Վերլուծել Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հետևյալ հատվածները:
- «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
Կանթեղը այն լույսն է, որը միշտ կար Փոքրիկ իշխանի սրտում։ Նա այդ լույսը պահում էր, իր հավատարմությունն ու սերն էր ցույց տալիս վարդին։ Նույնն էլ մենք ենք։ Մեր լույսը նույնպես վերաբերմունքն է, այն սերը, որը մենք փոխանցում ենք մեզ համար թանկ մարդուն։ Այդ լույսը մենք պահում ենք, փորձում ենք անել այնպես, փորձում ենք ձեռնարկել ամեն քայլ, որ այդ կանթեղը երբեք չհանգչի, քանի որ հանգչելուն պես կմարի նաև մեր սերն ու հավատարմությունը։ Այդ կանթեղը այն ջերմ վերաբերմունքն է, որը մենք ցույց ենք տալիս մարդկանց, սակայն քչերի համար ենք մենք տառապում։ Եթե այդ լույսը մեր մեջ մարի, դրա հետ կմարեն մեր սերը, վստահությունը, հանդուրժողականությունն ու հավատարմությունը մարդու նկատմամբ։ Փոքրիկ իշխանը ծաղկին վերաբերվում էր այնպես, կարծես դա իր մտերիմներից լիներ, կարծես թե նրա ընկերն ու բարեկամը լիներ։ Նա այդպիսի վերաբերմունք կարող էր ցույց տալ նաև մարդկանց հանդեպ։ Իսկ այն քամին, որը կնհագեցնի կանթեղը կլինի այն պատահարը, որից հետո մենք աշխարհին ուրիշ ձև կնայենք, ուրիշ ձև կվերաբերվենք մարդկանց։ Այդ քամին կլինի այն պատահարը, որից հետո մենք կզղջանք մեր արարքների համար։ Եվ ի վերջո այդ քամին կլինի այն պատահարը, որից հետո մենք կկորցնենք մեր վստահությունը մեր սիրած մարդու նկատմամբ։
- – Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում…
Մտքի իմաստն այն է, որ մարդիկ միշտ ինչ-որ բան են հետապնդում, փորձում են գտնել նպատակ, իրենց առջև դնել այդ նպատակը ու գնալ դրա հետևից։ Սակայն մարդիկ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչի հետևից են գնում ու ինչպես։ Մարդիկ պարզապես նպատակ են դնում, փորձում են հաղթահարել փորձությունները, փորձում են գոնե մեկ քայլ առաջ գնալ դեպի այդ նպատակը, սակայն ոչ միշտ է դա նրանց մոտ ստացվում։ Նպատակ դնելուց առաջ մարդ պետք է մտածի, թե արդյոք դա ձեռնտու, թե արդյոք դա օգտակար է, շահավետ է, և այսքան գործողություններից հետո մարդ կարող է որոշել նպատակ դնել, թե ոչ։ Նպատակի իմաստն այն է, որ դա իրականանա, բայց ոչ հեշտ, այսինքն տարիների ջանք, հարյուրավոր ձախողումներ պահանջող ժամանակահատված է, որը մարդ անցնելիս կարող է վայելել իր նպատակի «պտուղները»։ Սակայն մարդիկ շատ չեն էլ մտածում, թե այդ նպատակը ինչ-որ ձև կազդի նրանց կյանքի վրա, թե պարզապես նրանք դրել են դա, կամ էլ որոշել։ Ես կարծում եմ, որ այդ գնացքը մեր կյանքն է, մեր կյանքի ընթացքը։ Մենք միշտ շարժվում ենք դեպի առաջ։ Գնացք մտնելիս մենք փորձում ենք գտնել ազատ տեղ, որպեսզի նստենք, սակայն ոչ միշտ է դա այդքան հեշտ լինում։ Եվ հենց դա է փորձությունը, դա է նպատակը, որի հետևից մենք պետք է գնանք, քանի որ հակառակ դեպքում, այդ տեղը որևէ մեկը կգրավի և մեր նպատակին հասնելու մոտիվացիան կմարի։
- Ես վախենում էի, թե նա կհոգնի:
– Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
– Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ…
Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր:
Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից: Դա կարծես նվեր էր սրտի համար:
Ես կարծում եմ այս միտքը մի քիչ փիլիսոփայական ենթատեքստ ունի։ Փոքրիկ իշխանը վայելում էր ջուրը, իսկ հերոսը նայում էր ու զվարճանում, այսինքն ուրախանում էր այն բանի վրա, թե Փոքրիկ իշխանը ինչպես է խմում ջուրը։ Մեր կյանքում ջուր խմելը շատ հեշտ գործ է և մենք դրա համար այդքան էլ շատ ջանք ու ուժ չենք ներդնում, սակայն վեպի մեջ ջուրը դա նպատակի արդյունքն է, դա այն գագաթն ու մակարդակն է, որին կարողացել է հասնել Փոքրիկ իշխանը հեքիաթում, և մենք՝ իրական կյանքում։ Ջուր խմելու համար, այսինքն նպատակին հասնելու համար մենք անխնա ջանք են ներդնում, փորձում ենք շեղել մեր ուշադրությունը դրա վրա, փորձում ենք մեզ ավելի շատ տրամադրել այդ գործին, քան թե ուրիշ գործերի։ Այդպես պահելով ու հիշելով նպատակը և իհարկե գործելով, մենք ի վերջո մի պահ հասնելու ենք այն մակարդակին, որից արդեն տեսանելի կլինի բաղձալի ավարտը, այսինքն նպատակի ամենաբարձր գագաթը։ Իսկ այն մարդը, որը նայում ու ժպտում էր իշխանին, դա մեր հոգին էր, սիրտը, եռանդը։ Դա մեր ներքին հոգին էր, որը ուրախանում էր մեր հաջողության վրա, ուրախանում էր, որ մենք թեկուզ և 15 րոպեում, թեկուզ և տասը տարում, կարողացել ենք հասնել մեր նպատակին և կարողացել ենք վայելել «ջրի քաղցրահամ համը», իսկ իրական կյանքում՝ նպատակի բաղձալի «պտուղները»։