Նոյեմբերի 8-ին հնարավորություն ընձեռվեց ճամփորդել դեպի Հայաստանի երկրաբանության թանգարան։ Իմ աշխարհագրության ուսուցչի՝ ընկեր Էմանուելի հետ կեսօրից հետո դուրս եկանք դպրոցից և ուղևորվեցինք դեպի թանգարան։ Ճանապարհը այդքան էլ երկար չէր։ Ճանապարհին հետաքրքիր ու զվարճալի զրույցներ ունեցանք սովորողների հետ։ Թանգարանը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում, այդ իսկ պատճառով այդքան էլ հեռու չէր և մենք ժամանակին հասանք այդ թանգարան։

Թանգարան մուտք գործելուց հետո, մեր առջև բացվեցին հնամյա մշակութային ու պատմական արտեֆակտները։ Թանգարանի խորհրդանիշներից մեկը դա մամոնտի կմախքն էր, որը ապրել է երկրի վրա 70-75 հազար տարի առաջ Շիրակի սարահարթում։ Իսկ կմախքը հայտնաբերվել է տասնամյակներ առաջ պեղումներ կատարող խմբի շնորհիվ և հանձնվել է թանգարանին։ Բացի կմախքից թանգարանում կային տարատեսակ քարեր, ապարներ։ Մեզ ծանոթացրեցին քարերի տեսակների հետ։ Եթե սովորական մարդու համար քարը սովորական “երևույթ” է, ապա երկրաբանի համար, ամեն քարը ունի իր պատմությունը, նշանակությունը, կառուցվածքն ու առանձնահատկությունը։ Ի զարմանս մեզ, Հայաստանը այդ հարցում շատ է զարգացած։ Հայաստանում է գտնվում Մենդելեևի աղյուսակի շուրջ 100-105 տարր։ Հայաստանի ընդերքը հարուստ է տարատեսակ ապարներով, թանկագին քարերով։
Այնուհետև մեզ ծանոթացրեցին դարեր առաջ, մեր երկրի վրա ապրած հսկա կենդանիների մասունքների հետ, որոնցից ամենահայտնին էր եղջերույի եղջյուրը։ Կենդանիները իրենց չափսերով զարմացրեցին մեզ։ Կմախքը, որը պատկերված է նկարում և թանգարանի խորհրդանիշներից մեկն է, դեռ հանդիսանում է ձագի կմախք։ Դժվար է պատկերացնել, թե հասուն մամոնտի մարմինը ինչքան ահռելի չափսեր կունենար անցյալում և մեր ժամանակներում։

Մեզ բացատրեցին, որ մարդու կառուցվածքը, հասակը կախված են միջավայրից, որը մենք արդեն յուրացրել էինք նաև կենսաբանության դասաժամերին։ Պատմեցին, որ դարեր առաջ չկային բազմաֆունկցիոնալ գործարաններ, չկային արտադրամասեր, որոն աղտոտում էին օդն ու ջուրը և այդ իսկ պատճառով մամոնտներն ու ուրիշ կենդանիները հասնում էին հսկա չափսերի։ Այն ժամանակներում, օդը ավելի մաքուր էր, ավելի հարուստ էր թթվածնով, և դրա շնորհիվ էլ կենդանիները սնվում էին օգտակար նյութերով և հասնում էին ահռելի չափսերի։
Կարևոր հարցերին այն էր, թե ինչո՞վ է հարուստ Հայաստանի ընդերքը։ Այդ հարցի պատասխանը մենք ստացանք երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական քարտեզների շնորհիվ։ Հայաստանի ընդերքը իրոք որ հարուստ է։ Այստեղ կան պղնձամոլիբդենի, աղի, երկաթի, տարատեսակ մետաղների, ոսկու հանքեր։ Ինչու ոչ նաև հանքային ջրերի հանքեր, որոնք հեշտորեն անհետացնում են մարդու պահանջմունքներից մեկը՝ ծարավը։ Հայաստանի ընդերքում կան շատ թանկագին քարեր, որոնց արժեքը հասնում է անտրամաբանական ու անհամեմատելի թվերի։ Եթե Ադրբեջանը՝ մեր հարևանը, հարուստ է նավթով ու վառելիքով, ապա մեր երկիրը հարուստ է մետաղներով, ոչմետաղներով, տարատեսակ քարերով, կրաքարերով, մարմարով և իհարկե Երևանի ու ամբողջ Հայաստանի քաղաքների խորհրդանշով՝ տուֆով, որի հանքերը սփռված են Հայաստանի արևմտյան տարածքի ամբողջ երկայնքով։
Մեզ ցույց տվեցին, թե ինչպես են առաջանում նստվածքային, բեկորային ու խառը տեսակի քարերը։ Տեսականորեն բացատրեցին, թե ինչ երևույթների շնորհիվ են առաջանում նստվածքային ու խառը քարերը։ Ինձ հետաքրքիր էր իմանալը, թե այդպիսի հետաքրքիր նշաններ, նախշեր ունեցող քարերը ինչպե՞ս են հայտնվում, ինչպե՞ս են գոյանում և այս թանգարանի շնորհիվ ես ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները։

Նաև վերջում ցույց տվեցին բարերար ու գործարար Դիլդիլյանի կատարած պեղումների արդյունքում հայտնաբերած քարերն ու նրանց նմուշները, ինչպես նաև երկնային մատերիան՝ մետեորիտը, որը նույնպես նվիրաբերել էին թանգարանին Ռուսաստանի ամենամեծ անտառային արգելոցում՝ Տայգամում որոնումներից հետո։ Գործարարը մազապուրծ լինելով ցեղասպանությունից, շրջել էր ամբողջ աշխարհով ու հավաքել էր տարատեսակ արժեքի, նշանակության քարեր ու ապարներ, որոնք և նվիրաբերել էր Հայաստանի երկրաբանության թանգարանին։ Ապարների ու քարերի հետ ծանոթանալը մի յուրահատուկ “հաճույք” էր, քանի որ ես կարողացա լավ պատկերացնել, թե որն է Հայաստանի ուժեղ կողմը, որն է Հայաստանի տարածքի արժեքը։ Անչափ գոհ ու շնորհակալ եմ ուղեցույցից ու ընկեր Էմանուելից, որ նման հրաշալի, բովանդակալից, զվարճալի մի ճամփորդություն կազմակերպեցին մեզ համար։