ԾԱՊԼՎԱՐ, 3 նոյեմբեր, 1908    

Պատկեր:Phanjuni pic 51.png

Սիրելի ընկերներ,

Դիրքերը հետզհետե կը ճշդվին իրենց բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան կը կատարե Ծապլվարի մեջ։ Գիտակից տարրերը կամաց-կամաց կը բոլորվին մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը (Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունը (Խև Ավո) արդեն մեզ հետ են։ Մեզ հետ կ’ըլլա նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատրաստվիլ վերջնական կռվին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնար, իրենց խոզ պայքարը կը մղեն մեզի դեմ։    

Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա միթինկը կիրակի օր տեղի կ’ունենա Մկրենց կալը, ի ներկայության հողային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերուն, անդին, Րես Սերգոյի տանը մեջ, գյուղին մենծ–աղայականությունը գումարված կղերականության և ռեաքցիայի մութ ուժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը հղանար, այն է, դիմել միացյալ ընկերության և խնդրել որ Ծապլվարի մեջ դպրոց մը բանա, պայմանով որ ծախսերու կեսը գյուղացիք հայթայթեն։

Պատկեր:Phanjuni pic 52.png

Սիրելի ընկերներ,

Դիրքերը հետզհետե ճշտվում են իրեն բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան է կատարում Ծապլվարում։ Գիտակից տարրերը կամաց-կամաց բոլորվում են մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը (Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունը (Խև Ավո) արդեն մեզ հետ են։ Մեզ հետ է նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատրաստվել վերջնական կռվին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնում և իրենց խոզ պայքարն են մեր դեմ մղում։

Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա հանրահավաքը կիրակի օրն տեղի ունեցավ Մկրենց կալվածքում, ի ներկայության հողային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերին, արդեն, Ռես Սերգոյի տանը՝ գյուղի մենծ-աղայականությունը գումարված կղերականության և ռեակցիայի մութ ուժերի հետ, սատանայական մի խորհուրդ էր հղել, այն է, դիմել միացյալ ընկերության և խնդրել, որ Ծապլվարում դպրոցը լինի, պայմանով որ ծախսերի կեսը գյուղացիները կհայթհայթեն։

——————————————————————————————

Այս միջոցով այդ կեղտոտ պուրժուաները կ’ուզեին իրենց ճանկին մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը, ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղվել անոնց անարատ հոգիները և փճացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական դարման։    

Իսկույն Խև Ավոն ղրկեցի մի այրի կնոջ Սառայի մոտ՝ և բերել տվի անոր որդին Կարոն, որ ինը տարեկան մի ուշիմ և եռանդոտ լաճ է, և ըսի իրեն որ հետևյալ օր հրավիրե իր ընկերները մեր տան պարտեզը, ուր կը կայանա մանկական պարահանդես։    

Հրավերը առաջ բերավ մեծ խանդավառություն. և երկուշաբթի օր 10-12 լաճեր խռնված էին պարտեզը։ Կատարվեցան մի քանի մանկական խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղերքը և բացատրեցի թե ի՜նչ սարսափելի դավ մը կը պատրաստվեր իրենց դեմ և թե ի՞նչ որոշ դիրք հարկ էր բռնել։

Պատկեր:Phanjuni pic 53.png

Այս միջոցով այդ կեղտոտ բուրժուաները ուզում էին իրենց ճանկի մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը, ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղել նրանց անարատ հոգիները և փչացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական ճար /ելք/։

Իսկույն Խև Ավոյին ուղարկեցի մի այրի կնոջ՝ Սառայի մոտ, և ասեցի, որ բերի նրա որդուն՝ Կարոյին, ով ինը տարեկան մի նրբամիտ ու եռանդոտ տղա էր, և ասեցի, որ հետևյալ օրը հրավիրի իր ընկերներին մեր տան պարտեզը, որտեղ կկայանա մանկական պարահանդեսը։

Հրավերը առաջ բերեց մեծ խանդավառություն, և երկուշաբթի օրը 10-12 տղաներ խառնել էին պարտեզը։ Կատարվեցին մի քանի մանկական խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղաներին և բացատրեցի, թե ի՜նչ սարսափելի դավ էր պատրաստվում իրենց դեմ և, թե ի՞նչ դիրք էր հարկավոր բռնել։

——————————————————————————————

Մի առ մի ցույց տվի իրենց իրավունքները: Ըսի թե ի՛նչ պարագաներու մեջ իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ ընել, թե ե՞րբ պետք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչները և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչներուն դեմ։    

Խոսքերս աոաջ բերին խորին տպավորություն, և տղաք արդեն իսկ պատրաստակամություն հայտնեցին դասադուլ ընելու։    

Մի քանի օր հետո կրկին ժողով գումարվեցավ, և այս անգամ կազմեցինք Ծապլվարի դպրոցական միությունը իր որոշ ծրագրով ու գործելակերպով։ Կարոն ընտրվեցավ նախագահ։ Կա նաև գործադիր ժողով, խմբագրական մարմին և ահաբեկիչ խումբ։    

Ինչպես կը տեսնեք, տակավին դպրոցը չբացված մենք ունինք դպրոցական միությունը, ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով կը սպասենք։ Ծապլվարի դպրոցին ուսուցիչ կրնա գալ երբ որ կամի։ Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն որ կարծեմ՝ հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավո շինած է արդեն գավազաններ որպեսզի կրիտիկական րոպեին տղերքը անզեն չմնան։

