամեն կենդանի։ Այդ իսկ պատճառով, երբ անգղը գտավ կրակը, բոլորը ուրախացան, որովհետև բոլորի նկարագրությունների համաձայն, այն վառվում էր ու ջերմացնում էր, այդ իսկ պատճառով բոլորը համամիտ էին այն մտքի հետ, որ կրակը նրանց ձմեռը կտաքացնի։

  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։

Թզենին սիրում էր ծաղրել փոթորկին ու ընդհանրապես նրա վրա ուշադրություն էլ չէր դարձնում։ Համաձայն եմ, բայց ի վերջո նա արժանացավ պատժի։

  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։

Ամրոպը պարզապես հարվածեց թզենուն, սակայն վերջինս իր երգը չդադարեցրեց, ու միայն երգի ավարտը եկավ այն ժամանակ, երբ որ ծառը ջերմությունից սկսվեց այրվել։

  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։

Այո, լիովին համաձայն եմ։ Ինչպես որ հեքիաթում, այդպես էլ մեր կյանքում, խելքը ուժի մեջ չէ։ Նույնիսկ ամենատկարը կարող է այնպիսի առաջարկ անել, որ դրա արդյունքում կփրկվեն հազարավոր կյանքեր։ Հեքիաթում այդ փոքրամարմինը սարդն էր, որը չնայած նրա թույլ մարմնին, կարողացավ այնպիսի գործ անել, որ նույնիսկ մեծ կենդանիները չէին համարձակվում դա անել։

  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։

Այո համաձայն եմ։ Թզենին նման է այն մարդուն, ով որ չի վախենում ոչ մի փորձությունից, չի հանձնվում և գնում է մինչև վերջ, մինչև իր ուզած, մինչև իր նպատակը։ Նա տարբերություն չի դնում, իր ուժերը չի համեմատում և ի վերջո հասկանում է, որ ամեն ինչ հաղթահարելի է և գնում է իր նպատակի հետևից։ Այս կերպ հեղինակը փորձեց նկարագրել ու բնութագրել թզենուն։

  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։

Այո պարտվեցին, որովհետև չկարողացան դիմակայել թզենու անվախությանը ու անտարբերությանը։

  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։

Այո, որովհետև գարունը մեզ մոտ ասոցացվում է որպես ծաղկող, բուրումնավետ ժամանակ, և ամպրոպն ու կրակը ընդհանրապես իրար հետ չեն համապատասխանում այդ հարցում։

  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։

Սկզբում նրանք չգիտեին, որ կրակ կա, սակայն երբ իմացան, որ մոտակայքում կրակի ու ջերմության աղբյուր կա, սկսեցին փորձեր անել, այն հայթհայթելու ու բերելու համար։

  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։ 

Այո, համաձայն եմ։ Նա չէր պատկերացնում, որ իր արարքով նա կկարողանա անվերժ ու հավիտյան օգուտ տալ կենդանիների մի խմբին, որը դրա կարիքը ուներ։ Թզենին ուշադրություն չէր դարձնում ամպրոպի կամ կայծակի վրա, նա պարզապես շարունակում էր ջերմանալ ու երգել, որով հրդեհ սկսվեց և այդ հրդեհի շնորհիվ կենդանիները ջերմության անվերջ աղբյուր ստացան։