Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:
Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):
Այստեղ գործում է մի կանոն, որը պարտավոր եք հիշել՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները:
Այս փուլում աշակերտները հաճախ մի սխալ են թույլ են տալիս, որը հետագայում անընդհատ կրկնվում է: Նրանք մտածում են, որ այն ջանքերը, որ գործադրել են նախկինում (այսպես ասած, իրենց անցյալի վաստակը), իրենց ինչ-որ իրավունք կամ օգուտ են տալիս, իրենց նկատմամբ պահանջները պակասեցնում են, իրենց կարծես ներում են, եթե այլևս չաշխատեն կամ ինչ-որ բան սխալ կատարեն: Իհարկե, սա խորապես սխալ մոտեցում է, որովհետև այն, ինչ մարդ կատարել է երեկ, նրան չի ազատում պատասխանատվությունից այսօր: Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Նա, ով ոչինչ չի անում, ոչինչ էլ չի ստանում:
Ինչպես արդեն ասել եմ, մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է (3): Բայց կան անկեղծության տարբեր ձևեր. կա խելացի անկեղծություն, և կա անխելք անկեղծություն: Ինչպես անխելք անկեղծությունը, այնպես էլ անխելք կեղծավորությունը միանգամայն մեխանիկական բնույթ ունեն: Սակայն եթե մարդն ուզում է յուրացնել խելացի անկեղծությունը, նա ամենից առաջ պետք է անկեղծ լինի ուսուցչի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենից երկար են զբաղվել աշխատանքով: Սա հենց «խելացի անկեղծությունն» է: Բայց այստեղ անհրաժեշտ է նշել, որ անկեղծությունը չպիտի վերածվի «անուշադրության»: Ուսուցչի կամ ուսուցիչ նշանակվածի նկատմամբ անուշադրությունը, ինչպես արդեն ասացի, աշխատանքի բոլոր հնարավորությունները ոչնչացնում է: Իսկ եթե մարդը ցանկանում է սովորել խելացի ոչ անկեղծությունը, ապա նա պետք է ոչ անկեղծ լինի, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին. պետք է սովորի լռել աշխատանքով չզբաղված մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն գնահատի և չեն հասկանա այդ աշխատանքը: Սակայն խմբում (4) անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել:
Երկրորդ արգելքը հաճախ վախի նկատմամբ հաղթանակն է լինում (5): Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ամեն մարդ ունի միայն իրեն բնորոշ վախեր: Նախ պետք է ի հայտ բերել այդ վախերը, իսկ հետո վերացնել դրանք: Վախերը, որոնց մասին խոսում եմ, որպես կանոն, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը. դուք պիտի հասկանաք, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ սարդերից, մկներից կամ մութ սենյակից վախենալու, ո՛չ էլ անբացատրելի նյարդային վախերի հետ:
Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել (6):
Ընդհանրապես հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել: Ընդհակառակը, ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:
Դա անարդար է թվում, բայց փորձեք հասկանալ օրենքը: Յուրաքանչյուր մարդու համար առանձին հաշիվ է բացվում: Նրա ջանքերն ու զոհողությունները գրի են առնվում գրքի մի էջի վրա, իսկ սխալներն ու բացթողումները` մեկ այլ: Այն, ինչ գրի է առնվել դրական էջում, երբեք չի կարող քավել բացասականի գրառումը: Բացասական էջի գրառումը միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել, այսինքն՝ անհրաժեշտ է կատարվածի անհապաղ և ամբողջական խոստովանում ինքն իրեն և մյուսներին, նախ և առաջ՝ ուսուցչին: Իսկ եթե մարդը տեսնում է իր սխալը, սակայն շարունակում է արդարանալ, ոչ մեծ բացթողումն իսկ կարող է ի չիք դարձնել ջանադրության և աշխատանքի տարիները: Այդ պատճառով աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ եք: Սակայն սա շատ նուրբ հարց է և պետք չէ բարդացնել: Հակառակ դեպքում` արդյունքը կլինի վախով խրախուսվող միևնույն սուտը:
