ԾԱՊԼՎԱՐ, 20 նոյեմբեր, 1908    

Պատկեր:Phanjuni pic 45.png

Սիրելի ընկերներ,

Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ալ աշխարհահայացքս բոլորովին համաձայն է ձերինին։ Մեկ կողմեն պետք է կատաղի կռիվ հայ պուրժուազիայի և իր դասակից կղերականության, քափիթալիզմի, հաստատված հին կարգուսարքին, ապականած բարքերուն, ընտանեկան շղթաներուն, կրոնական կապանքներուն դեմ, մյուս կողմե եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերու, եզիտիներու, քըզըլպաշներու և լազերու։

Սիրելի ընկերներ,

Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ամբողջ աշխարհահայացքս բոլորվին համաձայն է ձերինի հետ։ Մեկ կողմից պետք է կատաղի կռիվ հայ բուրժուազիայի և իր դասակից կղերականության, կապիտալիզմի, հաստատված հին կարգուսարքի, ապականած բարքերի, ընտանեկան շղթաների, կրոնական կապանքների դեմ, իսկ մյուս կողմից եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերի, եզիտիների, քըզըլպաշների և լազերի։

——————————————————————————————

Ձեր նամակը առնելուս պես մեկնեցա Քոմրաշ գյուղ, ուր մնացի մի շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերուն։ Ըսի իրենց որ մեր կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխության դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։

Ձեր նամակն առնելուն պես մեկնեցի Քոմրաշ գյուղ, որտեղ մնացի մի շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերին։ Ասեցի նրանց, որ մեկ կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չի ունեցել և չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն փափագում է համերաշխության դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։

——————————————————————————————

Քոմրաշի մեջ հիմնեցին նաև քրդական անդրանիկ քլուպը զոր անվանեցի «Քոմրաշի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ քլուպի նիստերը կը կայանան մի ախոռի մեջ, սպասելով իր մի հարմար կեդրոնատեղի գտնվի։ Քլուպի նախագահն է Քելեշ Մրկո, որու մասին խոսած եմ նախորդ նամակներուս մեջ, իսկ քարտուղարը՝ Հասո, որ մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումին ատեն ելած է բանտեն, ուր կը գտնվեր տարիներե ի վեր իր գործած կարգ մը ոճրագործություններուն պատճառավ։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է որ կրնա մեծ օգտակարություն ունենալ վճռական րոպեներուն։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչված է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներուն մեջ։

Պատկեր:Phanjuni pic 59.png

Քոմրաշում հիմնեցին նաև քրդական անդրանիկ ակումբը, որն անվանեցի «Քոմրաշի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ ակումբի նիստերը կկայանան մի ախոռում, սպասելով, երբ իր համար հարմար մի կենտրոնատեղի կգտնվի։ Ակումբի նախագահն է Քելեշ Մրկոն, ում մասին խոսել եմ նախորդ նամակներումս, իսկ քարտուղարը՝ Հասոն, ով մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումի ժամանակ ելել է բանտից, որտեղ գտնվում էր տարիների ի վեր իր գործած կարգի ոճրագործությունների պատճառով։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է, ով կկարողանա մեծ օգուտ ունենալ վճռական րոպեներում։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչվում է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներում։

——————————————————————————————

Ծապլվարի մեջ մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվեր են դպրոցին, որուն համար այժմ կ’աշխատին մի հատուկ շենք շինելու՝ եկեղեցու կից։ Թո՛ղ շինեն և հետո մենք կը տեսնենք թե ո՞ւմ կը ծառայե այդ շենքը։

Պատկեր:Phanjuni pic 60.png

Ծապլվարում մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար արած ջանքերս մնացինք անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվել էին դպրոցին, որի համար այժմ աշխատում են մի հատուկ շենք շինելու համար՝ եկեղեցուն կից։ Թո՛ղ շինեն և հետո մենք կտեսնենք, թե ու՞մ կծառայի այդ շենքը։

——————————————————————————————

Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ’ամբսատանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը, որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige–ին վրա, այնպես որ երկու օր աոաջ երբ թռուցիկ մը հաճեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեռք առնել, վախնալով որ կը թունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի բրովոքացիաներու հանդեպ։

Պատկեր:Phanjuni pic 61.png

Անշուշտ կհիշեք, որ գիտեի, թե պառավ Մարոյի այծը պատռել ու կերել էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալներում մեռավ և Մարոն այժմ մեզ մեղադրում է, ասելով, որ իմ հայտարարությամբ թունավորել եմ այծին, որովհետև ռեակսիոներները ասել են իրեն, որ հավանաբար կախարդական բաներ էին մեջը գրած։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն թողեց մեր կողմից դուրս եկած գրությունների հեղինակության վրա, այնպես որ երկու օր առաջ, երբ թռուցիկ արեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք չուզեց այն ձեռքն առնել, վախենալով, որ կթունավորվի։ Մի այսպիսի միջավայրում, որտեղ բոլոր մութ ուժերը լիգա են կազմել մեր դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ, մեր մղած բուռն պայքարը բոլորովին անպտուղ չմնաց։ Տեր Սահակը եկավ ինձ մոտ և Ռես Սերգոյի կողմից ու անունից ինձ հրավիրեց նրա տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ էին զգում, որ մենք որոշել էինք չընկրկել Ծապլվարի բուրժուա դասակարգի սադրանքների հանդեպ։

