Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
— Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
— Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
— Ի՞նչ օրեր:
— Քո օրերը:
— Իմ օրե՞րը:
— Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին: Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
— Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. — Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.
- այդ օրերը բոլորն էլ անցած էին,
- երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
- երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
- բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:
Իմ կարծիքով դա մեղքի զգացումն է, քանի որ ամեն օրվա մեջ, որի մեջ Կաձիրան նայում էր, հասկանում էր, որ սխալ է գործել, որ ժամանակին չի օգնել։ Նրա մոտ մեղքի զգացում է առաջանում, նա իրեն մեղավոր է համարում, որ չկարողացավ շուտ իր եղբորը տեսնել, հարսնացուհուն պահել և իր շանը տեսնել։ Այս բոլորից հետո նա հասկանում է, որ իր շնորհիվ կարող է ամեն ինչ ուրիշ ճանապարհով գնար։
Բ․ Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
— Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
— Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:
Երբ Կաձիրան ցանկանում է հետ բերել իր օրերը, բեռնաթափողը նրան չի թողնում։ Ինչու՞։ Որովհետև այդ օրերը արդեն վաղուց անցել ու գնացել են, դրանց ժամանակն էլ է «լրացել»։ Այսինքն, նա էլ երբեք չի կարող վերադաձնել այդ օրերը, ոչ թե նյութական առումով, որ վերցնի արկղերը, այլ փոխաբերական, որ այդ օրերը արդեն վաղուց չքացել են, և դրանց վերադարձնելը արդեն անհնար է։ Այդ օրերի մասին, այդ իրադարձությունների ու ցավի մասին պետք էր շուտ մտածել, որը Կաձիրան ժամանակին չէր արել, չէր կարողացել ի կատար ածել և այդ իսկ պատճառով պատժվել էր։ Իսկ այն օրերը, որոնք դատարկ էին, արդեն վերադարձնել ու նորից օգտագործել չէր կարելի։
Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Սա նշանակում է, որ Կաձիրայի մեղքի զգացումը, այն ցավը, որով նա տանջվել էր արկղերի բովանդակությունն իմանալուց հետո, ստիպել էր նրան փոխել իր մտածելակերպը։ «Խավարի թանձրանալը» նշանակում է մեղքի զգացման շարունակական զարգացումը։ Այսինքն, երբ Կաձիրան հասկացավ, որ ճիշտ չի վարվել նախ և առաջ իր, հետո արդեն՝ հարազատների հետ, վերջ ի վերջո նա ըմռբնեց այդ ցավը, նա հասկացավ այդ ցավը և այդ ցավն էլ իր հերթին սկսեց շարունակական աճող լինել և այդպես «թանձրացավ» Կաձիրայի հոգում։ Եվ այդպես խավարի հետ թանձրանում էր մեղքը։
Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի պատմվածքին։
Որոշ ժամանակ անց հեռացավ բեռնատարը, իսկ Կաձիրան մնաց ձորի պռնկին․․․
Իմ կարծիքով այս նախադասությունը համապատասխանում է բովանդակության ու ավարտի հետ։ Այս նախադասությամբ ցանկանում եմ ասել, որ բեռնատարը՝ նրա օրերը, հեռացան հավերժ, իսկ նա մնաց ձորի պռնկին այն մտքով, թե ինչպես կարողացավ այդ օրերը «կորցնել»։