Այսօրը ճամբարի առաջին օրն էր։ Դե արդեն հասկանալի է, որ առաջին օրը շատ բուռն աշխատանք չէինք կատարելու, այլ դրա փոխարեն ծանոթանալու ենք, ավելի լավ էինք ճանաչելու իրար և քննարկելու էինք մեր հետագա անելիքները։ Այս օրվա յուրահատկությունն այն է, որ սովորողները իրար տեսնելիս գրկախառնվում են, շնորհավորում տոների առթիվ և այդպես ճանապարհում են իրենց անցկացրած միայնակ օրերը։

Ժամը 9-9.20 մենք՝ մեր խմբով, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին՝ մարմարյա սրահում։ Հերթական անգամ հրապուրվեցինք հայկական ավանդական ու ժողովրդական պարերի ու երգերի հնչեղությամբ և իհարկե հարգանքի տուրք մատուցեցինք մեր մաթեմատիկայի ուսուցչին՝ Թաթուլ Շահնազարյանին, ով, ցավոք սրտի, վերջերս էր մահացել ծանր հիվանդությունից։ Ընդհանուր պարապմունքից հետո, մենք վերադարձանք մեր դասասենյակ, որտեղ և քննարկեցինք մեր հետագա անելիքները։

Քննարկումից հետո, մենք մեր առջև դրեցինք բազում կարևոր ու նշանակալից խնդիրներ, որոնց մեջ են մտնում՝

  • Դիջիթեք 2023-ի մեր մասնակցությունը
  • Բնագիտատեխնիկական ստուգատեսի մասնակցությունը
  • Պարերի ու մարմնամարզական ստուգատեսների մեր մասնակցությունը
  • Բնագիտական խաղերի ստեղծումը
  • Ջոկատային աշխատանքների, նախագծերի կատարումը

Խնդիրները շատ են, սակայն միահամուռ ուժերով այն կարելի է հաղթահարել։ Նաև՝ որպես հավելում, մենք մասնակցելու ենք ճանապարհորդությունների, ինչպես օրինակ դեպի սահադաշտ, Լեռնանիստ, նաև քննարկման ու նախագծի մշակման փուլում է «Դեպի Գյումրի» ճամփորդությունը։ Մենք՝ մեր «Նախասիրությունների բացահայտում» նախագծի մասնակից-անդամներով, քանի որ ոչ պատահականության սկզբունքով հայտնվել ենք նույն ջոկատում, սա նշանակում է, որ ջոկատի ազատ ժամանակը մեզ համար աշխատանքային ալտերնատիվ հարթակ է, որտեղ մենք կարող ենք քննարկել նաև մեր այդ նախագիծը։ Մեր հետագա անելիքները քննարկելուց և ծրագիրն ըմբռնելուց հետո, մենք կատարեցինք հետաքրքիր մի աշխատանք, որն մեզ առաջարկեց մեր քիմիայի ուսուցչուհին։ Քանի, որ մեր ծրագրում ներառված են բնագիտատեխնիկական առարկաները, ինչպես օրինակ, քիմիան, ֆիզիկան կամ էլ աստղագիտությունը, այդ իսկ պատճառով մեր աշխատանքը կազմված էր հենց այդ ոլորտների մասին հարցերով։ Հարցերը բարդ չէին, սակայն պահանջում էին տրամաբանություն։ Այդ աշխատանքն էլ կատարելուց հետո, մենք պարզապես զբոսնեցինք, քննարկեցինք նախագծերը և այդպես անկացրեցինք այս յուրահատուկ օրը։

Մի խոսքով՝ մեր ջոկատը հագեցած է տարատեսակ հետաքրքիր ու զվարճալի նախագծերով, այդ իսկ պատճառով մենք մեծ եռանդով ու հաճույքով այս մի քանի շաբաթվա ընթացքում կվերջացնենք դրանք։ Ուստի մեզ սպասվում է հետաքրքիր, զվարճալի ու եռանդով լի մի ճամբար։