Արցախի հարցով կարգավորման 7 տարբերակները

1990-ականների վերջից մինչև 2020-ի պատերազմը, բանակցային սեղանին դրվել են յոթ հիմնական տարբերակներ, որոնք ընդունված է համարել՝

  • Փաթեթային (1997թ․)
  • Փուլային (1997թ․)
  • Ընդհանուր պետություն (1998թ․)
  • Քի Ուեսթյան (2001թ․)
  • Մադրիդյան սկզբունքներ (2007թ․)
  • Կազանյան պլան (2011թ․)
  • Լավրովի պլան (2015թ․)

Ի՞նչ էին նախատեսում այս տարբերակները Արցախի կարգավիճակի վերաբերյալ։

Ընդհանուր պետության գաղափարը

Փաթեթային և փուլային տարբերակները մերժելուց հետո, կարգավորման հաջորդ պլանը ընդհանուր պետության գաղափարն էր։ Այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկեցին 1998-ի նոյեմբերին՝ Ռուսաստանի արտգործ նախարար Եվգենի Պրիմակովի ակտիվ ջանքերով։ Այդ տարբերակի ողջ իմաստն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է կազմեին ընդհանուր պետություն։ Ի տարբերություն փաթեթային ձևակերպման, թե “Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում”, ընդհանուր պետության տարբերակում Ղարաբաղի կարգավիճակի մասին ասվում էր․ “Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմում է «Ընդհանուր պետություն»՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ընդհանուր պետություն կազմելով Ադրբեջանի հետ, Ղարաբաղը միաժամանակ ունենալու էր՝

  • Սեփական սահմանադրությունը
  • Կառավարման մարմինները
  • Դրոշը
  • Զինանշանը
  • Օրհներգը

Հայերենը լինելու էր հիմնական, պաշտոնական լեզուն, երկրորդ պաշտոնական լեզուն լինելու էր ադրբեջաներենը։ Ստեփանակերտը իրավունք էր ստանալու մասնակցել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, բայց միայն իր շահերի մասով։ Աշխարհի հետ ուղիղ կապն էլ միայն մշակույթի, գիտության, սպորտի կամ առևտրի ոլորտներում էր լինելու, քաղաքական հարցերում՝ բացառապես Ադրբեջանի միջնորդությամբ։ Ինչ վերաբերվում է անվտանգությանը, Ղարաբաղը պետք է ունենար կամավորության սկզբունքով ձևավորված անվտանգության և ոստիկանական ուժեր, որոնք չէին կարող գործել Ղարաբաղից դուրս։ Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չէին ունենա մտնել Ղարաբաղի տարածք՝ առանց Արցախի իշխանությունների համաձայնության։

Այս տարբերակով Արցախը մի կողմից, կարծես, ոչ թե Ադրբեջանի կազմում էր, այլ նրա հետ հավասար դիրքերից ընդհանուր պետություն էր ստեղծում, բայց մյուս կողմից ընդհանուր այդ պետությունը կոչվելու էր Ադրբեջան, արցախցիներն էլ ադրբեջանական անձնագրեր էին ստանալու՝ «Լեռնային Ղարաբաղ» նշումով։

Ինչպես նախորդ տարբերակներում, այս մեկում ևս հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Լեռնային Ղարաբաղից, հարակից շրջաններից, բացառությամբ՝ Լաչինից։ Փաստաթղթում առանձին կետով նշվում էր, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Շուշի, հայ փախստականները՝ Շահումյան։ Ադրբեջանը ընդհանուր պետության գաղափարը մերժում է։ Հեյդար Ալիևը 2001 թվականի փետրվարին խորհրդարանում այդ տարբերակի մասին ասում է հետևյալը․

“Ադրբեջանում մի ասացվածք կա՝ սա ավելի սև է, քան սևը։ Համեմատած նախկին առաջարկների հետ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին։ Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել։ Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի։”

Հայաստանն ու Ղարաբաղը լուրջ վերապահումներով ընդունում են միջնորդների առաջարկած ընդհանուր պետության տարբերակը՝ որպես բանակցությունների հիմք, թերևս Հայաստանի նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի 2012 թվականի հոդվածից բացի, այդ տարբերակը Հայաստանի համար ևս ընդունելի չէր։

“Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել փաստաթղթի առնչությամբ, երբ Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այն, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել։ Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաև հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից։” — ասում էր նախկին արտգործ նախարարը։

Ինչպես նշում է հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում, գործնականում, թեև առաջարկը «ընդհանուր պետություն» էր կոչվում, սակայն Ղարաբաղը ունենալու էր միայն բարձր ինքնավարություն, այն ինչ նաև առաջարկվում էր նախկինում։

“Ըստ էության, դրանք՝ Ղարաբաղը և Ադրբեջանը, այդ շրջանակում ունենում էին տարբեր ստատուսներ, բոլոր հոդվածները դա էին ենթադրում։ Ղարաբաղը ունենում է ներկայացուցչություններ, մշակութային և այլն և այլն, իսկ որտեղ քաղաքական բաներ կան, նրանց Ղարաբաղի ներկայացուցիչը կարող է ընդգրկվել, ասենք, այդ երկրի դեսպանատանը՝ որպես Ադրբեջանի քաղդիվանագետ աշխատելիս։ Դա չէր կոչվում «Ղարաբաղա-ադրբեջանական հանրապետություն», դա կոչվում էր «Ադրբեջան», Չեխոսլովակիա չէր, Յուգոսլովիա չէր։ Այսինքն, ըստ էության, դա բարձր մակարդակի ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում։ Այսինքն, դա նույնն էր, ինչ որ մեզ առաջարկում էին Լիսաբոնում։” — ասում էր առաջին նախագահը հարցազրույցի ժամանակ։

Սա, ի դեպ, վերջին փաստաթուղթն էր, որում Ղարաբաղը նշվում էր որպես կարգավորման կողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողքին, որտեղ երեքն էլ կարող էին ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Հաջորդ բոլոր տարբերակներում արդեն միայն Երևանն ու Բաքուն կլինեն, իսկ Ստեփանակերտը պայմանավորվողների շարքում չի հիշատակվի։

Քի Ուեսթի տարբերակը

Թե ի՞նչ փաստաթուղթ է եղել բանակցությունների սեղանին ամերիկյան Քի Ուեսթում, դեռ գաղտնազերծված չէ։ Քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններից միայն կարելի է ենթադրել, ինչ առաջարկներ են քննարկվել «ընդհանուր պետության» գաղափարը մերժելուց հետո՝ 1999-2001 թվականներին։ Ըստ Ղարաբաղի հարցն ուսումնասիրող լրագրող Թաթուլ Հակոբյանի “2000-ականների կեսերին հնարավորություն է ունեցել տեսնել Քի Ուեսթի փաստաթուղթը։ Ղարաբաղը Լաչինի միջանցքով պետք է միացվեր Հայաստանին, իսկ Ադրբեջանը Մեղրիի միջանցքով՝ Նախիջևանին։

“Ես միայն կարող եմ ասել, որ 2005 կամ 2006 թվականին որպես լրագրող հնարավորություն եմ ունեցել արտգործնախարարությունում, այն ժամանակ փոխարտգործ նախարարը Վարդան Օսկանյանն էր, շատ կարճ ժամանակահատվածում կարդալ մի փաստաթուղթ, որի անունն է «Քի-Ուեսթյան» փաստաթուղթ (այն մինչև այսօր չի հրապարակվել մամուլում)։ Համաձայն այդ տարբերակի՝ Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, և դրա փոխարեն Ադրբեջանը Մեղրիի միջանցքով միանում էր Նախիջևանին։ Այստեղ ես ուզում ես նշել հստակ մեկ բան․ երբ խոսք էր գնում Ադրբեջանից Նախիջևան Մեղրու վրայով տարածքի մասին, օգտագործված էր հետևյալ ձևակերպումը՝ «Sovereign Passage», որն թարգմանաբար նշանակում է «սուվերեն միջանցք»։ — ասում էր լրագրողը։

Բայց այս միջանցքի մասին քաղաքական գործիչների հայտարարությունները շատ հակասական են։ Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, նշում է, որ «Քի Ուեսթ»-ի տարբերակը վերաբերել է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելուն, այսինքն Ղարաբաղը՝ Լաչինով միանում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը Մեղրիով՝ Նախիջևանին։