Վերլուծություն՝
Շարադրանքը շատ արդիական է ու համապատասխանում է մեր օրերին։ Ուսուցիչը՝ ապագա կերտողը, փորձում է ամեն սովորողին անհատական մոտեցում ցույց տալով ուղղել նրան, ուղորդել նրան դեպի իր ապագան, փորձում է «նորոգել» սովորողին, հավաքելով մասնիկները, ինչպես, որ դա կաներ «մեքենա» նորոգողը։ Բոլորս էլ «մեքենաներ ենք», այն առումով, որ ունակ ենք աշխատելու, սակայն մարդու և ավտոմեքենայի միջև տարբերությունն այն է, որ մեքենան չի ստի, եթե ինչ-որ թերություն ունենա ու երբեք էլ չի արդարանա, թե չունի դա։ Իսկ մենք՝ բնության յուր էակները, միշտ փորձել ենք մեր սխալները քողարկել, թաքցնել, փորձել ենք միշտ արդարացնել մեզ, մեղքը գցելով ընկերոջ, հարևանի վրա։ Եվ մենք դա շարունակում ենք անել հիմա։ Թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին, թե՛ ինքներս մեզ խաբելը իրականում շատ վատ բան է, և սա պարզապես խոսքեր չեն վերցված, սա մարդկության բնավորության ամենամեծ հիմնախնդիրն է, որը գնալով խորանում է։ Մենք գնալով սկսում ենք ստել նույնիսկ ինքներս մեզ, փորձում ենք ամեն կերպ արդարանալ թեկուզ և այն վիճակում, երբ որ անվիճելի է մեր մեղքը, որտեղ արդեն քննարկելու տեղ չկա։ Այսպես ենք մենք փորձում խուսափել հոգսերից, ստերից, մարդկանցից և ճշտից։ Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ստել ենք, և ես չեմ հավատա, որ ինչ-որ մեկը առարկի վերջին ասածս։ Այդպիսի մարդ պարզապես աշխարհում չկա, որ սուտ խոսացած չլինի։ Բոլորս էլ ստել ենք ծնողներին, ուսուցիչներին, սակայն այնքան փոքր ենք եղել, որ չենք հասկացել դրանից բխող արդյունքները։ Ստելը, այն էլ ուսուցչին ամենավատ ու ամենատհաճ երևույթն է մեր աշխարհում։ Ուսուցիչն ու ծնողը մեզ փորձում ենք հավաքել, ինչպես որ կաներ դա մանուկը փազլ կամ գլուխկոտրուկ հավաքելիս։ Սրանք այնքան տարրական երևույթներ ու դեպքեր են, որ նույնիսկ ներկայում դրանք արդիական են։ Ուսուցիչը մեզ փորձում է «հավաքել» ճիշտ դասավորվածությամբ ու հերթականությամբ, իսկ մենք, չիմանալով ու չենթադրելով դա, շարունակաբար ստում ենք նրան, փորձելով թաքցնել մեր մեղքը յուրաքանչյուրի մեջ։ Ուսուցիչը կերտում է երեխայի ապագան, ուղորդում է, ճանապարհ է ցույց տալիս, իսկ երեխան գոհ ու շնորհակալ լինելու փոխարեն շարունակում է ստել ու արդարանալ։ Նա նույնիսկ չի էլ ցանկանում պատկերացնել, թե ինչ ծանրակշիռ բեռ է կրում ուսուցիչը իր ուսերին։ Նա չի էլ փորձում պատկերացնել, թե ինչպիսի դժվարությունների ու փորձությունների միջով է անցնում ուսուցիչը նրա հետ։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, թե իր ստելով նա ինչպիսի դառը ցավ ու վիշտ է պատճառում ուսուցչին։ Մենք միշտ էլ փորձել ենք անկեղծությունը թաքցնել, որպեսզի որևէ կերպ չվշտացնենք ուսուցչին, ծնողին։ Սակայն ավելի լավ է ճիշտն իմանալ սկզբում, քան թե տառապել վերջում։ Ճիշտը միևնույնն է բացահայտվելու է և դրանից բխող արդյունքներն ու պատճառները ջրի երես են դուրս գալու, ուստի իմաստ չկա թաքցնելու որևէ սուտ և ցավ պատճառելու որևէ մեկին երկար տարիներ հետո, եթե միևնույնն է այդ սուտը վաղ, թե ուշ բացահայտվելու է։ Չկա այնպիսի մարդկային սուտ, որը տարիներով մնա անբացահայտ, չկա պարզապես այդպիսին։ Բոլորս էլ մարդ ենք, էակ, հայրենիքի զավակներ, ապագա ճանապարհի ուղեվորներ և իհարկե ցավի ու վշտի թիրախ։ Ինչքան էլ, որ փորձենք չնեղացնել կամ չվիրավորել մարդուն, դա մեզ մոտ չի ստացվի, գոնե այն պատճառով, որ այդ սուտը բացահայտվելու է վաղ, թե ուշ։ Բացի ստից, կեղծությունից ու կեղծավորությունից, մարդն ունի դեռ շատ ուղղելու ու ճշգրտելու բնավորություններ, որոնք ի հեճուկս դեռ ուղղված, ճշգրտված ու առավել ևս կիրառված չեն։