Պատկեր:Phanjuni pic 54.png

Մի առ ցույց տվեցի իրենց իրավունքները։ Ասեցի, թե ի՛նչ պարագաներում իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ անելը, թե եր՞բ պետք էր, որ ըմբոստանային ուսուցիչների դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչներին և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչների դեմ։

Խոսքերս առաջ բերեցին խորին տպավորություն, և տղաները արդեն իսկ պատրաստակամություն հայտնեցին դասադուլ անելուն։

Մի քանի օր հետո կրկին ժողով գումարվեց, և այս անգամ կազմեցինք Ծապլվարի դպրոցական միությունը՝ իր որոշ ծրագրով ու գործելակերպով։ Կարոն ընտրվեց նախագահ։ Կան նաև գործադիր ժողով, խմբագրական մարմին և ահաբեկիչ խումբ։

Պատկեր:Phanjuni pic 55.png

Ինչպես տեսնում եք, տակավին դպրոցը չբացված, մենք ունենք դպրոցական միությունը՝ ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով սպասում էինք։ Ծապլվարի դպրոցի ուսուցիչն կարող է գալ, երբ որ ցանկանա։ Իր համար կպատրաստվի մի փառավոր ընդունելություն, որը կարծեմ՝ հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավոն արդեն շինել է գավազաններ, որպեսզի վճռական րոպեին տղաները անզեն չմնան։

——————————————————————————————

Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչին հետ բանակցությունները հաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասվի ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարներու կը ծառայե, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել անոր դեմ։ Այս բացահայտ պայման է։

Մեր քաղած տեղեկություններին համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչի հետ բանակցությունները հաջող ելք են ունեցել, և այժմ սպասում է ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարների է ծառայում, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել նրա դեմ։ Սա բացահայտ պայման է։

——————————————————————————————

Սմենց Վարդան և Խև Ավո Ծապլվարի կիներուն մեջ բուռն պրոփականտ կը մղեն միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցին բացման դեմ և կ’ըսեն թե այդ դպրոցին պատճառավ իրենց տղաքը անաստված պիտի ըլլան, Ս. Լուսավորիչը պիտի ուրանան, Բրոտ պիտի դառնան ևն.։ Այդ պրոփականտը առաջ կը բերե մեծ հուզում, այն աստիճան որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց որ խրատեմ մեր ընկերները որպեսզի այդ տեսակ խոսքերով միտքերը չպղտորեն և գյուղին մեջ հուզում առաջ չբերեն։

Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իրեն մեր ծրագիրը և պլատֆորմը, ցույց տալու համար թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներու մեջ ի՛նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ իբրև մոլեռանդ ներկայացնելը։

Պատկեր:Phanjuni pic 42.png

Սմենց Վարդանը և Խև Ավոն Ծապլվարի կանանց մեջ բուռն պրոպագանդա էին մղում միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցի բացման դեմ և ասում էին, թե այդ դպրոցի պատճառով իրենց տղաները անաստված պետք է լինեն, Ս․ Լուսավորիչը պիտի ուրանա, բողոքական պիտի դառնա և այլն․․․։ Այս պրոպագանդան առաջ էր բերում մեծ հոզում, այն աստիճան, որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց, որ խրատեմ մեր ընկերներին, որպեսզի այդ տեսակ խոսքերով մտքերը չպղտորեն և գյուղում հուզում առաջ չբերեն։

Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իր համար մեր ծրագիրը և պլատֆորմը՝ ցույց տալու համար, թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներում ի՛նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ՝ իբրև մոլեռանդ՝ ներկայացնելը։

——————————————————————————————

 — Եվ սակայն այդպիսի խոսքեր կը տարածեն կոր,— պնդեց Տեր Սահակ։    

Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՛ս իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ ըլլալ, սակայն անհատապես ազատ ենք հավատացյալ և նույն իսկ մոլեռանդ ըլլալու, հետևաբար Սմենց Վարդան և Խև Ավո իբրև կուսակցական չէ որ կը գործեն այս պարագայիս, այլ սոսկ անհատապես, և մենք ոչ մի կերպով իրավունք չունինք բռնանալու մեր կուսակիցներու անհատական համոզումներուն վրա։

Պատկեր:Phanjuni pic 29.png

— Եվ սակայն այդպիսի խոսքերը տարածում էին, — պնդեց Տեր Սահակը։

Այդ ժամանակ նրան բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՛ս՝ իբրև կուսակցական, մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ լինել, սակայն անհատապես ազատ ենք հավատացյալ և նույն իսկ մոլեռանդ լինելու, հետևաբարա Սմենց Վարդանը և Խև Ավոն՝ իբրև կուսակցական չեն գործում այս պարագայում, այլ սոսկ անհատապես, և մենք ոչ մի կերպ կերպ իրավունք չունենք բռնություն կիրառելու մեր կուսակիցների անհատական համոզումների վրա։

——————————————————————————————

Տեր Սահակ մեկնեցավ անխոսուկ, թեև հայտնի կ’երևար որ տված բացատրություններս լավ չէր կրցած մարսել։ Որքա՜ն դժվար է ստրկամիտներու համար ըմբռնել մի որևէ ազատական միտք։    

Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձուցեք այդ մասին, դա էական հարց է՝ ինձ համար։

Պատկեր:Phanjuni pic 56.png

Տեր Սահակը մեկնեց անխոսք, թեև ակնհայտ երևում էր, որ տված բացատրություններս լավ չէր կարողացել մարսել։ Որքա՜ն դժվար է ստրկամիտների համար ըմբռնել մի որևէ ազատական միտք։

Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձրեք դրա վրա, դա էական հարց է ինձ համար։