“Մնում էր միայն Լաչինի միջանցքը, իսկ դրա դիմաց էլ Հայաստանը Ադրբեջանին էր զիջելու Մեղրու շրջանը ամբողջությամբ։ Այսինքն Ադրբեջանը Մեղրու շրջանով ունենում էր լիակատար կապ Նախիջևանի հետ։ Նորությու՞ն է Ձեզ համար։ Ամբողջ շրջանը՝ տարածքը հանձնվելու էր։” — ասում էր նախագահը։

Այլ գործիչներ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը հայտարարում են, որ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու գաղափար եղել է, ոչ թե «Քի Ուեսթ»-ում, այլ ավելի վաղ։

“Այդպիսի բան չկա, չի եղել ու չի էլ կարող լինել։ Ընդամենը, երևի թե դուք էլ կհիշեք, 90-ական թվականներից Կոպլի այսպիսի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին։ Բայց ոչ սկզբնական, ոչ էլ հետո, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունն չէր կարող դրան լուրջ վերաբերվել։”

“Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից, ինքն էր այդ առաջարկը արել։ Բայց այդ առաջարկը որպես պաշտոնական առաջարկ չի դարձել, դե ուղղակի մեր պատասխանը եղել է հետևյալը․ «Իրանի հետ մեր սահմանը մենք չենք կարող կորցնել»։” — ասում էր ՀՀ երկրորդ նախագահը։

Իսկ «Քի Ուեսթ»-ում առաջարկվողը միայն սուվերեն ճանապարհ էր, գուցե էստակադայի տեսքով, որն էլ Ադրբեջանն է մերժել։

“Այնտեղ խոսքը գնում էր միայն ճանապարհի իրավունքի մասին և ի դեպ խոսքը գնում էր ավտոմոբիլային ճանապարհի մասին։ Դա էր։” — շարունակում էր երկրորդ նախագահը։

“Այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը՝ Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր։ Այսինքն՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեին մեկ պետություն՝ այսօրվա իմ գնահատմամբ, Ադրբեջանի տեսանկյունից ոչ այնքան համարժեք փոխանակման դիմաց․ Ադրբեջանն ընդամենը պետք է իրավունք ստանար Հայաստանի տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ։ Սա էր փաստաթղթի ամբողջ առանցքը։” — ասում էր նախկին արտգործ նախարարը։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ 1999-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանը իրեն ներկայացրել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու առաջարկը։

“Հուլիս ամսին, մենք հանդիպում ենք Սադարակում, Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը, և այնտեղ այդ հարցը քննարկվում է։ Որից հետո, Քոչարյանը ինձ հրավիրում է իր աշխատասենյակ, որտեղ ներկայացնում է այդ տարբերակը և ներկայացնում է, որ դա դրական տարբերակ է և այն կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին բնական է, ես առարկություններ եմ ունեցել։” — ասում էր ՊՆ նախկին նախարարը։

Բրիտանական «The Economist» պարբերականը «Քի Ուեսթ»-ում եղած տարբերակի մասին 2001 թվականին գրում էր հետևյալը․

“Հնարավոր համաձայնությունն արդեն ուրվագծվում է։ Հայերը պետք է Ադրբեջանին տան 7 շրջաններից 6-ը։ Լեռնային Ղարաբաղին և Լաչինի միջանցքին կտրվի ինքնավար կարգավիճակ։ Ադրբեջանը կփոխհատուցվի միջազգայնորեն պահպանվող ճանապարհ ստանալով, որով կկապվի Նախիջևանի հետ։”

Վարդան Օսկանյանն այդ հոդվածին անդրադառնալով Արման Աբրահամյանի հետ զրույցում, այդպես էլ չի հայտնում, թե Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին են բանակցում, բայց ասում է, եթե այն գոհացնի Հայաստանին՝ Ադրբեջանին ճանապարհը կտրվի։

“Գիտեք, սա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան, միայն կասեմ այն, ինչ ասացի մի քիչ առաջ։ Լաչինը և Ղարաբաղը կունենան նույն կարգավիճակը, ինչ որ կունենա Լաչինը նույն կարգավիճակը, ինչ կունենա Ղարաբաղը։ Իսկ ինչ կարգավիճակ կունենա Ղարաբաղը, ահավասիկ այստեղ կգա դիվանագիտության գաղտնիության հարցը և ես այդ հարցին չէի պատասխանի։” — ասում էր նախկին արտգործ նախարարը։

