Նոյեմբերի 28

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի եղանակ – Անի Կարապետյանի Բլոգ

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝  ներկա, անցյալ, ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։

Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը (գրեցի, գրեմ, կարդա և այլն)։

Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։

Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։ Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։ Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական (պայմանական), հարկադրական, հրամայական։

Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել, օրինակ՝ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։

Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։

Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։

Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի սովորեիր։

Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան էր ստեղծվել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ է ծածկել պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճում, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից չպոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին։
(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողեց ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։

Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

  • Շողաց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, /շողալ/ — ալ — կազմություն, պարզ․
  • հիշեցի — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, /հիշել/ — ել — կազմություն, պարզ․
  • խշշաց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, /խշշալ/ — ալ — կազմություն, պարզ․
  • դողաց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, /դողալ/ — ալ — կազմություն, պարզ․
  • փախավ — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, /փախնել/ — ել — կազմություն, սոսկածանցավոր․ /ն-ն սղվում է/
  • ծածկվեց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգոյական սեռ, /ծածկել/ — ել — կազմություն, կրավորական ածանցավոր /վ-ը մասնիկ/․
  • լցվել — անորոշ դերբայ, կրավորական ածանցավոր