Նոյեմբերի 17
«Ծառերը» Հերման Հեսսե
Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։
Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։
Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։
Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։
Առաջադրանքներ
Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների փոխաբերական իմաստը․
- ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
Այսինքն, ինչքան էլ մարդ վտանգի մեջ ծնվի, ապրի ու մեծանա, ինքը միևնույնն է ունի նույն հնարավորությունները, ինչ սովորական “շարքայինը”։ Մարդ կարող է ծնվել նեղության կամ ընկճվածության մեջ, լինել աղքատ, անտուն կամ թույլ, բայց նա ծառի նման կարող է մեծանալ փարթամ, զորավոր, վեհ, եռանդուն ու անկոտրում։ Կապ չունի, թե մարդ որտեղ է ծնվել, որտեղ է ապրել ու մեծացել, կապ ունի այն, որ նա կարող է իր կյանքը շրջել դեպի իրեն այնպես, որ նույնիսկ «ամենափարթամները» կնախանձեն։
- Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
Ես այս մտքի հետ համաձայն եմ։ Հայրենիքը թփի կամ քաղաքների մեջ չէ։ Հայրենիքը, հայրենասիրությունը, մեր պարտքը մեր մեջ է։ Ինչքան էլ, որ մենք մեր հայրենիքից հեռու ենք գտնվում, ինչքան էլ, որ մեր բնօրրանից հեռու ենք, միևնույնն է մեր սրտում կամ հոգում մնում է սերը դեպի հայրենիքը, պարտքը դեպի հայրենիքը։ Հայ մարդը միշտ ձգտում է դեպի իր հայրենիքը, դեպի իր տունը, քանի որ հասկանում է, թե ինչ մշակույթ ունի, ինչ պատմություն ունի նա։ Բայց ոչ միայն հայն է ձգտում, բոլոր ազգերի մարդիկ են ձգտում, փորձում են մի կտոր հողի վրա իրենց հայրենիքը գտնել։ Հայրենիքը պարփակված չէ Հայաստանի սահմաններում, այն մի մեծ նշանակություն է։ Ամեն մարդ յուրովի է պատկերացնում հայրենիքը։ Ոմանց համար հայրենիքը իրենց տունն է, բնօրրանը, ոմանց համար՝ միջավայրը, ոմանց՝ ընկերները, ընտանիքն ու հարազատները։ Սակայն հայրենիքը դա մարդկանց մտածելակերպի, մարդկանց հայրենիքի մասին կարծիքի շուրջ ձևավորված ամբողջությունն է, որը ինչպես նշեցի չի ավարտվում Հայաստանի սահմաններով։
- Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, այսինքն մարդ ինչքան էլ, որ ճամփորդի, ամեն իր ճամփորդության, թափառության ընթացքում, նա փորձելու է գտնել հայրենիք, հայրենիքի նշմարներ ամեն կտոր հողում։ Ինչքան էլ, որ նա հեռու լինի իր բնօրրանից, տնից, հայրենիքից, միևնույնն է փորձելու այնպես դասավորել, այնպիսի միջավայր ու շրջապատ ստեղծել, որը կնմանվի իր “նախկին” միջավայրին։ Մարդ միշտ փորձում է իր հայրենիքի նշմարը, խորհրդանիշը թողել աշխարհի տարբեր ծայրերում, այդ իսկ պատճառով, նա միշտ ձգտում է աշխարհն ձևավորել ու սարքել այնպես, որ իրեն դա հարազատ թվա, հարազատ լինի։ Բոլոր ճանապարհները դեպի տուն են տանում, այսինքն տունը դա այն միջավայրն է, որը մարդը ձգտում է ստեղծել, գտնվելով հայրենիքից հեռու։
Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Երջանկությունը հայրենիք ստեղծելն է։ Ինչպես արդեն նշեցի յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, դեպի հայրենիք։ Երջանկությունը՝ պայքարելն է, չհանձնվելն է, չնահանջելը։ Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ինչքան էլ, որ դժվար, աղքատ ու վտանգավոր պայմաններում են ծնվել ու մեծացել, չեն հանձնվել ու փորձել են պայքարել դրա դեմ։ Նրանք են իրական երջանիկները։ Երջանիկ են նրանք, ովքեր իրենց արդար գործի, թափած աշխատանքի շնորհիվ կարողացել են ստեղծել միջավայր, հայրենիք, հարազատ մի բուն, որի մեջ ապրելու են դարերով։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Ընդհանուր առմամբ, բովանդակության իմաստի հետ համաձայն եմ, քանի որ ճիշտ եմ համարում ներկայացված կետերը։ Համամիտ եմ այն մտքերի հետ, որ մարդիկ, թեկուզ և ծառերը, ինչքան էլ, որ անհարմար վիճակներում են “աճում”, փորձում են փարթամ մեծանալ, այսինքն պայքարել ու չհանձնվել։ Համաձայն եմ, որ երջանիկ լինելը դժվար է, պետք է դրան ձգտել։ Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ինչքան էլ, որ դժվար պայմաններում են ծնվել, սովորել, կրթվել ու մեծացել, կարողացել են կյանքը դեպի իրենց “պտտել”, դեպի դրական կողմը։ Կարողացել են իրենց գործի շնորհիվ ապացուցել, որ “փոքր” չեն, կարողացել են ապացուցել, որ “կորած” չեն և դրա շնորհիվ կարողացել են ապացուցել, որ երջանիկ են։