——————————————————————————————

Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին: Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մեր մոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնէ՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սևությունը։

Եվ Տեր Սահակ առաջարկեց որ բանակցությունը կատարվեր իր տանը մեջ, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։

— Կուսակցությունս չի ծռիր միջնադարյան կղերականության առջև,— եղավ իմ պատասխանս։

Պատկեր:Phanjuni pic 39.png

Հայտնեցի այդ տերտերին, որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար գնալ մի կեղտոտ բուրժուայի ոտքը, և եթե Ռես Սերգոն խնդիրներ ունի՝ կարող է գալ մեր կենտրոնատեղի։ Մեր բռնած այս կորովի դիրքը խորը տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակը մեկնեց և հետևյալ օրը լուր բերեց, թե Ռես Սերգոն չէր ուզում մեր մոտ գալ՝ չկամենալով դեմ առ դեմ գտնվել Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Տեսնու՞մ եք այդ ամբարտավան կապիտալիստի հոգու սևությունը։

Եվ Տեր Սահակը առաջարկեց, որ բանակցությունը կատարվի իր տանը, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։

— Կուսակցությունս չի ծռանա միջնադարյան կղերականության առջև, — եղավ պատասխանս։

——————————————————————————————

Բանակցությունները շարունակվեցան մի քանի օր և վերջապես որոշվեցավ որ տեսակցությունը տեղի ունենա չէզոք հողի վրա, Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբին մեջ։

Երեկ իրավարարական սույն ժողովը գումարվեցավ վերոհիշյալ քլուպը։    

Րես Սերգո շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ առաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա պուրժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։

Պատկեր:Phanjuni pic 62.png

Բանակցությունները շարունակվեցին մի քանի օր և վերջապես որոշվեց, որ տեսակցությունը տեղի կունենա չեզոք հողի վրա՝ Քոմրաշ գյուղի «Կարլ Մարքս» ակումբում։

Երեկ իրավարարական սույն ժողովին գումարվեց վերոհիշյալ ակումբը։

Ռես Սերգոն շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ առաջարկեց, որ ես լինեմ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա բուրժուազիական մի կեղտոտ հնարք էր ինձ կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացրեցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։

——————————————————————————————

Դպրոցի համար շինության վրա եղող եկեղեցիի կից շենքը փլցնել և մի նոր շենք շինել չեզոք հողի վրա, զերծ միջնադարյան ազդեցութենե։    

Ուսուցչի ընտրությունը հանձնել իմ կազմած ուսանողական միության։    

Ընդունիլ խառն դասարաններու դրությունը։    

Պարտավորիչ ընել ընկերվարական ուսուցումը։    

Ջնջել կրոնագիտությունը։    

Պաշտոնապես ճանչնալ ուսանողական միությունն և վավերացնել զայն։    

Կը տեսնեք թե որքա՜ն մեղմ էին մեր կողմե եղած պահանջմունքները, սակայն Րես Սերգո և Տեր Սահակ մերժեցին համաձայնիլ։    

Խրամատը վերջնականապես բացված է մեր միջև։    

Կը սպասեմ վճռական դեպքերու։    

Կարլ Մարքս կլուբը իր քարտուղարի միջոցով իր համակրանքը հայտնեց մեր պաշտպանած դատին: Դա մի շատ սրտապնդիչ երևույթ է:    

Խնդրեմ փող ուղարկեք:

Պատկեր:Phanjuni pic 40.png

Դպրոցի շինության համար եկեղեցուն կից շենքը քանդել և մի նոր շենք շինել չեզոք հողի վրա՝ զերծ միջնադարյան ազդեցությունից։

Ուսուցչի ընտրությունը հանձնել իմ կազմած ուսանողական միությանը։

Ընդունել խառը դասարանների դրությունը։

Պարտավորիչ դարձնել ընկերվարական ուսուցումը։

Ջնջել կրոնագիտությունը։

Պաշտոնապես ճանաչել ուսանողական միությունն և վավերացնել այն։

Տեսնում եք, թե որքա՜ն մեղմ էին մեր կողմի եղած պահանջումները, սակայն Ռես Սերգոն և Տեր Սահակը մերժեցին համաձայնել։

Խրամատը վերջնականապես բացված է մեր միջև։

Սպասում եմ վճռական դեպքերի։

«Կարլ Մարքս» ակումբը իր քարտուղարի միջոցով իր համակրանքը հայտնեց մեր պաշտպանած դատին։ Դա մի շատ սրտապնդիչ երևույթ է։

Խնդրեմ փող ուղարկեք։

Պատկեր:Phanjuni pic 65.png