Վարդան Օսկանյանի «Քի Ուեսթ»-ում համաձայնությունը շատ մոտ էր, բայց Ալիևը հետ է կանգնում նաև այդ տարբերակն ընդունելուց։ 1991-2001 թվականների գործընթացը, նախորդներից տարբերվում էր նրանով, որ դա ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր կազմակերպել։ Մինսկի խմբում գործընթացին զուգահեռ, Քոչարյանն ու Հեյդար Ալիևը երկկողմ հանդիպումներ էին ունենում, օրինակ Փարիզում՝ նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ, կամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ «Քի Ուեսթ»-ի հանդիպումը նախաձեռնել էր ամերիկյան կողմը։

“Ադրբեջանի նախագահ, Հայաստանի նախագահ և հարգելի համանախագահներ։ Ես եկել եմ կառուցողական աշխատելու կարգավորման շուրջ և այսքանով ես եզրափակում եմ իմ ելույթը։” — ասում էր երկրորդ նախագահը։

Բանակցություններ առանց Արցախի

Քոչարյան-Ալիև երկկողմ հանդիպումներից և «Քի Ուեսթ»-յան բանակցություններից սկսած, Ղարաբաղը որպես բանակցող կողմ, դուրս է մնում բանակցային գործընթացից։ Կարգավորման այդ տարբերակը քննարկում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Երևանն ու Ստեփանակերտը միասին սկսում է ներկայացնել մեկ մարդ՝ նախկինում Ղարաբաղի, իսկ բանակցությունների ընթացքում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը։

“Ո՛չ բոլոր կողմերի փոխպայմանավորվածություն կար, ո՛չ էլ ԵԱՀԿ որոշում՝ ձևաչափը մինչև Հայաստան-Ադրբեջան նեղացնելու մասին։ Այն առաջացավ դե ֆակտո՝ ինչպես որոշ իրողություն։ Ըստ էության, սա Բաքվի խորամանկությունների, Երևանի անուշադիր վերահսկողության, միջնորդների բացթողումների արգասիքն էր։” — ասում էր նախկին համանախագահ Կազիմիրովը։

Հոկտեմբերի 27-ի դերը

Ուշագրավ է, որ 1999 թվականի հոկտեմբերին, երբ հայր Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը հենց Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակն էին քննարկում, Երևանում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Ահաբեկչական գործողությամբ սպանվեց 8 հոգի, այդ թվում Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Քաղաքական գործիչներից շատերը հոկտեմբերի 27-ը հենց Ղարաբաղյան խնդրի հետ են կապում։

“Ես հիմա կհրապարակեմ 10 տարի թաքցրած, այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ես այդ փաստաթղթից կկարդամ ընդամենը երկու հոդված։

  • Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո (սա լավ հոդվածն է), նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը։
  • Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո, Մեղրիի շրջանը` 1988 թվականի սահմաններով, փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը։

Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ, և մենք մեր մեծագույն պատիվը պետք է մատուցենք այդ երկու հոգուն։ Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այս ծրագիրը և դրա համար նրա գինը իրենց կյանքն էր, որոնք իրենք էլ վճարեցին։” — ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

“Անվտանգության խորհդրի նիստում այդ հարցը նույնիսկ չի քննարկվել։ Մարդիկ փորձում են կապել դա հոկտեմբերի 27-ի հետ։ Նրանք կտրուկ դե՞մ էին և դրանից հետո անհասկանալի կերպով եղավ հոկտեմբերի 27-ը։ Եթե իրենք դեմ էին, թվում էր, թե իրենց սպանելուց հետո այդ առաջարկը պետք է ․․․, բայց ընդհանրապես այդ առաջարկը կորավ։ Որևէ տրամաբանություն այդ մեղադրանքների մեջ ուղղակի չկա։” — ասում էր Ռոբերտ Քոչարյանը։

“Ես նաև ասել եմ, ինչու՞ ահաբեկիչները որոշեցին սպանել Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, երբ բանակցողը Ռոբերտ Քոչարյանն էր։ Էստեղից էլ է պատասխանը գալիս, որովհետև Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին” — ասում էր Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Հետագայում արդեն բանակցությունների ընթացքում, միջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացնում են Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա ուրվագծվում է կարգավորումը։

Նյութը՝ այստեղ